Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետի տեղակալին այցելեց Ազգային Առաջնորդարան

Չորեքշաբթի յունւարի 6-ի կէսօրին, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետի տեղակալ՝ ճարտգ. Մանի Ջաըֆարիանը, շրջանի հասարակական ու մշակութային հարցերով տեղակալ՝ ճարտգ. Դանէշւարիի, քաղաքապետի խորհրդական եւ հասարակութեան հետ կապերի հարցերով տեղակալ՝ Մոհամմէդ Հոսէյն Փանահիի, շրջանի 1-ին բաժնի քաղաքապետ՝ Հոսէյն Զաֆարիի, հասարակութեան հետ կապերի հարցերով բաժնի տեղակալ՝ Նաւիդ Սալահիի, «Վալի-է-ասր» և «Էնղելաբ» քաղաքամասերի խորհուրդների քարտուղար՝ Քազէմ Խադեմիի եւ քաղաքապետի խորհրդական ու անձուրացների հարցերով տեղակալ՝ Մոհսէն Քարբալայիի ընկերակցութեամբ այցելելով Ս. Սարգիս մայր եկեղեցի, հայ հայրենակիցներին շնորհաւորեց Ամանորի և Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ:

Ջաըֆարիանն ակնարկելով իսլամի ու քրիստոնէութեան ընդհանրութիւններին, ասաց. «Իսլամի ու քրիստոնէութեան միջեւ բազմաթիւ ընդհանրութիւններ գոյութիւն ունեն, որոնցից գլխաւորը միաստւածապաշտութիւնն է: Այդ պատճառով էլ քրիստոնեայ քաղաքացիների և միւս հայրենակիցների միջև սերտ կապեր գոյութիւն ունեն»:

Նա ակնարկելով Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի ծրագրերին քրիստոնեայ հայրենակիցերի համագործակցութեանն ու համախոհութեանն ասաց, որ ամէն տարի քրիստոնեաները մեծ ընդառաջում են ցուցաբերում պատերազմի ճակատներ շրջայցի մեկնող «Լոյսի կարաւան» ծրագրին:

«Թւով ամենաշատ եկեղեցիները գտնւում են քաղաքապետարանի 6-րդ շրջանում, այդ պատճառով էլ ամէն տարի յիշեալ եկեղեցիների պատասխանատուների կողմից բազմաթիւ դիմումներ են ներկայացւում 6-րդ շրջանի քաղաքապետարանին և կենտրոնացւած, այդ թւում դպրոցների ու կրօնական վայրերի համար նախատեսւած բիւջէներից գումարներ են յատկացւում եկեղեցիների վերանորոգման գործին»,-ընդգծեց Ջաըֆարիանը:

Հանդիպման ժամանակ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր հերթին շնորհակալութիւն յայտնելով պատւիրակութեան այցի կապակցութեամբ բոլոր իրանցիներին բարիքներով լեցուն ու պատերազմից զերծ տարի ցանկացաւ: