ՍՈՒՐԲ ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ՏՈՒԺԵԼ ՀՐԴԵՀԻՑ

«ԱԼԻՔ»-Անզալիի Սուրբ Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող Հայոց ազգ. Առաջնորդարանի շէնքում բռնկւած հրդեհի մասին ընթերցողը տեղեկացւել էր թերթիս թէժ գծի վրայ կատարւած տեղեկատւութեամբ: Եկեղեցին գրանցւած է Իրանի Ազգային մշակութային եւ հոգեւոր ժառանգութեան ցուցակում, իսկ յարակից տարածքը եւս, որը շուրջ 140 տարւայ անցեալ ունի, եւ կրում է նոյն շինարարական յատկանիշերը, եւ պատրաստւում էր գրանցւելու նոյն ցուցակում, հրդեհի հետեւանքով կրել է ծանր վնասներ:

«ԱԼԻՔ»-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին պատմելով Մշակութային ժառագութեան նախարարութեան Անզալիի շրջանի պետը յաւելեց, որ դէպքի վայր է ժամանել հրշէջների 2 մարտական հաշւարկ: Օգնութեան է կանչւել նաեւ հերթափոխից դուրս գտնւող անձանակազմը: Հրշէջների մի մասն էլ իմանալով իրավիճակի լրջութեան մասին, դէպքի վայր է շտապել տնից՝ քաղաքացիական հագուստով: Արդիւնքում յաջողւել է թոյլ չտալ հրդեհը տարածւի փայտէ կառուցւածքով շինութեան այլ հատւածներ, այդ թւում դպրոցի եւ եկեղեցու հատւած:

«Բարեբախտաբար, Սուրբ Աստւածածին եկեղեցին չի տուժել հրդեհից, սակայն հրդեհի հետեւանքով շէնքի տանիքը ծանր վնասներ է կրել, որի վերականգնման համար հարկաւոր է փորձագիտական լուրջ աշխատանք իրականցւի»,- յաւելեց նա: Նոյն կապակցութեամբ հինգշաբթի, ապրիլի 13-ին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ Իսակ Իւնանէսեանի ընկերակցութեամբ (Անզալիում ծնւած ու մեծացած) դէպքի վայր կատարած այցի ընթացքում ծանօթացել են շինութեանը պաճառւած վնասներին։

Տեղում դէպքի վայր են այցելել նաեւ Անզալիի քաղաքապետը, Անզալիի կուսակալը եւ Մշակութային ժառանգութեան նախարարութեան Անզալիի վարչութեան գլխաւոր տնօրէնը։ Վերջնիս ընկերակցում էր նաեւ Մշակութային ժառանգութեան նախարարութեան Ռաշտ քաղաքի տնօրէնի տեղակալը։

Անզալիի քաղաքապետը վստահեցրեց, որ վերականգնողական աշխատանքներին պատրաստ է աջակցելու քաղաքապետարանի տեխնիկական ողջ զինանոցով:

Անզալիի կուսակալը Արա Շահվերդեանի հետ հանդիպմանը արձանագրեց, որ պատմամշակութային արժէք ներկայացնող այս շէնքը, ոչ միայն Անզալիի հայկական համայնքի համար է կարեւոր, այլեւ Անզալիի եւ յարակից շրջանների ժողովրդին է յայտնի, որպէս քաղաքի պատմութիւնը իւրայատուկ դարձնող արժէք, առանց որի հնարաւոր չէ պատկերացնել Անզալիի ժամանակակից պատմութիւնը:
Կուսակալը խոստացաւ, որ հետամուտ կը լինի վերականգնողական աշխատանքների իրականացման ճանապարհին բոլոր խոչընդոտների ու հնարաւոր խնդիրների վերացմանը:

Թեմական խորհրդի Անզալիի մասնաճիւղի գործխորհրդի նախագահ՝ Սիմոն Տէր-Յովսէփեանը «ԱԼԻՔ»-ին պատմելով բռնկւած հրդեհի ժամանակ իրականացւած աշխատանքների մասին նշեց, որ հրդեհի բռնկման օջախ է հանդիսացել շինութեան արագ սննդի խանութը: Ռամադանի բերումով խանութը եղել է փակ, որտեղ էլ արտակարգ իրավիճակների նախնական արձանագրութեան համաձայն, կարճ միացումն է եղել հրդեհի բռնկման հիմնական պատճառը:

Լուրը՝ «Ալիք»-ից