Թւականիս նոյեմբերի 10-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի առաջարկով կայացաւ գրողների եւ մտաւորական խաւի հերթական 52-րդ հանդիպումը ՝ Թ. Հ. Թ.-ի ազգային առաջնորդարանի դահլիճում:
Հանդիպման թեմա էր ընտրւած արեւմտահայ բանաստեղծ, գրող, բժիշկ, վարժարանի տնօրէն՝ Ռուբեն Սեւակը (բուն անունով՝ Ռուբեն Չիլինկիրեան), ում կենսագրականին անդրադարձաւ Էդւարդ Յարութիւնեանը:
Ռուբեն Սեւակը ծնւել է Կ. Պոլսում 1885 թ.-ին: Սովորել է տեղի Պերպերեան վարժարանում: Գիտութեան նկատմամբ սէրը նրան տանում է Շւէյցարիա, որտեղ եւ բժշկական կրթութիւն է ստանում Լոզանի համալսարանի բժշկական Ֆակուլտետում (1905-11 թ.թ.): Ռ. Սեւակը 1910 թ.-ին Փարիզում ամուսնանում է անւանի գերմանացի ընտանիքներից մէկի դստեր՝ Եաննի Ապէլի հետ: Նրանց սիրոյ արգասիքն են դառնում որդին՝ Լեւոնը եւ դուստր՝ Շամիրամը: 1914-ին ընտանեօք վերադառնում են Կ. Պոլիս եւ բնակւում Բերա թաղամասում:
Ռ. Սեւակը եղել է Հ.Յ.Դ-եան անդամ: Նրա ստեղծագործութիւնները լոյս են տեսել Կ. Պոլսի «Սուրհանդակ», «Ազատամարդ», նաեւ Վենետիկի Մխիթարեանների «Գեղունի», «Բազմավէպ» եւ այլ պարբերականներում: Նա երազում էր Կ. Պոլսում հիմնել գիտահանրամատչելի պարբերական:
Ռ. Սեւակը գրել է յօդւածներ, պատմւածքներ, բանաստեղծութիւններ՝ «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», 1910 թ.-ին «Կարմիր գիրքը» ժողովածուն, իսկ մահից առաջ նպատակադրել էր լոյս ընծայել՝ «Վերջին հայերը», «Քաոս» եւ «Սիրոյ գիրքը» ստեղծագործութիւնները:
Ռ. Սեւակի գրական ժառանգութիւնը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի՝ անձնական, ազգային յեղափոխական, ըմբոստութեան եւ վրիժառութեան ապրումներով գրւած ստեղծագործութիւններ:
Աւելի ուշ, բանաստեղծի մահից յետոյ, 1955 թ.-ին եւ 1985 թ.-ին տպագրւում է նրա երկերի ժողովածուն:
1915 թ. իր ճիրանների մէջ է առնում նաեւ Ռ. Սեւակին: Նա որպէս բժիշկ լինելով զինւորական ծառայութեան մէջ, ձեռբակալւում է եւ բանտարկւում Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորւում Չանղըրը: 1915 թ. օգոստոսի 12-ին իր գրած նամակում Ռ. Սեւակը կնոջը յայտնում է թէ Դանիէլ Վարուժանի, Սիամանթոյի եւ այլ նշանաւոր դէմքերի հետ գտնւում են Այաշի բանտում:
Մահւանից առաջ 30 ամեայ բժշկին առիթ է տրւում, կրօնափոխ դառնալու դէպքում զերծ մնալ մահավճռից, սակայն Ռ. Սեւակը որպէս հաւատաւոր քրիստոնեայ, արժանաւոր հայրենասէր եւ հայ ընտանիքի պատւաւոր, հոգատար հայր, մերժում է թուրք դահճի առաջարկը եւ նահատակւում է քարերի ու եաթաղանի անխնայ հարւածների ներքոյ…
Նրա ստեղծագործութիւններից յիշենք՝ «Այս դանակը», «Թրուպադուրներ», «Փողոց աւլողը», «Մարդերգութիւն» պոէմաները:
Հանդիպման երկրորդ բաժնում Էդւարդ Յարութիւնեանը, նաեւ ներկաներն ընթերցեցին Ռ. Սեւակի նամակներից, բանաստեղծութիւններից: Իսկ վերջում Սրբազան հայրն ընթերցեց բանաստեղծի «Բժիշկին գրքեն փրծւած էջեր» գրքից ընտրւած յուզումնառատ հատւածներ:
Գրական յաջորդ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 1-ին, երեկոյեան ժամը 7-ին: