ԹԵՀՐԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԷԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Կիրակի, ապրիլի 30-ին Թեհրան կատարած այցի շրջանակներում Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանն այցելեց Իրանի Օլիմպիական կոմիտէի նախագահի առաջին տեղակալ դոկտ. Մահին Ֆարհադիզադէին:

Այցի ընթացքում Իշխան Զաքարեանին ընկերակցում էր Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ, ՀՀ Համահայկական խաղերի Օլիմպիական կոմիտէում Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են համատեղ ծրագրերի եւ մարզական խմբերի փոխադարձ այցերի, ինչպէս նաեւ մարզական կապերի խորացման անհրաժեշտութեան մասին:

Իրանական կողմին հետաքրքրեց Հայաստանի Համահայկական խաղերի անցկացման գաղափարը, մրցութային մարզաձեւերը, ինչպէս նաեւ խաղերի անցկացման ընթացակարգի մասին հարցեր, որին պատասխանել է ՀՀ Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի նախագահը:

Հենրիկ Խալոյեանը Իրանի Օլիմպիական կոմիտէի փոխնախագահին է ներկայացրել իրանահայ թիմերի մասնակցութեան ձեւաչափը, որի ընթացքում բարձրաձայնել է նաեւ մասնակցելու հետ կապւած դժւարութիւնների, այդ թւում ծախսերի հետ կապւած խնդիրը:

Պրն. Խալոյեանը յաւելեց, որ նախորդ շրջաններում եւս ծախսերի հետ կապւած լուրջ խնդիրների առաջ էին կանգնած իրանական քաղաքները ներկայացնող բոլոր թիմերը, ինչը մասամբ պետական մարմինների տրամադրած միջոցներով փորձ արւեց թեթեւացնել այդ ծանր բեռը: Խալոյեանը նշեց, որ այս տարի եւս նման սպասելիք կայ, որով ակնկալւում է համապատասխան մարմինների, մասնաւորապէս, Օլիմպիական կոմիտէի աջակցութիւնը մասնակցութեան հետ կապւած խնդիրները լուծելու ուղղութեամբ:

Տկն. Ֆարհադիզադէն իր հերթին նշեց, որ խնդիրը նոյնութեամբ կը փոխանցի Կոմիտէի նախագահ դոկտ. Խոսրաւի Վաֆային եւ յաւելեց, որ անձամբ է հետամուտ լինելու հարցին:

Այցի ընթացքում Իշխան Զաքարեանին ընկերակցում էին Հմաշխարհային կոմիտէի գործադիր կոմիտէի անդամ Ֆրիջ Շարոյեանը եւ նոյն կոմիտէի մամլոյ հարցերով պատասխանատու Աննա Վարդանեանը:

Հանդիպման աւարտին կողմերը յուշանւէրներ փոխանակեցին, որից յետոյ հիւրերը շրջայց կատարեցին Օլիմպիական Կոմիտէի եռայարկ թանգարանում, ուր պահւում են մեծանուն Օլիմիպական չեմպիոնների մեդալները, յուշանւէրները, անձնական իրերը, եւ բացառիկ լուսանկարները: Թանգարանում կարելի է հանդիպել նաեւ թագաւորական ընտանիքի հնագոյն մեքենային ու քառաձի կարքին:

Հայաստանից Թեհրան ժամանած պատւիրակութիւնն այսօր հանդիպումներ է ունենալու Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, ապա Սրբազան Հօր հետ: Աւելի ուշ նախատեսւած է թեհրանահայ մարզական միութիւնների ներկայացուցչիների հետ հանդիպում՝ ազգային առաջնորդարանի նիստերի դահլիճում:

Լուրը՝ «Ալիքից»