Գումարւեց Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի 22-րդ նիստը

Աւելի քան 30 պատգամաւորների մասնակցութեամբ երէկ՝ հոկտեմբերի 27-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի հերթական՝ 22-րդ նիստը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ նիստը մեկնարկւեց Տէրունական աղօթքով և «Զգործս ձեռաց մերոց» յաջողութեան մաղթանքով, որից յետոյ ժողովը վարեց ժողովի Ա. Ատենապետ՝ Գէորգ Վարդանեանը:

Ժողովի օրակարգը յագեցած էր 8 կէտերով: Ներկաների թւային պատկերի ստուգումից եւ նախորդ նիստերի արձանագրութիւնների մասին բացատրութիւններից յետոյ, օրակարգի 4-րդ գլխի տակ ժողովը ունկնդրեց Պատգամաւորական ժողովի յանձնաժողովների զեկոյցները, որոնցից զեկոյց ներկայացրեց՝ Հանրային-հասարակական յանձնաժողովից՝ Սեդա Թարվերդեանը:

Յաջորդ բաժնում, առիթ տրւեց 2 պատգամաւոների, իւրաքանչիւրը 5-րոպէների սահմանում ազատ ելոյթներ ունենալ: Համայնքի մշակութային հարցերի, երիտասարդների մօտ հայկական մշակոյթը զարգացնելու և միութիւնների ծաւալած աշխատանքների նաև այդ բնագաւառում ազգային գործադիր մարմինների առաքելութեան մասին արտայայտւեց՝ Արա Շահվերդեանը: Իսկ դկտր. Էլիպս Մասեհեանը ներկաների ուշադրութեանը յանձնեց հասարակական մի շարք հոռի և մտահոգիչ երևոյթներ:

Օրակարգի 5-րդ եւ 6-րդ կէտերի տակ Կրօնական եւ Թեմական խորհուրդները մանրամասն զեկուցեցին իրենց եռամսեայ կատարած եւ ընթացիկ աշխատանքների մասին:

Կրօնական խորհուրդը զանազան գլուխների տակ ամփոփեց տարբեր առիթներով իրականացւած կրօնական և ազգային արարողութիւնների, կատարւած զանազան ուխտագնացութիւնների, միջեկեղեցական և միջկրօնական աշխատանքների, հրատարակւած գրքերի ու պրակների, նաև երիտասարդական, ուսուցողական բնագաւառներում ծաւալած և ընթացիկ եռամսեայ աշխատանքները: Սոյն զեկոյցներն ընթերցեց Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի համապարփակ զեկոյցը ներկայացրեց՝ Հրայր Շահնազարեանը, անդրադառնալով Թեմական խորհուրդի,Կրթական խորհուրդի, և յարակից տարբեր մարմինների, ինչպէս Շինարարական ,Կարիքաւորներին Օժանդակող, Յարաբերական, Ա.Աւետիսեան Ազգ. Բուժարանի խնամակալ մարմինների, Գերեզմանատների վարչութիւնների, Ուսանողական ֆոնդի, Արտակ Մանուկեան թանգարանի, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի յանձնախմբի, Հայաստանի Համահայկական Խաղերի համար կեանքի կոչւած յանձնախմբի, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ զինւորների արժէքների պահպանման յանձնախմբի, Թեհրանի Հայոց Թեմին առընչող շրջանների կատարւած և ընթացիկ աշխատանքների մասին:

Զեկոյցից յետոյ, պատգամաւորներին երկու ցանկով հարցումների առիթ տրւեց, որոնց սպառիչ պատասխաններ տւեցին Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանն ու միւս անդամները:

Յաջորդ գլխի տակ, Հաշւեքննիչ մարմինը ժողովին յանձնեց իր եռամսեայ աշխատանքների զեկոյցը:

Ընդմիջումից յետոյ, ժողովն զբաղւեց վերջին օրակարգով և ժողովը վարեց ժողովի Բ. ատենապետ՝ Նորայր Արամեանը: Այս օրակարգով, ժողովն զբաղւեց Իրանում ՀՀ դեսպանատան նոր շէնքի կարգավիճակի շուրջ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նամակի քննարկումով, որի արդիւնքում, պատգամաւորական ժողովը միաձայնութեամբ որոշեց դեսպանատան ներկայի շէնքը, Վաչէ Յովսէփեանի համալիրով փոխարինելու հանգամանքի շուրջ կատարւի պարտն ու պատշաճը:

Ժողովին ներկայ էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դկտր. Կարէն Խանլարեանը:

Վերջում, եզրափակիչ խօսքով եւ յաջողութեան մաղթանքով արտայայտւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: