Եռօրեայ Ուխտագնացութիւն՝ Ս. Գէորգ Եկեղեցու Անւանակոչութեան Տօնի Առթիւ

Այս տարի ևս ըստ աւանդութեան, Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և եկեղեցական արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, սեպտեմբերի 24, 25 և 26-ին:

Ուխտատեղին ողողւել էր բազմահարիւր ուխտաւորներով, որոնք եկել էին իրենց քրիստոնէական պարտականութիւնը կատարելու սրբի հանդէպ, ինչպէս նաև հաղորդւելու աստւածային ներկայութեան և մասնակից դառնալու օրւայ խորհրդին:

Հինգշաբթի Առաջնորդ Սրբազանը քարոզեց, իսկ ուրբաթ երեկոյեան, քարոզեց Առաջնորդական փոխնորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Շաբաթ առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Իր խօսքերի սկզբում, Առաջնորդ Սրբազանը իր խոր գնահատանքը և օրհնութիւնը յայտնեց մեր եկեղեցիների և յուշարձանների պահպանման յանձնախմբի բոլոր անդամներին և եկեղեցու խորհրդին, որոնք նախանձախնդրօրէն և բծախնդրօրէն անցեալ ամիսների ընթացքին հետևեցին և հսկեցին վերանորոգութիւններին, « և ահաւասիկ այսօր եկեղեցին արդէն պայծառացած և կերպարանափոխւած մեզ ընդունում է իր մէջ» ասաց Սրբազան Հայրը: 

Իր քարոզի ընթացքին, Սրբազան Հայրը շեշտեց՝ «... ներշնչող իրականութիւն է, երբ մէկը իր շրջապատի մէջ լինում է լոյս և լուսաւորում է իր շրջապատը:  Մեր քրիստոնէական կրօնի ուսուցումը, այդ լոյսը մեզ յիշեցնողը և առաջ դնողը՝ նոյն ինքը՝ Քրիստոսն է»:  Նա շարունակելով, ասաց.՝ «... բոլոր նրանք, ովքեր ընդունեցին և հաւատացին Նրան, իրենք էլ եղան իրենց շրջապատի մէջ ուխտի և լոյսի զաւակներ:  Քրիստոսի անմիջական հետևողները` առաքեալները, աշակերտներն ու հաւատացեալ ժողովուրդը, Յիսուսի կեանքի օրինակին հետևելով, եղան նոյն ուխտի զաւակները:  Ահա այդպիսին եղան մեր եկեղեցւոյ սրբերը, և այդ սրբերի խմբին պատկանող անձնաւորութիւններից է՝ Ս. Գէորգ Զօրավարը»: 

Սրբազան Հայրը շարունակելով գովաբանելով մեր սրբերին, աւելացրեց՝ «Նրանք հաւատացած էին, որ կեանքը սկսւում է այս աշխարհով, բայց այս աշխարհի մէջ չի վերջանում, որովհետև հաւատացած էին , թէ ով Քրիստոսին հաւատում է, թէպէտ և մեռնի՝ կապրի, որովհետև հաւատքը հոգեկան այն ուժն է, ստեղծագործող և արարող այն զօրութիւնն է, որ մարդուն ինքնաբերաբար առաջնորդում է դէպի յաւերժութիւն»: 

Պատարագի աւարտին Ս. Գէորգի մասունքը կրող արծաթեայ աջով և18 Յուլիսին Լիբանանում - Պրիքֆայա Մ.Տ.Կ.Կ. «Սուրբ Աստւածածին» Վանքում օրհնւած նոր Միւռոնի հեղումով՝ կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը: Որից յետոյ, հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին և օրհնւած ջուրն առնելով՝ խաղաղութեամբ մեկնեցին իրենց տները: