×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201609/2016091301
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201609/2016091301

Խաչվերացի Տօնը Թեհրանում Եւ Անդաստանի Հանդիսաւոր Թափօրը

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին իր տօնացոյցում բովանդակւած հինգ մեծ Տաղաւար տօներից՝ Ս. Խաչափայտին առնչւած «Վերացման Սրբոյ Խաչի» տօնը հանդիսաւորապէս տօնախմբեց ամբողջ աշխարհով մէկ: 

Վերացման կամ Խաչվերացի տօնը Ս. Խաչին առնչւած չորս տօներից (Երեւումն Ս. Խաչի, Վերացման Սրբոյ խաչի, Վարագայ Ս. Խաչ եւ Գիւտ Խաչի) մին է, որ մեր եկեղեցին մեծ յարգանքով ու հաւատքի խոր գիտակցութեամբ տօնում է: Այս տարի էլ համաձայն եկեղեցական ծիսական տօնակարգին, կիրակի 11 սեպտեմբերի առաւօտեան Թեհրանի եկեղեցիներում տեղի ունեցաւ Վերացման Ս. Խաչի յիշատակին նւիրւած սուրբ եւ անմահ պատարագը: 

Առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում յընթացս սուրբ պատարագին յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգիսեանը: Առաջնորդ Սրբազան Հայրը օրւայ խորհուրդին պատմականութեան անդրադառնալուց յետոյ՝ վեր բերեց մարդկային փրկագործական աշխատանքի ընդհանուր շրջագծում սուրբ խաչափայտի ունեցած հոգեւոր ու աստւածային կենսական ու անդառնալի դերակատարութեան ու տեղին մասին, թէ ինչպէս Քրիստոսի, որպէս Աստծու անմեղ Գառան,  նրա վրայ կենդանի պատարագումից յետոյ, խաչափայտը իր վրայ հոսած ունենալով եւ իր մէջ ներծծելով մարդացեալ Աստւածորդու աստւածամարդկային արիւնը, անարգանքի, տանջանքի ու անէծքի գործիքի հանգամանքից լիովին եւ միանգամընդմիշտ վերափոխւելով՝ դարձաւ փրկութեան եւ յաղթանակի միակ նշանը, որի մասին Պօղոս առաքեալ բարձրաձայն արձագանգելով յայտարարում էր. «Գալով ինձ՝ քա՜ւ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի խաչից բացի, ուրիշ բանով պարծենամ...» (Գղ 6.14): Սրբազան Հայրը նաեւ իր քարոզում յիշեցրեց, թէ ինչպէս Հայ եկեղեցին ու հայ ժողովուրդը սկզբից քաջ իմանալով եւ խորապէս թափանցելով Քրիստոսի խաչափայտի փրկագործական խորհուրդի խորքը, իր աղօթքների, մաղթանքների ու շարականների ճամբով միշտ էլ երկիւղով ու յարգանքով փառաւորած, մեծարած ու պանծացրած է խաչի նշանը: Եւ դա օգտագործած է ո՛չ պարզապէս իբրեւ զարդեղէն իր կամ գործիք այլ ճշմարտապէս որպէս փրկութեան, յաղթանակի ու աստւածային զօրութեան խորհրդանիշ ու առարկայ, որի համար էլ այդ անունով (Ս. Խաչ կամ Ս. Նշան) նաեւ կառուցած ու կանգնած է բազում եկեղեցիներ, վանքեր, ուխտատեղիներ ու մատուռներ,  ինչպէս նաեւ բազում հայորդիներ էլ Մկրտարանի սուրբ աւազանում այդ անուններով (Խաչիկ, Խաչատուր, Խաչօ կամ Խեչօ եւ Նշան) են մկրտւել ու կոչւել:  

 

Անցնող 16 տարիների հաստատւած աւանդութեան համաձայն, նոյն օրը, երեկոյեան ժամը 4:30-ին, Արարատ Մարզաւանի «Ս. Խաչ» մատռան շրջափակում դարձեալ տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ նւիրւած՝ համայն մարդկութեան փրկիչ՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Խաչափայտին գերեվարութեան (7րդ դար) եւ հանդիսաւորապէս վերացման թափօրով այն վերստին Երուսաղէմ փոխադրելու ու վերականգնելու յիշատակին: Բազմահարիւր ուխտաւոր հաւատացեալների ներկայութեամբ սուրբ եւ անմահ պատարագը մատուցեց Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հոգեւոր հովիւներից՝ Արժ. Տ. Կոմիտաս Քհնյ. Ղարախանեանը:  

Պատարագին՝ Առաջնորդ Սրբազան Հօր կողքին ներկայ էին նաեւ առառջնորդական փոխանորդ Սրբազան հայրը, քահանայ հայրեր ու Թեմական Խորհրդի ներկայացուցիչ պրն. Մինաս Աղանեանը: Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ուխտաւորներին ուղղած իր քարոզում հրաւիրեց բոլորին, որ մակերեսային մօտեցումից շատ աւելի խորքային հասկացողութեամբ կառչեն ու հաւատքով իրենց կեանքերում մարմնաւորեն, արժեւորեն ու ապրեն խաչի խորհուրդը: Նա շեշտելով ասաց. «Մեզանից դէն շպրտենք ամէն տեսակ ատելութիւն, հակառակութիւն, թշնամանք, նախանձ, բամբասանք, անտարբերութիւն եւ թուլութիւն, եւ սկսենք իրողապէս խաչից շողարձակւող սիրոյ, ներողամտութեան, հանդուրժողութեան, մեղքից ու աշխարհասիրութիւնից ազատագրման, զօրութեան, զոհողութեան եւ ծով համբերատարութեան պատգամին ու հրաւէրին անկեղծ ընդառաջողները լինենք եւ դրանք մեր կեանքում կենդանիօրէն թարգմանողները հանդիսանանք»: Նա յիշեցրեց, որ մեր նախնիքների կեանքում այնքան զօրեղ արմատացած էր խաչի իմաստն ու զօրութիւնը, որ իբրեւ կենդանի վկայութիւն իրենց հաւատքին ու համոզումին, նրանք Հայաստան աշխարհը վերածեցին շնչող ու կենդանի խաչքարերի թանգարանի: Նա մեծապէս գնահատեց ներկայ ուխտաւոր հաւատացեալներին իրենց ներկայութեան եւ երկիւղալի մասնակցութեան եւ հետեւողութեան համար: Նա մեծ ուրախութեամբ, խանդավառութեամբ ու գնահատանքով անդրադարձաւ յառաջիկայ օրերին Թեհրանում եւ յատկապէս Մարզաւանում տեղի ունենալիք համահայկական խաղերի մասին ի ներկայութեան եւ մասնակցութեան արտասահմանից Թեհրան եկող հայ մամուլի ներկայացուցիչներին եւ Հայաստանի ազգային Օլիմպիական Կոմիտէի նախագահ՝ Պրն. Գագիկ Ծառուկեանի, ինչպէս նաեւ երկրի հանրապետութեան նախագահին ու բարձրաստիճան այրերին, Ալիք օրաթերթի 85 ամեակի առիթով Թեմում կատարւելիք ձեռնարկների մասին եւ յատկապէս Արարատ Մարզաւանում սկսւած նոր սրահների կառուցման առնչութեամբ, որի մասին Առաջնորդ Սրբազան Հայրը իր խօսքում, ասաց թէ «Արարատ Մարզաւանը մեզ համար Թեհրանում մի գեղեցիկ օվասիս է»: 

Հաւատացեալների Ս. Հաղորդութիւն ստանալուց յետոյ պատարագի աւարտին դարձեալ Ս. Խաչ մատռան շրջափակում տեղի ունեցաւ Խաչվերացի յատուկ հանդիսաւոր Անդաստան-թափօրը ու Ռեհանի օրհնութիւնը, հանդիսապետութեամբ՝ Առաջնորդ Սրբազան Հօրը: Եկեղեցական արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն Մարզավանի Ս. Խաչ մատռան խորհուրդի կողմից, որի ընթացքին ուխտաւոր հաւատացեալներ առիթ ունեցան մօտենալու Առաջնորդ Սրբազան Հօրը, համբուրելու նրա աջը, ստանալու նրա օրհնութիւնը եւ մտերմիկ խօսակցելու նրա հետ:

Արարողութիւնների աւարտին Առաջնորդ Սրբազան Հայրն ու առաջնորդական փոխանորդ Սրբազան հայրը այցելեցին մարզահամալիրում նոր կառուցւող մարզաւանի լրացուցիչ բաժինը եւ գոհունակութեամբ նկատեցին աշխատանքների բարւօք ընթացքը: Առաջնորդ Սրբազահ Հայրը իր գնահատանքը յայտնեց վարչութեան անդամներին եւ կատարեալ յաջողութիւն մաղթեց:

Թ.Հ.Թ. Կրօնական Խորհուրդ 

 {gallery}201609/2016091301{/gallery}