Սուրբ Սարգիս Եկեղեցի

Սուրբ Սարգիս եկեղեցին Թեհրանի հայ համայնքի մայր եկեղեցին է: Այն կառուցւել է Վազգէն եւ Գուրգէն Սարգսեան եղբայրների նիւթական միջոցներով իրենց ծնողների յիշատակին, եւ ճարտարապետ Աֆթանդիլեանի նախագծով: Եկեղեցու եւ նրան կից առաջնորդարանի շէնքի կառուցումը աւարտին է հասել 1970 թւականին եւ օծւել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Խորէն Առաջինի ձեռամբ 1973 թւականի Ապրիլի 29-ին:

Եկեղեցին կառուցւած է համեմատաբար ոչ շատ բարձր պատւանդանի վրայ, որի արեւմտեան կողմում, գլխաւոր մուտքի առջեւ աստիճաններ են տեղադրւած: Եկեղեցու յատակագիծը ներսից եւ դրսից բազիլիկաձեւ է, այսինքն՝ քառանկիւն է եւ ձգւում է արեւելքից արեւմուտք: Մեծ լուսամուտներով գմբեթը գտնւում է աղօթասրահի վերեւում: Եկեղեցու արեւմտեան կողմում, գլխաւոր մուտքի երկու կողմերում գտնւում են զանգակատան երկու գմբեթաձեւ աշտարակները: Բացի գլխաւոր մուտքից, եկեղեցին ունի եւս երկու մուտք՝ հիւսիսային եւ հարաւային կողմերում, զանգակատան աշտարակների նեքեւում: Խորանի երկու կողմում առկայ են երկու աւանդատներ: Խորանի վերեւի պատերը ծածկւած են Աւետարանից ներշնչւած պատկերներով: Գլխաւոր մուտքի վերեւում կառուցւած է պատշգամբ՝ երգչախմբի համար:

Եկեղեցին սկզբում յենւած է եղել միայն պատերի վրայ եւ յենասիւներ չի ունեցել, սակայն առաստաղի նստւածքի եւ գմբեթի փլուզման վտանգից ելնելով, հետագային գմբեթի ծանրութեանը դիմանալու նպատակով, չորս յենասիւներ են կառուցւել :

Եկեղեցու շրջափակում գտնւում են հետեւեալ յուշարձանները եւ շինութիւնները՝

1- Մեծ Եղեռնի յուշակոթողը, նւիրւած թրքական պետութան կազմակերպած հայոց ցեղասպանութեան 1,5 միլիոն զոհերի յիշատակին: Յուշակոթողի բացումը կատարւեց 1973 թւականին Խորէն Առաջին կաթողիկոսի միջոցով:

2- Յուշակոթողին կից՝ Արտակ արքեպիսկոպոս Մանուկեանի շիրիմը:

3- Վերջին տարիներին կառուցւած գրադարան-գրախանութի շէնքը, նւիրւած Արփիկ Բարխուդարեան-Մանասերեանի յիշատակին, նրա ընտանիքի կողմից:

4- 1967 թւականին Մարտիկ Յարութիւնեանի նւիրատւութեամբ կառուցւած յուշաղբիւրը իր մօր՝ Վարիա Յարութիւնեանի յիշատակին:

5- Առաջնորդարանի շէնքը, որը գտնւում է բակի հարաւային կողմում: Առաջնորդարանը տնօրինում է հայ համայնքի բոլոր գործերը Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի վերահսկողութեան ներքոյ:

Սուրբ Սարգիս եկեղեցին սկսեալ 1970 թւականից, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան թեմի առաջնորդանիստ եկեղեցին է: Մինչ այդ, թեմի առաջնորդանիստ եկեղեցին եղել է Ս. Աստւածածին եկեղեցին:

Եկեղեցու հասցէն է՝ Քարիմ Խան Զանդ եւ Օսթադ Նեջաթօլլահի (նախկին Վիլա) պողոտաների խաչմերուկ