«Ալիք» օրաթերթի 85-ամեակի առիթով Թեհրան ժամանած Հայաշխարհի զանգւածային լրատւամիջոցների խմբագիրները և լրագրողները երեքշաբթի սեպտեմբերի 13-ի երեկոյեան ներկայ գտնւեցին Թեհրանի հայոց թեմի Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Լրագրողները հանդիպեցին Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեան և Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանին: Հանդիպմանը ներկայ էին Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թ.Հ.Թ. Կրօնական և Թեմական խորհուրդների, «Ալիք» հաստատութեան, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդի, ազգային մարմինների ներկայացուցիչները:
Հանդիպման սկզբում թեմակալ առաջնորդը բացատրութիւններ փոխանցեց համայնքի ազգային կառոյցների եւ ծաւալւող աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ իրանահայ համայնքը, որպէս Իրանի ժողովրդի անբաժան մասը, միշտ իր ներդրումն է ունեցել Իրանի կեանքի բոլոր բնագաւառներում:
Ապա ներկաները հարցեր ուղղեցին Սրբազան հօրը, Իրանի Իսլամական Հանրապետութեան Խորհրդարանում Իրանահայութեան զոյգ պատգամաւորներին, իրանահայութեան կրօնական ու տնտեսական կեանքի և նրանց իրաւունքների մասին: Հարցերին հակիրճ եւ լուսաբանիչ պատասխաններով գոհացրեցին Սրբազան հայրը և պատգամաւորներ՝ պրն. Ժորժիկ Աբրահամեանը և դկտր. Կարէն Խանլարեանը:
Այնուհետև եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ տեղի ունեցաւ բարեխօսական աղօթք և ներկաները ծաղիկներ խոնարհեցին յուշարձանին՝ իրենց յարգանքի տուրքը մատուցելով Հայոց Ցեղասպանութեան զոհ գնացած մեր սրբազան նահատակների յիշատակին:
Վերջում ներկաները այցելեցին Սուրբ Սարգիս մայր եկեղեցին:
{gallery}201609/2016091402{/gallery}