Անցնող տարւանից սկսեալ գեղեցիկ փորձառութեան լոյսի տակ, ամառային եղանակի կարճ դադարից յետոյ, ուրբաթ նոյեմբերի 6-ին վեսկսւեցին ամենամսեայ ուրբաթ երեկոների պատարագները երիտասարդ-երիտասարդուհիների մասնակցութեան ի խնդիր:
Այս առիթով, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ Ս. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսէսեանը: Արարողութեան նախագահեց և յաւուր պատշաճի քարոզեց՝ առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
Արարողութեանը բաւականին քաջալերիչ թւով երիտասարդ-երիտասարդուհիների կողքին ներկայ էին նաև Զէյթուն քաղաքամասի ժողովուրդից հաւատացեալներ: Սրբազան Հայրը
իր քարոզում, օրւայ աստւածաշնչական բնաբանից ելնելով խօսեց ճշմարիտ հաւատքի ներգործութեան մասին, ինչպէս նաև իւրաքանչիւր հաւատացեալի Քրիստոսի անձին և կենդանի խօսքին նկատմամբ ունեցած ներքին համոզումին, վստահութեան և մօտեցումի մասին, և թէ ինչպէս դրանցով է պայանաւորւած իւրաքանչիւրի հոգեմտաւոր եւ առօրեայ կեանքի զարգացումը, յաջողութիւնն ու կատարելութեան բարձրացումը, որպէս աստւածային օրհնութիւններն ստացող եւ տւեալ խոստումները լիիրաւ վայելող:
Պատարագից յետոյ եկեղեցու սրահում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու եկեղեցական խորհրդի կողմից ինչպէս նաև մէկ ժամ տևողութեամբ Սրբազան Հայրը խօսք առնելով անդրադարձաւ ներկայ մեր կեանքը յուզող հարցերի մասին ինչը վերաբերում է անհատ, ընտանիք, եկեղեցի և ընկերութիւն ներքին փոխ-յարաբերութեան և գոյակցութեան: Ընթացքին պատասխանեց նաև որոշ հարցադրումների: