Կիրակի, օգոստոսի 6-ին, 2023 թւականին, ազգային Առաջորդարանի դահլիճում, թումանեանական տարւայ շրջանակներում, Հայաստան մեկնող թւով 12 աշակերտներ՝ Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի, մեծանուն բանաստեղծի մահւան 100-ամեայ տարելիցին նւիրւած միջոցառումների պատասխանատու յանձնախմբի, փորձավար-մասնագետների եւ ծնողների ուղեկցութեամբ այցելեցին ազգային Առաջնորդարան, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի հետ հանդիպելու եւ Հայաստան մեկնելուց առաջ՝ նրա բարեմաղթանքներն ստանալու նպատակով:
Յանձնախմբի անդամ՝ Կարինէ Մանուչարեանի կողմից մանրամասնօրէն ներկայացւեց կատարւած ամբողջ աշխատանքի ընթացքը, (Լուրը տես՝ յուլիսի 30-ի Կրթական խորհրդի տելեգրամեան եւ ինստագրամեան ալիքներում, «Թումանեանական տարւայ շրջանակներում՝ այցելութիւն Հայաստան վերնագրի ներքոյ):
Փորձավարներ՝ Հրանուշ Սարգսեանը եւ Անի Զաքարեանը համառօտ, սակայն շատ տպաւորիչ ներկայացրեցին աշակերտների հետ իրականացրած երկամսեայ աշխատանքները Նշելով, որ բաւականին հետաքրքիր ժամանակ են անցկացրել եւ անհամբեր սպասում են ելոյթին, որը կունենան Հայաստանում:
Անթաքոյց ուրախութեամբ եւ մեծ ոգեւորութեամբ ներկայացան նաեւ աշակերտները, որոնք խմբի մէջ ընդգրկւել են տարբեր դպրոցներից:
Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն Ալֆրէդ Կարապետեանը հարկ համարեց նշել, որ նիթական հարցերը կարգաւորւել են Թեմական խորհրդի տրամադրած սուբսիդի, աշակերտների ծնողների եւ մի խումբ անհատների օժանդակութեամբ: Իսկ աշակերտներին ուղեկցելու են Կրթական խորհրդի կազմից 4 անդամները եւ երեք փորձավարները, ապահովելով աշակերտների հանգիստը:
Պրն. Արամեանը շնորհակալութիւն յայտնեց Կրթական խորհրդի կազմից, վեց ամիս առաջ աշխատանքը յղանալու, զարգացնելու եւ իր տրամաբանական աւարտին հասցնելու համար: Շնորհակալութիւն յայտնեց փորձավարներից, իրենց նւիրական եւ անշահախնդիր աշխատանքի համար:
Նշեց նաեւ, որ նմանատիպ ծրագրերն ու աշխատանքները շատ կարեւոր են, յատկապէս քովիդից յետոյ, որ բաւականին բաց էր նկատւում աշակերտութեան մօտ, եւ անհրաժեշտ է նմանատիպ առիթներ ստեղծել Հայաստան այցելելու, զարգացնելու համար իրենց լեզուն, գիտելիքները, որպէսզի յետագայում դառնան համայնքին արժանաւոր մարդիկ:
Նա յոյս յայտնեց, որ յետագայ Թեմական խորհուրդներն էլ կընդառաջեն նման ծրագրերը եւ աւելի կը զարգացնեն՝ աշակերտների թւի առումով այցելութիւնները դէպի Հայաստան, սուբսիդաւորելով նմանատիպ ծրագրերը: Նա անդրադարձաւ նաեւ Կրթական խորհրդի վերջին մէկ տարւայ որդեգրած աշխատանքային ձեւին, եւ կրկին յոյս յայտնեց, որ ապագայ կրթական խորհուրդները նաեւ կը շարունակեն նոյն քաղաքականութեամբ:
Նա աշակերտներին մաղթեց մէկշաբաթեայ հաճելի օրեր եւ ուրախ, զւարթ վերադարձ:
Յատկանշական է, որ յաձնախմբի անդամները Թումանեանի մահւան 100-ամեայ տարելիցին նւիրւած պատրաստել էին յուշանւէրներ, որոնցից մէկը յանձնեցին պրն. Արամեանին, որպէս Թեմական խորհրդի ատենապետ: Միւսը յանձնեցին պրն. Ալֆրէդ Կարապետեանին, որպէս Կրթական խորհրդի ատենապետ: Մէկ յուշանւէր յանձնել են Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին, կատարած օժանդակութիւնների համար:
Յուշանւէրներից մի օրինակ յանձնելու են Յովհաննէս Թումանեանի տուն թանգարանի տնօրէն՝ տկն. Անի Եղիազարեանին եւ նախատեսել են աշխատանքի աւարտին յուշանւէրներ յանձնել նաեւ սիրելի փորձավարներին:
Առիթը պատեհ համարելով, աշակերտների ծնողներն էլ իրենց երախտագիտութիւնը յայտնեցին Թեմական եւ Կրթական խորհուրդներին, անհատ բարերարներին, պատասխանատու յանձնախմբին եւ արհեստավարժ փորձավարներին աշակերտների համար այս բացառիկ առիթը ստեղծելու համար։
Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ