Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ո՞ՒՐ ԵՍ ՄԱՅՐ ԻՄ…

Եօթը Ապրիլը, մեր եկեղեցում Աստւածամօր նւիրւած գեղեցկագոյն, իմաստալից եւ օրհնաբոյր տօներից է, որը մեր եկեղեցին յատուկ շարականներով ոգեկոչում է այն անշարժ տարեթւով՝ 7 Ապրիլ, որպէս ՛՛Տօն Աւետման Ս. Աստւածածնի՛՛, այլ խօսքով Կոյս Մարիամի մայրութեան տօն։

Իրանահայ գաղութի հոգեւոր իշխանութիւնը Աւետումն Ս. Աստւածածնայ տօնը հռչակեց ՛՛Հայ մօր օր՛՛ յերախտագիտութիւն հայ մայրերին։ Սփիւռքեան իրականութեան մէջ ամէն մի գաղութ իրեն յատուկ թւականին է տօնում, այսպէս սիրիահայ գաղութը այն տօնում է մարտի 21-ին, Լիբանանի եւ Արեւմտեան աշխարհների հայ գաղութները՝ Մայիսի երկրորդ կիրակիին են տօնում։

Այս տարի գեղեցիկ զուգադիպութեամբ Ապրիլ եօթն համընկնում է Աւագ Ուրբաթին, որը Յիշատակ է Տիրոջ չարչարանաց, խաչելութեան եւ թաղման։ Իրօք Մայրութեան տօնը, որքան որ ցնծութեան, ուրախութեան, սրբազան ու անարատ մայրութեան օր է, նոյնքան էլ չարչարանքի եւ տառապանք խորհրդանշող մայրութեան օր է։

Աւագ հինգշաբթին մեր եկեղեցում բազմիմաստ ու ամենից խորհրդաւոր օրերից մէկն է, երբ յատուկ շարականներով, աղօթքներով, աստւածաշնչական ընթերցումներով հաւատացեալների աչքերի առաջ վերապատկերացւում է Քրիստոսի երկրաւոր կեանքի ամենատխուր, յուզիչ պահերը։ Այո՛, Արարիչը երկրի եւ երկնքի եւ ամէն գոյացութեանց, Աւետարանիչի բառերով «Աշխարհի ստեղծագործութիւնից առաջ գոյութիւն ունէր Բանը։ Բանն Աստծու հետ էր, եւ Բանն Աստւած էր» չարչարւած, հալածւած, մտրակւած, խաչւած ու լքւած Բանը՝ Քրիստոսը, միակ էակը որ փնտռում է իր մայրն էր ու բացագանչում է յուզումնախառն բառերով. «Ո՞ւր ես մայր իմ…»։ Կեանքի ամենածանր վիշտն ու ցաւը այն է, երբ մարդ արարածը զգում է իր շրջապատից, հարազատներից լքւած, արհամարհւած ու հալածւած է։

Մայրը նւիրական այն էակն է, որ իր Փրկչի նման փշոտ ու տատասկոտ ճանապարհով քալեց ամէն կողմ սէր եւ խաղաղութիւն տարածելով։ Յովհաննէս Շիրազը գրում է.
Ա՜խ, անառակ որդիք շատ եմ տեսել շատ,
Անառակ մա՞յր… օձն էլ չունի, Օ՜, երբէք,
Միայն մայրն է մնացել սուրբ անարատ
Ողջ աշխարհում այս պղերգ։
…………………………..………...............
Ախպէրն ախպօր, քոյրը քրոջ կը դաւէ,
Սուրբ է մնում միայն սիրտը մայրական,
Ա՜խ, լոկ մայրն է սուրբ ու վեհ։

Այո՛, մայրն է սուրբ ու վեհափառ, որ երբ իր մայրական զեղուն սրտով ՛՛օրօր՛՛ է երգում, օրօրցում դրւած իր մանկան, նրան փոխանցում է սէրը իր Արարիչ Աստծուն, իր լեզւին ու պատմութեան, հայրենիքին ու հայրենի դաշտերին ու լեռներին, այլ խօսքով իր անարատ կաթի հետ իր մանկան տալիս է անարատ հայրենասիրութիւն ու հաւատարմութիւն։

Հայ մայրը Աստւածամօր կեանքի օրինակ եղաւ իր ընտանիքի համար սէր ու նւիրում, զոհողութիւն, գուրգուրանք, այլեւ տան օջախի ճրագն ու լոյսը, պաշտպանն ու սիւնը, բանաստեղծի բառերով.
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստւածն է մայրս…

Հայ մայրը եղել է պահպանիչն ու փրկիչը մեր մշակութային արժէքների։ Որքան յուզիչ է եւ միանգամայն յուսադրիչ ու ներշնչող պատմութիւնը այն պաշտելի մշեցի երկու հայ կանանց, ովքեր Ցեղասպանութեան մահաբոյր օրերին իրենց նիւթական ամէն տեսակի ունեցւածքը մէկ կողմ թողնելով Մշոյ Առաքելոց վանքի նշանաւոր ճառընտիր ձեռագիրը փրկեցին յետ գողգոթացեալ ճանապարհորդութեան։ Մշոյ հաստափոր ճառընտիրի (32 քիլոգրամ) փրկութեան պատմութիւնը նոյնքան յուզիչ է ու ներշնչող։ Մշեցի երկու հայ հաւատաւոր ու բծախնդիր կանայք համաշխարհային առաջին պատերազմի ընթացքին, ռուսական բանակի Կովկասեան ճակատից քաշւելու հետեւանքով, ոճրածին թուրք ամբոխը յառաջանում է դէպի Մուշ եւ շրջակայքը մահ, աւէր տարածելով ամէն կողմ։ Այդ օրերին մահը աչք առնելով երկու հայ անձնուրաց կանայք վանքի կողոպուտից փրկեցին թանկագին Մշոյ ճառընտիրը այն փոխն ի փոխ շալկելով փորձում են փրկել։ Ի վերջոյ ձեռագրի ծանրութեան պատճառով կանայք ստիպւած ձեռագիրը երկու մասի են բաժանում, մէկ մասը հագուստի մի կտորի մէջ փաթաթելով Էրզրումի եկեղեցու բակը թաղեցին, իսկ երկրորդ կէսը յոգնաբէկ հայուհիները Էջմիածին հասցուցին։ Ժամանակի ռուսական բանակի լեհ մի սպայ Էրզրումի եկեղեցու բակը թաղւած ձեռագիրը պատահմամբ գտնում եւ ճանաչելով հայկական տառերը՝ այն Երեւանի մատենադարանին է յանձնում։

Յետագային ի յարգանս եւ ի յիշատակ հայ կնոջ այս անգնահատելի արարքին 2012-ին Երեւանի մէջ «Յաւերժին կեանքը» կոչւող մի կոթող է կառուցւում։

Որքան գրենք ու գովերգենք քիչ է թանկագին մա՛յր, դեռ նոյնքան եւ աւելին կայ ասելիք։ Մայրութեան նւիրական ձեր տօնը շնորհաւոր եւ օրհնեալ լինի սիրելի մայրիկ, բանաստեղծուհու բառերով.
Դու մեր յարատեւման
Ե՛ւ աղօթարան, ե՛ւ հաց,
Օրհնեալ մնաք յաւէտ,
Մայրեր փառաբանւած,
Դուք մեր գոյատեւման
Արտերը ալեկոծ։
Աստւածացած ու սուրբ
Հպարտ մայրեր հայոց, ովքեր
ծնունդ տւիք Լուսաւորիչների, Մեսրոպ Մաշտոցների, Վարդան, Վահան Մամիկոնեանների, մեր օրերի Անդրանիկների, Սերոբ Աղբիւրների, Գարեգին Նժդեհների, Գէորգ Չաւուշների, Մուրադների ու Սեպուհների, Արամ Մանուկեանների ու Դրօների եւ տասնեակ հերոսների։

Աղօթք եւ խաղաղութիւն հերոսածին մեր մայրերին, հաւատքի ու սիրոյ ախոյեան մեր մայրերին։
Շնորհաւորախառն օրհնութիւն եւ խաղաղութիւն ձեզի սիրելի մայրեր։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

7 Ապրիլ 2023
Թեհրան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ