Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԵԱՌԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՕՆԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Երկուշաբթի, թւականիս փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց երեկոյեան ժամերգութիւն, որին յաջորդեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը: Ապա տեղի ունեցաւ անդաստանի արարողութիւն եւ Սուրբ խորանից իջեցւած Աշխարհի Լոյս Յիսուս Քրիստոս խորհրդանշող մոմով վառւեց ատեանում դրւած սեղանի մոմերը, ապա Քրիստոս փառաց թագաւոր շարականի երգեցողութեան ներքոյ Քահանայ Հայրերի միջոցով տեղի ունեցաւ նորածինների եւ փոքրիկ երեխաների տաճար ընծայման արարողութիւնը եւ Սրբազան Հայրը ընծայւած երեխաներին պարգեւեց մէկական խաչ:

Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում անդրադառնալով մանուկների տաճար ընծայման պահին յայտնեց.-«Ամենանւիրական եւ ամենայուսադրիչ գեղեցիկ պահերից մէկն է այս, որովհետեւ մենք գործնականօրէն արտայայտում ենք Քրիստոսի կամքը երբ կասէ.- «Թո՛յլ տւէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»: Նա շարունակեց, որ մանուկները բարի եւ հրեշտականման այն էակներն են, որոնք ոչ միայն տնից ներս ուրախութիւն ու զւարճութիւն են լցնում, այլեւ դէպի ապագան պատուհան են բացում՝ յոյսի եւ կեանքի: Ինչպէս մեր եկեղեցու հայրերից մէկն է ասել.-«Մանուկները ամէն մի ընտանիքի լոյսի եւ յոյսի կրկնակ ճրագներ են՝ մէկը լոյս է տալիս, որպէսզի ներկան տեսնէ, իսկ միւսը նրան ուղղում է դէպի ապագան»»:

Սրբազան Հայրն ապա անդրադառնալով, Սրբոց Ղեւոնդեանց քահանայից եւ Տեառնընդառաջ տօների զուգադիպութեան յայտնեց, որ այսօր առաւօտեան տօնեցինք Սրբոց Ղեւոնդեանց քահանայից, այսինքը նահատակների այն խումբը, որոնք օրւայ Յովսէփ կաթողիկոսի գլխաւորութեամբ խոստովանեցին իրենց քրիստոնէական հաւատքը եւ այդ խոստովանութեամբ ամուր կանգնեցին իրենց քրիստոնէական հաւատքի վրայ եւ նահատակւեցին: Նրանց նահատակութիւնը եղաւ յաղթանակի պսակը Վարդանանց ճակատամարտի, որովհետեւ Ղեւոնդ Երեցը, Յովսէփ կաթողիկոսը եւ իրենց նահատակակից ընկերները Աւարայրի ճակատամարտի մասնակցած հերոսների ներշնչման եւ զօրացման աղբիւրը եղան եւ այդ պատճառով իրենց նահատակութիւնը մենք տօնում ենք, որպէս եկեղեցու յաղթանակ:

Սրբազան Հայրն անդրադառնալով Տեառնընդառաջ տօնի խորհրդին նախ անդրադարձաւ Աւետարանական հատւածում յիշւած Սիմէոն Ծերունուն, որ Սուրբ Հոգուց խոստում էր ստացել Կուսածին Փրկչին չտեսած չպիտի մահանայ. Անձնաւորութիւն, ով երկար տարիներ ապրելուց յետոյ, քառասունօրեայ Սուրբ Մանկան տաճար ընծայմանը արժանացաւ նրա տեսութեան: Սրբազան Հայրը շարունակեց.-«Աւետարանը պատմում է, որ հրէական օրէնքի համաձայն` ամեն մի արու զաւակի ծնունդից յետոյ, երբ լրանում էին մաքրութեան 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զաւակի համար օրհնութիւն ստանում քահանայից: Այսպէս եւ Սուրբ Աստւածամայրը 40-օրական Յիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին յիշատակում է նաեւ Ղուկաս Աւետարանիչը. «Երբ նրանց մաքրութեան օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար»: Այստեղ էր, որ Սիմէոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչեւ տեսներ աշխարհի ու մարդկութեան Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդւելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Յիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտայայտութիւնը»:

Սրբազան Հայրը յայտնեց, որ Տեառնընդառաջն իր կրօնական եւ ազգային իմաստով մեր ժողովրդի կեանքի մէջ խորունկ արմատներ ունի: Հրավառութեան աւանդութեան մասին տարբեր մեկնութիւններ են տրւած իսկ մենք որպէս քրիստոնեաներ մեզ համար ամենակարեւորը՝ եթէ մենք կը հաւատանք որ Յիսուս լոյս է եւ որպէս լոյս աշխարհ եկաւ ինչպէս Սիմէոն ծերունին կասէ «Լոյս ի յայտնութիւն աշխարհի եւ հեթանոսաց», հետեւաբար այս կրակը խորհրդանշաբար մեզի լոյս է տալիս եւ դրա համար է, որ ժամանակին երբ մենք մեր հայրենի հողի վրայ էինք մեր հայրերը եկեղեցի էին գնում եւ Տեառնընդառաջի կրակը վառւելուց յետոյ այդ կրակից իրենց տուն էին տանում եւ իրենց տան ճրագն այդ լոյսով վառում:

Սրբազան Հայրն իր քարոզի վերջին բաժնում շնորհաւորեց եւ մեծապէս գնահատեց եկեղեցում ներկայ եղող ժողովրդին եւ ծնողներին, ովքեր անբացատրելի ուրախութեամբ եւ երջանկութեամբ իրենց նորածին եւ փոքր երեխաներին եկեղեցի էին բերել աստւածային օրհնութիւն ստանալու համար: Նա նշեց.-«Այսօր մեր մանուկները Տիրոջ ընդառաջ եկան Սուրբ Խորանի վրայ եւ ստացան Աստւածային օրհնութիւն»: Սրբազան Հայրն աղօթեց բոլոր մանուկների ի մասնաւորի Արցախի մէջ գտնւող մանուկների համար, որ Աստւած պահի ու պահպանի եւ այնպէս անի, որ շրջափակումը վերջ գտնի եւ մեր ժողովուրդը հայրենի հողի վրայ հանգիստ եւ խաղաղ պայմաններում շարունակի իր կեանքը: Ամէն

Նշելի է, որ արարողութեան աւարտին եկեղեցու շրջափակում ձեռամբ Սրբազան Հօր բոցավառւեց աւանդական խարոյկը ի ուրախութիւն ներկայ հաւատացեալների:

Արարողութեան ներկայ էին Թեմական խորհրդից պրն. Հայրիկ Աղանեանը, Եկեղեցական խորհրդի անդամները եւ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ