Գրական Հանդիպում 3

Թւականիս դեկտեմբերի 8-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի առաջարկով կայացաւ գրողների եւ մտաւորական խաւի հերթական 53-րդ հանդիպումը ՝ Թ. Հ. Թ.-ի ազգային առաջնորդարանի դահլիճում:

Հանդիպման առաջին բաժնում Ռուբէն Աւագեանը, բացատրութիւններ տւեց Մեծ Եղեռնի օրերին արեւմտահայութեան ամենանշանաւոր հերոսամարտերից՝ Վան-Վասպուրականի, պատմական դրւագների մասին: Վանի վիլայէթի մի շարք բնակավայրերում հայերի նկատմամբ բռնարարքները 1915 թ. գարնանը վերածւեցին բացայայտ ջարդերի, որոնք իրականացւում էին Վանի նահանգապետ Ջեւդէթ բէյի անմիջական ղեկավարութեամբ: Վան քաղաքի հայկական թաղամասի դէմ նա կենտրոնացրել էր 12000 զինւոր, որոնց միացան թուրքական ու քրդական աւազակախմբերը: Վանի հայերը կենտրոնացել էին Այգեստան եւ Քաղաքամէջ թաղամասերում: Նրանք ունէին ընդամենը 1500 հրացան եւ ատրճանակ, Այգեստանի զինւորական մարմնի ղեկավարը Արմենակ Եկարեանն էր, իսկ Քաղաքամէջինը՝ Հայկակ Կոսոյեանը: Կարեւոր ղեկավարութիւն ունէր Արամ Մանուկեանը: Վանեցիները յաջողութեամբ դիմագրաւում են թշնամու գրոհները: Մարտերին մասնակցում էին նոյնիսկ աղջիկներն ու պատանիները: 19-ամեայ Իսկուհի Համբարձումեանը ցուցաբերած խիզախութեան համար պարգեւատրւեց «Պատւոյ խաչ» մեդալով: Տղաները կապի դեր էին կատարում դիրքերի եւ զինւորական մարմնի միջեւ: Անհրաժեշտութեան դէպքում մարտիկներին էին հասցնում զինամթերք:

Ինքնապաշտպանութիւնը տեւեց 1915 թ. ապրիլի 7-ից մայիսի 6-ը, երբ օգնութեան հասան հայ կամաւորներն ու ռուսական բանակը: Մայիսի 7-ին ստեղծւեց Վասպուրականի ժամանակաւոր վարչութիւն. նահանգապետ նշանակւեց Արամ Մանուկեանը:

Յաղթանակով աւարտւեցին Վանի նահանգի այլ վայրերում (Շատախում՝ ապրիլի 1-ից մայիսի 14-ը, Գաւաշում՝ ապրիլի 3-ից մայիսի 11-ը, Փեսանդաշտում՝ ապրիլի 14-ից մայիսի 10-ը եւ այլուր) տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերը: Շուրջ 200,000 հայեր Վասպուրականում փրկւեցին թուրքական կոտորածներից:

Հանդիպման երկրորդ բաժնում Ռուբէն Աւագեանը ներկաներին պատմեց ԹիՖլիս կատարած իր ուղեւորութեան եւ ստացած տպաւորութիւնների մասին, մասնաւորապէս ԹիՖլիսի հայ համայնքից:

Գրական յաջորդ հանդիպումը կայանալու է յունւարի 18-ին, երեկոյեան ժամը 7-ին: