Թ.Հ.Թ. Ուսանողական ֆոնդը բաղկացած է Շահվերդեան, Պանիրեան, դոկտ. Հարմիկ Դաւթեան եւ Թ.Հ. թեմի Թեմական խորհրդի ներդրած գումարներից:
Հիմնադրամներ
Թեհրանի հայոց թեմի (Թ.Հ.Թ.) Ուսանողական ֆոնդը իր աշխատանքը սկսել է 1987 թ. մայիս ամսից, Վազգէն եւ Ֆլորա Շահվերդեանների միջոցով ներդրած գումարից, որի հասոյթից կամ տոկոսից իւրաքանչիւր տարի պիտի վճարւէր պայմանները լրացնող հայ կարիքաւոր ուսանողների համալսարանական կրթաթոշակը: Այդ հիման վրայ կազմւեց 10 կէտանոց մի կանոնագիր, որի հիման վրայ յանձնախումբը սկսեց նպաստ վճարել դիմորդներին:
Ժամանակի գումարի չորս տարւայ հասոյթը տրամադրւեց 7-15 հոգի այն ուսանողներին, որոնք լրացնում էին կանոնագրի պահանջները:
2005 թ. յունւարի 9-ին հիմնադրամին մաս կազմեց Սուրէն Պանիրեանի յատկացւած գումարը, որ ժամանակին տրամադրւեց երկու ուսանողների, որ սովորում էին Հայաստանում: Հարկ է նշել, որ նպաստների բաժանման, շուրջ տարեկան զեկոյց էր տրւում Շահվերդեան զոյգերին, որոնք արդէն բնակւում էին ԱՄՆ-ում եւ պրն. Պանիրեանը անձամբ հետեւում էր ընթացքին:
2009 թ. համալսարան մուտք գործած, դիմող ուսանողների թւի աւելանալու պատճառով, ժամանակի Թեմական խորհուրդը Խնամակալ մարմնի մտահոգութիւնը փարատելու նպատակով, մի շօշափելի գումար յատկացրեց ֆոնդին, նաեւ որոշեց իր ընդհանուր եկամուտի երկու տոկոսի չափով իւրաքանչիւր ամիս տրամադրի Խնամակալ մարմնին, որի արդիւնքում նպաստ ստացող ուսանողների թիւը հասաւ 70-80-ի: Դժբախտաբար երկրի տնտեսական դժւարութիւնների պատճառով 2% եկամուտի ժամկէտը տեւեց երկու տարի:
2013 թ. հիմնադրւեց դոկտ. Հարմիկ Դաւթեանի հիմնադրամը, որի այրի՝ տկն. Հռիփսիմէ Դաւթեանի միջոցով յատուկ գումար յատկացւեց գերլիսանս մակարդակում ուսանողներին օժանդակելու համար:
Խնամակալ մարմին
Հաստատւած կանոնագրի համաձայն՝ «Հիմնադրամի աշխատանքների ղեկավարման համար ժամանակի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւեց հինգ ազգայիններից բաղկացած մի Խնամակալ մարմին»:
Ֆոնդի տարիների աշխատանքի ընթացքում բազմաթիւ հայրենակիցներ իրենց հնարաւորութիւնների սահմաններում անվերապահօրէն օժանդակել են Խնամակալ մարմնին:
Մեր համայնքում գեղեցիկ աւանդոյթ է բարեգործական աշխատանքներում տարբեր կառոյցների փոխհամագործակցութիւնը, որի արդիւնքում հնարաւորութիւն է ստեղծւում աւելի շատ օգնութիւն ցուցաբերել: Այդ գործակցութեան ծիրում՝ 2013 թ. դեկտեմբերին «Ռոստոմ» երիտասարդական միութիւնը, իր 35-ամեակի առիթով կազմակերպած ազգային-յեղափոխական երգերի երեկոյի ամբողջ հասոյթը նւիրեց Ուսանողական ֆոնդին
2008 թ. ժամանակի Խնամակալ մարմինը, որոշեց ֆոնդի անունը փոխել եւ դարձնել Թ.Հ.Թ. Ուսանողական ֆոնդ, որտեղ ներառւեցին Շահվերդեան, Պանիրեան եւ դոկտ. Հարմիկ Դաւթեան անունները :
Ուսանողական ֆոնդի մարմինը իր երախտիքի խօսքն է ուղղում անցնող տարիների ընթացքում այս մարմնում աշխատած բոլոր անդամ-անդամուհիներին, մասնաւորաբար, մեր յարգանքի խօսքն ենք ուղղում ժամանակի Ուսանողական ֆոնդի ատենապետ հանգուցեալ դոկտ. Արամայիս Ներսիսեանի եւ ֆոնդի նիւթականի պատասխանատու նորոգ հանգուցեալ Գրիշ Մանուկեանի անմոռաց յիշատակին: