Զրոյց՝ Թեմական խորհրդի անդամ եւ Ուսանողական ֆոնդի կապ Արմէն Սիմոն Խաչիկ-ի հետ

Անցնող տարիներում միմեանց յաջորդող Թեմական խորհրդի կազմերը կարեւորելով հայ նոր սերնդի բարձրագոյն կրթութիւն ստանալու խնդիրը, փորձել են հնարաւոր բոլոր միջոցներով, ոչ-միայն քաջալերել՝ այլ նաեւ հովանաւորել եւ օժանդակել երիտասարդներին:

Այս ուղղութեամբ տարբեր առիթներով Թեմական խորհուրդը ամենայն բծախնդրութեամբ իր տեսադաշտում է պահել այս յոյժ կարեւոր հարցը եւ իր ողջ գործունէութեան ընթացքում ենթակայ մարմիններին յատուկ յանձնարարութիւններ տալով, բոլորի գործունէութեան առաջնահերթ հիմնահարցերից է համարել մեր երիտասարդութեան ուսման եւ գիտական զարգացման խնդիրը:

Այս ուղղութեամբ գործնական նշանակալից քայլերից մէկը Թեմական խորհրդի կողմից Ուսանողական ֆոնդի ստեղծումն էր, որը հիմնադրւել է «Շահվերդեան», «Պանիրեան» եւ «Դաւթեան» ֆոնդերի համատեղմամբ:

Երկրի տնտեսական իրավիճակի եւ ռիալի արժեզրկման հետեւանքով ստեղծւած իրավիճակում, Թեմական խորհուրդը եւս ներդրեց մի շօշափելի գումար այս ֆոնդին, որպէսզի հնարաւոր լինի աւելի մեծ թւով ուսանողների կրթաթոշակի գէթ մի մասը վճարել:

Թեմական խորհրդի նպատակն է որքան հնարաւոր է աւելի մեծ թւով ուսանողների հովանաւորել մեր Ուսանողական ֆոնդի միջոցով, եւ յոյս ունենք, որ սա մի քայլ կը լինի մեր երիտասարդութեանը առաւել մղելու դէպի ուսում եւ գիտութիւն: Մենք այսօր կարիք ունենք գիտութեամբ զինւած սերնդի, բարձրորակ մասնագէտների՝ տարբեր ոլորտներում: Ազգային մարմինները չեն խնայելու ոչինչ այդ նպատակին հասնելու համար: Յոյս ունենք մեր երիտասարդները եւս կարեւորելով արդի ժամանակների հրամայականը, քայլեն գիտութեան զարգացման ուղիով:

Առիթը պատեհ համարելով եւ յարգանքի տուրք մատուցելով մեր հանգուցեալ բարերարների բարի յիշատակին ու շնորհակալութիւն յայտնելով նրանց ընտանիքի անդամներին, ցանկանում եմ Թեմական խորհրդի գնահատանքի խօսքն ուղղել գործող Ուսանողական ֆոնդի կազմին եւ անցնող տարիներում կազմին անդամակցած բոլոր հայրենակիցներին, իրենց ազգանւէր գործունէութեան համար: