Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանահայ գրողների միութեան նախաձեռնութեամբ՝ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ ՆՒԻՐՒԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 108-ԱՄԵԱԿԻՆ

Իրանահայ Գրողների միութեան նախաձեռնութեամբ, ուրբաթ, 28 ապրիլ 2023 թւականին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, կազմակերպւել էր գրական միջոցառում նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակին: Ներկայացւում էր Վահագն Դաւթեանի «Բայց ծնւեցի» պոէմը:

Երեկոն բացւեց բանաստեղծի խօսքով՝
... Եւ իմ ծնունդն այս աշխարհում
Դժւար եղաւ անասելի,
Հրաշք եղաւ, հեքիաթ եղաւ, չհնարւած:
Մի սեւ ոճիր՝ մարդու կերպար ու տեսք առած
Ու ձեռքի մէջ առած ահեղ մի եաթաղան,
Բարձրացել էր, որ աշխարհում
Հայ մանուկներ աշխարհ չգան,
Բարձրացել էր, որ չծնւեմ,
Բայց ծնւեցի ...

Ապա, ծրագրի հաղորդավար՝ միութենական Աշխէն Եղիայեանը բանաստեղծի եւ ներկայացւելիք ստեղծագործութեան վերաբերեալ ամփոփ տեղեկութիւն փոխանցեց, ըստ որի՝ «Բայց ծնւեցի» պոէմում, բանաստեղծը նկարագրում է իր ծնողների ողբերգական կեանքը՝ Եղեռնի արհաւիրքում, երբ նրանք դեռեւս անչափահաս աղջիկ-տղայ՝ աղջիկն Արեւմտեան Հայաստանի Արաբկիր քաղաքից, տղան Կարնոյ դաշտի գիւղերից, փախուստի ու բռնագաղթի ընթացքին, դիպւածով յայտնւում են նոյն վայրում՝ Եփրատի ափին: Հետագայում, երբ անցնում է «մրրիկն արնոտ», Եղեռնից փրկւած այն աղջնակն ու պատանին հաստատւում են Արաբկիրում, ընտանիք կազմում եւ 1922 թւականին ծնւում է Վահագնը՝ ապագայ բանաստեղծ Վահագն Դաւթեանը: 1926-ին, ընտանիքը թողնում է հայրենի քաղաքն ու տուն-տեղը, անցնում է Ռուսաստան ու բնակւում Կրասնոդար քաղաքում: Իսկ 1932-ին, երբ Վահագնը 10 տարեկան է եղել, ընտանիքը հաստատւում է Հայաստանում՝ Երեւանի արւարձան՝ Նոր Արաբկիր աւանում, այսօրւայ Երեւանի Արաբկիր թաղամասում:

Մէջբերւեց Վահագն Դաւթեանի ինքնակենսագրականից հետեւեալ դրւագը.
«Կորուստների մի ծանր բեռով ես մտայ կեանքի ու գրականութեան մէջ: Կորցրել էի մարդու համար թերեւս ամենանւիրական արժէքը՝ ծննդավայրս, Եփրատի վտակներից մէկի՝ Ոսկեգետակի վրայ ծւարած Արաբկիր սքանչելի գիւղաքաղաքը»:
Պոէմը ներկայացրին միութենականներ՝ Իրինա Մանսուրեանն ու Լորետա Ղեւոնդեանը: Գեղարւեստական պատկերներով ներկայացւեց բանաստեղծի ծնողների բնաշխարհը՝ իրարից հեռու վայրերում գտնւող՝ Արաբկիր գիւղաքաղաքում եւ Կարնոյ դաշտում:

Նրանց մասամբ խաղաղ կեանքը փոթորկւում է աքսորի ու տեղահանման դաժան հրամանով: Աղջնակը՝ մօր հետ, մի կերպ խոյս է տալիս գազազած խուժանից ու փախչում՝ ընկնում սար ու ձոր: Պատանին տեղահանւածների շարքերում ահաւոր փորձանքների է ենթարկւում, վիրաւոր վիճակում ընկած է լինում Եփրատի ափին, երբ մայր ու աղջիկ տեսնում են նրան, օգնում են ու միասին շարունակում իրենց ծպտեալ թափառումները:

Ընթերցման ընթացքին, հաղորդավարը բացատրութիւններ տւեց պարզաբանման համար, կամ լրացնելու յապաււած մասերը:

Ապա, խօսքը տրւեց միութեան նախագահ՝ թարգմանիչ Գարուն Սարգսեանին: Նա թւարկեց Եղեռնի թեմայով գրւած արձակ ու չափածոյ գրականութեան բաւական մեծ ցանկ: Ակնարկեց վերջերս պարսկերէնի թարգմանւած՝ վարդապետ Գրիգորիս Բալաքեանի «Հայ Գողգոթան» գրքին, եւ Ստեփան Ալաջաջեանի «Եղէգները չխոնարհւեցին» վէպին, որը նոյնպէս թարգմանւել է պարսկերէնի: Այդ շարքից նաեւ նշեց Սերօ Խանզադեանի «Խօսէք Հայաստանի լեռներ», Պերճ Զէյթունցեանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» եւ «Վերջին արեւագալը» գրքերը, Հրաչեայ Քոչարի «Գեներալի քոյրը» եւ Ակսել Բակունցի «Լառ Մարգար» պատմւածքները եւ այլ գործեր: Իսկ չափածոյ բաժնում ակնարկեց Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատունը» եւ «Եռաձայն պատարագ» պոէմներին, Սիլւա Կապուտիկեանի «Մտորումներ ճանապարհի կէսին», Անդրանիկ Ծառուկեանի «Թուղթ առ Երեւան» եւ Յովհաննէս Շիրազի «Հայոց դանթէական» ստեղծագործութիւններին եւ այլ գործերին:

Կազմեց Էդւարդ Յարութիւնեանը

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ