
Այս տարի ևս ըստ աւանդութեան, Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և եկեղեցական արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, սեպտեմբերի 22, 23 և 24-ին:

Ուխտատեղին ողողւել էր բազմահարիւր ուխտաւորներով, որոնք եկել էին իրենց քրիստոնէական պարտականութիւնը կատարելու սրբի հանդէպ, ինչպէս նաև հաղորդւելու աստւածային ներկայութեան և մասնակից դառնալու օրւայ խորհրդին:

Հինգշաբթի և ուրբաթ երեկոյեան, կատարւեց հսկումի արարողութիւն: Արարողութիւնը նախագահեց Առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը և զոյգ օրերին էլ յաւուր պատշաճի քարոզեց:

Շաբաթ առաւօտեան ժամերգութեան աւարտին, նախ գինով և ջրով լւացւեց ու սրբւեց եկեղեցու նորակառոյց խորանը և ապա ձեռամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կատարւեց նրա օծումը Ս. Միւռոնով, համաձայն մեր եկեղեցւոյ ծիսակարգին:

Իր քարոզի սկզբում, առաջնորդ Սրբազան Հայրը շեշտեց՝ «Այսօր մենք այստեղ ենք եկել, որպէսզի մեր գոհութիւնն ու փառքը յայտնենք ամենակալ Աստծուն, որի օրհնութեամբ մենք կարողացանք վերանորոգել այս եկեղեցին: Նաև միասնաբար աղօթելու և խնդրելու Ս. Գէորգ Զօրավարի բարեխօսութիւնը իւրաքանչիւրիս, մեր եկեղեցու և մեր ժողովրդի համար, և ձեզ համար, որ այսպէս խուռներամ եկել էք ուխտագնացութեան»:
Սրբազան Հայրը շարունակելով գովաբանել մեր սրբերին, աւելացրեց՝ «Քրիստոսի եկեղեցու առաջին դարերի հաւատացեալները, սրբերը, իրենց ողջ կեանքն անց կացրին տառապանքի, հալածանքի և չարչարանքի մէջ: Քրիստոսի եկեղեցու այդպիսի սրբերից է եղել Ս. Գէորգ Զօրավարը, որ ընդհանրապէս ամենաժողովրդական սրբերից մէկն է: Սուրբերը կազմում են անխորտակելի սիւները եկեղեցու, իսկ ժողովրդի համար նրանք լուսատու աստղեր են, որոնք լուսաւորում և առաջնորդում են հաւատացեալներին դէպի քրիստոս, որով և յաւիտենական կեանք»:
Ապա աւելացրեց՝ «Այնպէս ինչպէս մենք, հայերս ունենք Ս. Գրիգոր Լուսաւորիչը և արար աշխարհը Հայաստանեաց եկեղեցին ճանաչում է որպէս Ս. Գրիգոր Լուսաւորչի բարեխօսութեամբ աճած եկեղեցի, նոյնպէս էլ Մեծն Բրիտանիայի ժողովուրդը Ս. Գէորգին ունի որպէս բարեխօս: Մեր ժողովրդի կեանքում էլ հարիւրաւոր եկեղեցիներ են կառուցւել Սրբի անունով »:
Առաջնորդ Սրբազանը խօսելով հաւատքի մասին ասաց՝ «Հաւատքն առանց գործի մեռած է: Հաւատքը մարդկային կեանքի մէջ իմաստաւորւում է երբ այն գործի է վերածւում: Ս. Գէորգ Զօրավարը հաւատաց Քրիստոսին և այդ հաւատքն իր համար միայն խօսք ու մտածմունք չէր: Այդ հաւատքի համար ինքը զոհւեց, հաւատալով, որ իր նահատակութիւնը և արիւնը լինելու է սերմը եկեղեցու համար»:
Իր խօսքերի վերջում, Առաջնորդ Սրբազանը իր խոր գնահատանքը և օրհնութիւնը յայտնեց մեր եկեղեցիների պահպանման յանձնախմբի բոլոր անդամներին և եկեղեցու խորհրդին, որոնք մօտիկից հետևեցին եկեղեցու վերանորոգութիւններին:

Պատարագի աւարտին Ս. Գէորգի մասունքը կրող արծաթեայ աջով և Միւռոնի հեղումով՝ կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը: Որից յետոյ, հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին, օրհնւած ջուրն առան և վերանորոգւած իրենց քրիստոնէական հաւատքի մէջ, յագեցած և գոհունակ սրտով վերադարձան իրենց տները:
{gallery}201609/2016092601{/gallery}