ՆԻՆԱ ՄՈՎՍԻՍԵԱՆԻ ԱՆՒԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հինգշաբթի, ապրիլի 27-ի երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել ի յիշատակ՝ շնորհաշատ վաղամեռիկ երիտասարդ գեղանկարչուհի՝ Նինա Մովսիսեանի եւ նրա անւամբ բարեգործական հիմնադրամի պաշտօնական բացման արարողութեանը:

Հիմնադրամ, որը կեանքի է կոչւել արեան քաղցկեղի զոհ դարձած հանգուցեալի ծնողների միջոցով, օգնելու համար այդ հիւանդութեամբ տառապողներին եւ ի մասնաւորի մանուկներին:

«Արարատ» մարզաւանում բացօթեայ տարածքում կազմակերպւած պաշտօնական բացման հանդիսութիւնից յետոյ «Խաժակ Արզումանեան» սրահում կազմակերպւել էր Նինա Մովսիսեանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդէսը եւ վաճառքի էր հանւել նրա աշխատանքներից կազմւած գրքոյկը, որի հասոյթը նւիրւելու է իր ընտանիքի կողմից հիմնադրւած սոյն հիմնադրամին:

Պաշտօնական բացման արարողութիւնը զուգորդւած էր Նինայից տեսաֆիլմով, եւ արտայայտութիւններով, իսկ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի տիկին Մերի Աւագեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները եւ անշուշտ Նինա Մովսիսեանի ընտանիքն եւ համալսարանի դասախօսները, որոնց բանախօսութիւնները նաեւ թարգմանաբար ընթերցւեցին հայերէնով:

Լուրը՝ «Ալիք»-ից