ՎԱՐԴԱՆ ԴԵՒՐԻԿԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Խոր ցաւով եւ մեծ ափսոսանքով մամուլի եւ կայքէջեան լրատւական միջոցներից իմացայ Վարդան Դեւրիկեանի վաղահաս մահը, որ տեղի է ունեցել 13 Ապրիլին 59 տարեկանում։

Բազմահմուտ բանասէր, հայ հին գրականութեան սիրահար, հոգեւոր արժէքների խորապէս հաւատացող, հայ եկեղեցու խորհուրդով ապրող եւ եկեղեցու առաքելութեան հաւատացող եւ այդ ուղղութեամբ անխոնջ գիտաշխատող Վարդան Դեւրիկեան մարդը հաղորդական, անմիջականութեամբ ու անկեղծութեամբ յատկանշւած մտաւորական էր ու գիտաշխատող մարդ։

Գրասենեակիս առաջ նստած երբ փորձում եմ մի քանի տողով բնորոշել մեր սիրելի Վարդանին, այսպէս էի կոչում նրան, ամէն անգամ երբ հանդիպում էինք միմեանց Հայաստանում թէ արտասահմանում, ակամայ սիրտս փոթորկում է ու աչքերս խոնաււում են։

Իր մահով հայկական արդի բանասիրութիւնը մեծ կորուստ ունեցաւ։
1990-ական թւականներից ճանաչեցի Վարդանին եւ տարօրինակ՝ առաջին իսկ հանդիպումից փոխադարձ համակրանքով ու յարգալից զգացումներով կապւեցինք իրար հետ։ Ամէն անգամ երբ Հայաստան էի այցելում անպայման հանդիպում էինք միմեանց Ս. Էջմիածնում կամ իր գրասենեակ-աշխատանոցում, ուր գրքերի դիզերի մէջ խճողած աշխատում էր։

Անժամանակ մահդ սիրելի Վարդան քեզ ճանցողների սրտում խոր փոս բացեց։ Մարմնով գնացեր հող լինելու իսկ հոգիով՝ անմահների պանթէոնի բնակիչ եղար սիրելի Վարդան, որովհետեւ կեանքդ պատւանդանւած էր հայրերիդ անկոտրում հաւատքիդ ու ազգիդ, եկեղեցիդ, հայրենիքդ ու Արցախիդ նւիրւած նախանձախնդիր ու հայավայել կեցւածքիդ վրայ։

Հայրենասիրութիւնդ ցուցական չէր, այն ապրում էր եւ կեանքի ուղղի որ դրսեւորւում էր ամէն անգամ երբ հայրենիքդ վտանգի էր ենթարկւում։ Գրիչն ու զէնքը հաւասարապէս կեանքիդ մի մասնիկի վերածեր էիր սիրելի Վարդան։

Հանգչի՛ր խաղաղութեամբ վասնզի քու հաւատքով գործդ շարունակողները շատ են, որոնք այս պահին քու շիրիմիդ առջեւ ուխտում են հաւատարմութիւն՝ քու գրչով ու զէնքով թողած կտակին։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ