«Ա. ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԲՈՒԺԱՐԱՆԸ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՒԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՅՑ՝ «ԷԼՊԻՍ ՖԵՐԱՀԵԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ»

«Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի աշխատանքների շարանում՝ երեքշաբթի, թւականիս նոյեմբերի 29-ին, փորձառու ակնաբոյժ դոկտ. Դանիէլեանը տիկին Նազարեանի հետ միասին այցելեցին «Էլպիս Ֆերահեան» ազգային մանկապարտէզ եւ զննեցին մանկապարտէզի սաների տեսողութիւնը:

Այս այցելութիւնը հերթական այցն էր այն աշխատանքների շարանի, որը ծրագրել եւ հերթական անգամ կազմակերպում է «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմինը եւ իհարկէ քանի որ այցը կրթական հաստատութիւն էր, աշխատանքները համադրւել էին Կրթական խորհրդի հետ: Նաեւ նշենք, որ սաներին քաջալրելու համար, նրանց նւիրւեցին գունաւորման նկարչութեան տետրակներ:

Մեծապես գնահատելի է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի եւ նաեւ բոլոր այն անձանց աշխատանքը, ովքեր համագործակցում են նմանատիպ ծառայողական աշխատանքների իրագործման գործընթացում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ