Հոգեհանգստեան Արարողութիւն` Իրան-Իրաք Պատերազմի Հայ Նահատակների Հոգու Համար

Թւականիս, ուրբաթ հոկտեմբերի 2-ին առաւօտեան, Սուրբ և Անմահ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Իրանում սրբազան պաշտմանութեան շաբաթւայ առիթով և Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգու խաղաղութեան համար:  Կրօնական արարողութիւնը նախագահում էր Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:  Արարողութեանը ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ազգային մարմինների ներկայացուցիչները և նահատակների ընտանիքները:

Հոգեհանգստեան արարողութիւնից առաջ՝ Սրբազան Հայրը, քարոզի ընթացքին բացատրեց հոգեհանգստեան արարողութեան իմաստը նշելով՝ «Հոգեհանգստեան արարողութիւնը իր քրիստոնէական, կրօնական իմաստով նշանակում է աղօթել, նշանակում է խնդրել Աստծուց որպէսզի միգուցէ ինքն իր հայրական անհուն սիրով մեր ննջեցեալներին ողորմի և նրանց դասի իր ժառանգակիցների դասին»:  Աւելացնելով՝ «ամէն անգամ երբ հոգեհանգստեան արարողութիւն ենք կատարում Աստւածաշնչական հասկացողութեամբ մենք խնդրամատոյց ենք լինում առ Աստւած, մեր ննջեցեալների նկատմամբ Իր որղորմածութեան, արդարադատութեան, Իր սիրոյ և Իր ունեցած նախանձախնդրութեան համար»:

Սրբազան Առաջնորդը անդրադառնալով Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին հայ զինւորների սխրագործութիւններին, ասաց.«Այսօր երբ աղօթք ենք մատուցանում, մեր երկրի համար նահատակւած մեր զինւորների հոգիների խաղաղութեան համար, խորքում հաւատում ենք, որ նրանք որպէս սեփականութիւն ազգին, ժողովրդին, կազմում են նաև փառքը և պատիւը՝ քրոստոնէական եկեղեցուն և իբրև այդպիսին, մենք Աստծուն փառք ենք տալիս որ ունեցել ենք նման նահատակներ:  Մեր ժողովուրդը, նահատակութիւնը նւիրական պարտականութիւն է համարել, այդ պատճառով էլ եկեղեցու հայրերից մէկն ասել է թէ՝ նահատակների արիւնը՝ եկեղեցու սերմն է, եկեղեցին աճեցնող իրականութիւնը»:   Յետոյ աւելացրեց՝ «...այդ նահատակութեան արդիւնքն է այսօր, որ Իրանն ամբողջ շրջանի երկրների շարքում իր ինքնուրոյն կարևոր դերն և դերակատարութիւնն ունեցել է և ունի, դառնալով տարածաշրջանի ամենից կարևոր երկիրը, որի դերակատարութիւնը խաղաղութեան հաստատման, արդարութեան իրականացման գործում մեծապէս կարևորւում է: Հետևաբար, մենք մեր նահատակներով հպարտանում ենք և Աստծուն փառք ենք տալիս այս բոլորի համար»:

Սրբազան Հայրը անդրադառնալով Սաուդական Արաբիայի մէջ, ուխտագնացութեան ընթացքին տեղի ունեցած աղետալի արկածին, ասաց.՝«զոհ դարձած հազարաւոր մարդկանց մէջ կային նաև հարիւրաւոր իրանցի անմեղ ուխտաւորներ, մենք այս տխուր առիթով մի կողմից մեր զօրակցութիւնն ու աղօթակցութիւնը յայտնեցինք երկրի հոգևոր առաջնորդին, յատուկ ցաւակցական նամակ ուղարկելով իրեն և միևնոյն ժամանակ մեր զօրակցութիւնն ու դատապարտութիւնը Սաուդական Արաբիոյ իշխանութեան, որի անզգուշութեան և անխոհեմութեան հետևանքով տեղի ունեցաւ այս աղետը»:

Քարոզի վերջում, Առաջնորդ Սրբազանը շեշտեց. «Այս մտածումներով է, որ աղօթում ենք մեր նահատակների հոգիների խաղաղութեան համար:  Աղօթենք աշխարհի խաղաղութեան համար, աղօթենք Իրանի ժողովրդին և Իրանի ղեկավարութեան մտքի պայծառութեան, քաջութեան և ինչու չէ նաև մտքի լուսաւորութեան համար, որպէզի կարողանան մեր ժողովուրդն առաջնորդւել խաղաղութեամբ և արդարութեամբ յանուն աւելի փայլուն ապագայի»:

Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ, Ազգային Առաջնորդարանը, Թեմիս առաջնորդի գլխաւորութեամբ՝ հոգեճաշ էր կազմակերպել, Հայ Ուսումնասիրաց Չհարմահալ Միութեան, Յովհաննէս Թումանեան սրահում, որտեղ հրաւիրւած էին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների և անձնուրացների ընտանիքների անդամները:

Միջոցառման սկզբին, ներկայացւեցին Թ. Հ. Թեմի «Պարտադրւած Պատերազմի Իրանահայ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախումբ»-ի անդամները, ապա կարճ բացատրութիւններ տրւեցին յանձնախմբի կատարւած և կատարւելիք աշխատանքների մասին:

Ապա, Սրբազան Հայրը արտայայտւեց, շեշտելով նահատակների և անձնուրացների կարևորութեան դերը իրանահայութեան կեանքում: