Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻՆ ՅԱՋՈՐԴՈՂ ՄԵՌԵԼՈՑԻ ՊԱՏԱՐԱԳ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԶՈՅԳ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ

Հայոց եկեղեցու հինգ տաղաւար տօներին յաջորդող օրերը եկեղեցու հայրերի կողմից տնօրինւել են որպէս յիշատակ ննջեցելոց եւ այդ օրը յատուկ պատարագի մատուցմամբ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում հանգուցեալների հոգիների հանգստեան համար:

Այդ առիթով, երկուշաբթի, 10 ապրիլ 2023 թւականին՝ Ս. Յարութեան տօնին յաջորդող Մեռելոցի օրը նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում իսկ Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռում Սուրբ Պատարագ մատուցւեց ձեռամբ Արժ. Ս. Յակոբ Քհնյ. Քեշիշեանի:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն հայ ազգի հին ու նոր ննջեցեալների եւ բոլոր նահատակների հոգիների խաղաղութեան համար։ Ս. Պատարագին եւ արարողութեանը ներկայ էր նաեւ Անթիլիասից քաղաքս հիւրաբար գտնւող Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեանը:

Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Սրբազան Հայրն իր ընկերակիցների հետ այցելեց նահատակների պանթէոն եւ Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերի դամբարանը, որտեղ եւս յատուկ աղօթք բարձրացրեց առ Աստւած նրանց հոգիների հանգստի եւ խաղաղութեան համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ