ՍՐՏԻ ԽՕՍՔ ՆՈՐ ՏԱՐՒԱՅ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Մօտալուտ 2023 թւականի նոր տարւայ եւ մեր Փրկչին Յիսուսի Քրիստոսի հրաշափառ ծննդեան եւ աստուածայայտնութեան տօների առիթով, քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնախառն աղօթքներով ողջնում եմ ձեզ եւ ձեր ընտանիքների բոլոր անդամները։

Տօնական այս օրերին, ամբողջ աշխարհը, ներառեալ հայ աշխարհը, պատրաստւում են յատուկ հանդիսութիւններով աշխարհիկ խրախճանքներով տօնել վերոյիշեալ երկու տօներն ու շատ յաճախ այնքան ճոխ եւ աշխարհիկ, ցուցական կերպերով, որ տօների խորքային իմաստն ու նշանակութիւնը դառնում է երկրորդական։

Հարկ է յիշել, որ սուրբ Աթոռիս Վեհափառ Հայրապետը բազում առիթներով, խօսելով եկեղեցական եւ աշխարհիկ տօների մասին՝ շեշտել է նրանց խորքային հոգեւոր եւ ազգային իմաստն ու նշանակութիւնը։ Այսօրւայ աշխարհը ցաւօք շատ տխուր վիճակ է ներկայացնում. մարդկութիւնը անբաղձալի եւ անորոշ իրականութեանց առջեւ է կանգնած։ Այն դժբախտաբար շրջապատւել է չարերով եւ չարիքով. արդարեւ, տօնական այս օրերը ոսկեայ առիթ են մեզ համար վերատեսելու մեր կեանքը եւ հեռու մնալու բոլոր խորթ, նկարագիրը խաթարող, հաւատքը աղարտող եւ հոգին տագնապեցնող երեւոյթներից։

Իրանահայ գաղութը որպէս աւանդապահ, եկեղեցասէր եւ հայրենասէր, միշտ նախանձախնդիր է եղել իր ազգային եւ հոգեւոր արժէքների պահպանման։ Սակայն երբեմն աշխարհից եկող ալիքները ակամայ մեզ հեռացնում են ընտանեկան ջերմ մթնոլորտից ու քրիստոնէական մեր աւանդութիւններից։ Այս տխուր իրականութիւնից մեկնելով, մեր առաջնորդութեան երկրորդ տարուց սկսեալ դեկտեմբերի 31-ի կէս գիշերւայ ժամին սուրբ պատարագի մատուցման կարգը հաստատեցինք ի խնդիր մեր հաւատացեալների հոգեւոր կեանքի վերակենսաւորման եւ հաւատքի զօրացման։

Կար ժամանակ երբ կաղանդի գիշեր, հայ ընտանիքը իր բոլոր անդամներով ի մի էր գալիս եւ միասնաբար ոգեկոչում եւ միմեանց հետ ուրախանում նոր տարւայ առիթով. մեր ազգագրական գրականութիւնը յուշում է մեզ, որ մեր ընտանիքներում կէս գիշերւայ պահին, տան աւագը կամ նահապետը հրաւիրում էր բոլորին աղօթելու, եւ ապա ինքը շնորհաւորում էր անդամներին, ու նրանք էլ իրենց հերթին՝ մօտենում ու համբուրում էին նրա ձեռքը եւ իրենց ամանորեայ բարեմաղթութիւնները ներկայացնում նրան. առաւել, նահապետը փոքրերին տալիս էր իր սիրոյ խորհրդանիշ եղող կաղանդչէքները (նւէրներ)։ Որքան գեղեցիկ, դաստիարակիչ ու ներշնչող սովորութիւն է սա, որ աւա՜ղ հեռու ենք վանել մեր տներից։

Այս օրերին իմ սրտագին կոչն ու պատգամը մեր ժողովրդի զաւակներին այն է, որ մի կողմից՝ վերատեսեն իրենց կեանքը եւ հեռու մնան աշխարհիկ չափազանցեալ երեւոյթներից, եւ միւս կողմից էլ՝ փորձեն վերակենդանացնել մեր հայկական աւանդական սովորութիւններն ու նահապետական բարքերը, յատկապէս այս օրերին երբ մեր պատմական հայրենիքն ու Արցախը տխուր, անբաղձալի եւ անորոշ վիճակում են։ Մեր գաղութային կեանքն էլ որպէս հետեւանք տնտեսական տագնապին այնքան էլ նախանձելի վիճակ չունի, հետեւաբար, կրկնակի պատասխանատւութեան եւ յանձնառութեան գիտակցութեամբ փորձենք յաղթահարել այս դժւարութիւններին, մանաւանդ որ այս եւ նման դժւարութիւններ չեն կարող մնայուն լինել։

Որպէս քրիստոնեաներ, կոչւել ենք մեր հաւատքով եւ անվրէպ յոյսով նայել ապագային եւ ամրացնել ու զօրացնել մեր կապւածութիւնը մեր հոգեւոր եւ ազգային արժէքներին։ Յիշենք սաղմոսերգու մարգարէի խօսքը որ ասում է. «Իրիկունը լաց է լինում, բայց առաւօտուն՝ ուրախութիւ» (Սղ 30.5)։ Այսօր կարծէք գիշերային խաւարը պատել է մեր հայրենիքի երկնակամարը, եւ ինչու չէ նաեւ մեր հայակեանքը մի քիչ ամէն տեղ, բայց հաւատում ենք որ Բեթղեհէմի երկնակամարի վրայ փայլատակող աստղը անպայմանօրէն պիտի փարատի այդ խաւարը, եւ կեանքի նո՛ր հեռանկար բանայ մեր ժողովրդի առաջ։

Այս մտածումներով շնորհաւորում ենք մեր ժողովրդի բոլոր զաւակներին 2023 թւականի նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, մաղթելով արեւշատ, արդիւնաւէտ եւ աստուածաբոյր կեանք։

Սեպուհ Արք. Սարգսեան
Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի