ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԶԱԼԻԻ ՀՐԴԵՀԻՑ ՊԱՏՃԱՌՒԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Անզալիի Սուրբ Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող Հայոց ազգ. առաջնորդարանի շէնքում բռնկւած հրդեհից մօտ մէկ ամիս անց՝ հաշւի առնելով վերականգնողական աշխատանքների հրատապ անհրաժեշտութիւնը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հրաւէրով կայացաւ հանդիպում՝ հրդեհից պատճառւած վնասների վերականգնողական աշխատանքների գործընթացի արագացման օրակարգով:

Հանդիպումը, որին մասնակից էին Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանի իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ Անզալի Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան կողմից ներկայացւած ներկայացուցիչ՝ պրն. Իսակ Իւնանէսեանը տեղի ունեցաւ՝ հինգշաբթի, 27 ապրիլ 2023 թւականին, Պատգամաւորի գրասենեակում:

Նշելի է, որ դէպքին յաջորդող օրերին թէ՛ Խորհրդարանի Պատգամաւորի եւ թէ՛ Թեմակալ Առաջնորդի եւ Թեմական խորհրդի ներկայացուցչի դէպքի վայր կատարւած այցելութիւնների ընթացքում, տեղեկութիւններ են ստացւել պատճառւած վնասների չափի մասին եւ միաժամանակ տեղի են ունեցել հանդիպումներ՝ Անզալիի կուսակալի, քաղաքապետի, Մշակութային ժառանգութեան նախարարութեան Անզալիի վարչութեան գլխաւոր տնօրէնի տեղակալի, Իսլ. Խորհրդարանում Անզալիի Պատգամաւորի, դատախազի եւ մի քանի ապահովագրութեան կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 27-ին կայացած հանդիպման հիմնական օրակարգում, խորհրդակցւեց վերականգնողական աշխատանքների գործընթացին առնչւող հնչած առաջարկութիւնների վերաբերեալ եւ նկատի ունենալով շէնքի տանիքի ծանր վնասները, որոշւեց նախնական փուլում վերանորոգման աշխատանքը կենտրոնացնել այդ հատւածում, որը ապահովագրական հիմնարկի վերջնական գնահատումը եւ փոխհատուցումն ստանալով, հնարաւոր կը լինի իրականացնել եւ խանութներն օգտագործելի դարձնել:

Հարկ է նշել, որ ըստ փորձագիտական գնահատականի, ընդհանուր վնասը կազմում է շուրջ 110.-միլիարդ ռիալ, ինչը պահանջում է պետական բիւջէի յատկացում. ուստի Իսլ. Խորհրդարանի Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը՝ Մշակութային ժառանգութեան նախարարութեան ներկայացուցչի եւ Իսլ. Խորհրդարանում Անզալիի Պատգամաւորի հետ կաշխատեն պետական լրացուցիչ բիւջէի ապահովման գործընթացն արագացնել, իսկ միաժամանակ Թեմական խորհրդի միջոցով նաեւ քննարկւում են այն տարբերակները, որոնցով հնարաւոր լինի շինարարական աշխատանքներում ներդրում ունենալ, սակայն մինչ ֆինանսաւորում եւ վերանորոգման աշխատանքների իրականացում անհրաժեշտ կը լինի կայունացնել շէնքի կառուցւածքի անվտանգութիւնը՝ Ս. Աստւածածին եկեղեցուն կից դպրոցի եւ սրահի վնասւած տարբեր հատւածներում:

Հարկ է նշել, որ յառաջիկայ օրերի ընթացքին Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ պրն. Իսակ Իւնանէսեանի այցելութիւն կունենայ Անզալի շրջան:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ