ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Կիրակի, 30 ապրիլ 2023 թւականի երեկոյեան, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում Թեմական խորհրդի հրաւէրով եւ ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի հանդիպում կայացաւ Թեհրան ժամանած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի ղեկավար Իշխան Զաքարեանի եւ իրեն ընկերակցող պատւիրակութեան՝ գործկոմի անդամ Վրէժ Շարոյեանի (Սիրիայի ներկայացուցիչ) եւ կոմիտէի լրատւական ծառայութեան ղեկավար Աննա Վարդանեանի հետ:

Հանդիպման ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ եւ միաժամանակ Համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ՝ Հենրիկ Խալոյեանը, Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Համահայկական 8-րդ ամառային խաղերի Գործադիր յանձնախումբը եւ համայնքիս Մարզա-մշակութային միութիւնների ներկայացուցիչները:

Հանդիպման սկզբին պրն. Նորայր Արամեանը ողջունելով հիւրերի ներկայութիւնը, բարձր գնահատեց Համահայկական խաղերի կազմակերպման մտածումը եւ Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը նաեւ կարեւորեց համահայկական 8-րդ խաղերի դերը հայ երիտասարդների միասնականութեան ամրապնդման եւ սերտացման ուղղութեամբ:

Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանն անդրադառնալով այցի նպատակներին նշեց, որ Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէն այսպիսով փորձում է տարբեր համայնքներ կատարած այցերի միջոցով խթանել Սփիւռքի մասնակցութիւնը, ինչպէս նաեւ պատասխանել համայնքներին յուզող հարցերին:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապւած, ինչպէս նաեւ ֆինանսական հարցերին առնչւող եւ մի շարք այլ թեմաներ եւ յատկապէս, խաղերին Արցախի մասնակցութեան հարցը:

Յիշեցնենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ