«ՍՊԱՍԱՐԿՈՒԹԵԱՆ ՍԵՂԱՆ» ԹԵՀՐԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ, ԿՈՒՍԱԿԱԼԻ ԵՒ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՄԲ

Սուրբ Ծննդեան տօնի առիթով՝ Թեհրանի նահանգապետ դոկտ. Ալիռեզա Ֆախարիի եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ՝ Թեհրանի 8-րդ քաղաքամասի քաղաքապետարանի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի, յունւարի 9-ի առաւօտեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից դահլիճում կազմակերպւել էր «Սպասարկութեան սեղան»:

Սկզբում եկեղեցում հիւրերին ողջոյնի խօսք փոխանցեցին եկեղեցու քահանաներ՝ Տ. Գրիգորիս Ներսիսեանը եւ Տ. Մեսրոպ Ռաթէոսեանը: Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ իր շնորհաւորանքները փոխանցեց Թեհրանի կուսակալ Ահմադ Ղոյումին: Ապա Թեհրանի նահանգապետը, ընկերակցութեամբ պատգամաւոր Արա Շահվերդեանի, պետական հիւրերի եւ քահանայ հայրերի ծաղիկ տեղադրեց եկեղեցու բակում տեղադրւած Հայոց Ցեղասպանութեան Բիւրաւոր նահատակների յուշարձանին, որից յետոյ ներկաները եկեղեցուն կից սրահ տեղափոխւեցին:

Սրահում ներկաներին ողջոյնի խօսք փոխանցելով պատգամաւոր Արա Շահվերդեանը անդրադարձաւ «Սպասարկութեան սեղան»-ների անհրաժեշտութեանը, որի ընթացքում ժողովուրդը առիթ է ունենում դէմ առ դէմ պատկան պատասխանատուներին ներկայացնել իր խնդիրները:

Միջոցառմանը գնահատագրեր յանձնւեցին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին հայ նահատակների ընտանեկան պարագաներին, եւ անձնուրացներին: Նաեւ յուշանւէրներ էին նկատի առնւել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ պատգամաւոր Արա Շահվերդեանի համար: Ապա ներկաները մօտենում էին տարբեր սեղանների մօտ հաստատւած պատասխանատուներին, արծարծելով իրենց խնդիրները: Ներկայ էին՝ ջրի եւ կոյուղու, էլեկտրաէներգիայի, գազի, Իմամ Խոմէյնիի անւան նպաստամատոյց կոմիտէի, ինքնութեան թղթերի գրանցման վարչութեան պատասխանատուները եւ 8-րդ շրջանի քաղաքապետ Ֆաթեմէ Թանհային եւ քաղաքապետարանի պաշտօնատարներ:

Միջոցառմանը ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, ազգային մամինների ու միութիւնների ներկայացուցիչներ, նահատակների ընտանեկան պարագաներ, անձնուրացներ եւ մեծ թւով հայրենակիցներ:

Լուրը՝ «Ալիք»-ից