ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ «ՍԱՍՈՒՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

Նախադպրոցական կրթութիւնը կրթական համակարգի առաջին օղակն է, որի յաջողութիւններով է պայմանաւորւած ողջ կրթական համակարգի առաջընթացը:

Ուստի շարունակելով հայկական կրթօջախների այցելութիւնները, շաբաթ, թւականիս դեկտեմբերի 3-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալըքճեանի այցելեցին «Սասուն» մանկապարտէզ-նախակրթարան, որտեղ հանդիպում ունեցան մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանին եւ Ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Հանդիպման սկզբում մատնանշելով նախադպրոցական շրջանի կարեւորութեանը՝ տեսչուհի Մադլէն Քեշիշեանն ընդգծեց, որ սա կարեւոր տարիքային շրջան է, երբ երեխան աճում է ֆիզիկապէս ու մտաւոր եւ նրա մօտ ձեւաւորւում է իր իրական անհատականութիւնը, ուստի շատ մեծ դեր է վերապահւած մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցիչների, դաստիարակների նաեւ ծնողների համար: Նա շարունակեց, որ Մանկապարտէզի հիմնական առաքելութիւններից մէկը երեխային դպրոցին նախապատրաստելն է եւ դա նշանակում է, որ երեխան ոչ միայն որոշակի գիտելիքներ եւ ունակութիւններ, այլ դրանց ամբողջական համալիրը պէտք է ստանայ եւ ամենակարեւորը իրեն ապահով մթնոլորտում զգայ, քանի որ նա մուտք է գործում մի նոր աշխարհ՝ իր կանոններով ու նոր առօրեաով:

Տեսչուհին անդրադառնալով «Սասուն» մանկապարտէզի ընդհանուր իրավիճակին յայտնեց, որ բարեբախտաբար կովիդ համաճարակից յետոյ մանկապարտէզ-նախակրթարանը թւային աճ է արձանագրել եւ ընթացիկ ուսումնական տարեշրջանում արձանագրւել են աւելի քան 80 սաներ: Մանկապարտէզի բարեկարգ ու ժամանակակից շէնքային պայմաններում նաեւ գունեղ ու եռանդուն մթնոլորտում՝ փորձառու եւ երկարատեւ աշխատանքային փորձ ունեցող դաստիարակների հետ համագործակցաբար աշխատանք է տարւում նպատակային խաղերի, երգի եւ տարբեր աշխատանքների միջոցով սաներին մատուցել բազմակողմանի զարգացում նաեւ ուսուցանել թէ որպէս հայ, որպէս հայ քրիստոնեայ եւ մարդ անհատ ինչ պարտականութիւններ է իրենց վերապահւած:

Հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն իրողութեան, որ մանկապարտէզի աշխատակազմի թւային բարձր տոկոսը հանգստի կոչման շեմին է գտնւում, կարեւոր համարւեց, որ ապագայ դժւարութիւնները կանխելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկել:

Ծնողական խորհրդի հետ հանդիպման ընթացքում կարեւորւեց ծնող, մանկապարտէզ-նախակրթարան սերտ ու ջերմ յարաբերութիւնը, որն այս ուղղութեամբ Տեսչուհին երախտագիտութեամբ անդրադարձաւ ծնողների եւ ծնողական խորհրդի համատեղ ջանքերին եւ սերտ համագործակցութեանը, որի շնորհիւ աւելի սահուն են ընթանում դպրոցի աշխատանքները:

Հանդիպման ընթացքում առիթ ընձեռւեց այցելելու մանկապարտէզի տարածք եւ դասարաններ, որտեղ մանկապարտէզի սաները հիւրերին դիմաւորեցին իրենց ասմունքի ու երգի գեղեցիկ կատարումներով:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը գոհունակութեամբ անդրադարձաւ Մանկապարտէզի տեսչական եւ ուսուցչական կազմերի նաեւ ծնողական խորհրդի աշխատանքներին, իսկ անդրադառնալով երկրում տիրող տնտեսական բարդ իրավիճակին նշեց, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Թեմական խորհուրդը, Կրթական խորհրդի հետ համագործակցաբար աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ հայկական կրթօջախներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել կրթական համակարգի մակարդակը քանի որ հաւատացած է, որ հայ դպրոցը հայի կենարար աւիշն է, որով կերտւում ու կազմաւորւում է մեր ազգի գոյատեւման գրաւականը համարւող՝ հայ պատանու եւ հայ երիտասարդի հոգին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ