Երկու տարի է ինչ կովիդ հիւանդութեան համաճարակի պատճառով կրթօջախները աշխատում էին հեռակայ կարգով կամ ոչ բնական պայմաններում: Այդ կարգավիճակին էր մատնւած նաեւ Թեհրանի հայոց թեմի բոլոր օղակների կրթօջախները, սակայն ուսումնական առաջիկայ տարեշրջանում, որի մեկնարկին մնացել են հաշււած օրեր, կրթօջախները աշխատելու են ընկալեալ կարգով: Առիթը պատեհ համարելով հարցազրոյց ենք ունեցել Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի հետ:
Հ.- Պրն. Կարապետեան երկամեայ հեռակայ ուսուցումից յետոյ, կարծես թէ՝ ուսումնական առաջիկայ տարեշրջանին բոլոր կրթօջախները աշխատելու են բնականոն: Կրթական խորհուրդը առաջիկայ ուսումնական տարւայ համար ինչ աշխատանքներ է ձեռնարկել:
Պ.- Շնորհակալութիւն յայտնելով հարցազրոյցի համար, անհրաժեշտ է նշեմ, որ իւրաքանչիւր ուսումնական տարւայ աւարտին օգտագործելով ամռան երեք ամիսները՝ Կրթական խորհուրդը լծւում է երկու կարգի աշխատանքներով, նախ կապւած ուսուցիչների հետ, որը կոչւում է դասաբաշխում, այսինքն ուսուցիչների աշխատանքների կարգաւորում, այն առումով, որ կան ուսուցիչներ, որոնք չեն ցանկանում շարունակել աշխատանքը, կամ հանգստի են կոչւում կամ նման այլ հարցեր, ուստի անհրաժեշտ է լինում նոր ուսուցիչներ աշխատանքի հրաւիրել, կամ դասաւորումներ տալ, որպէսզի իւրաքանչիւր ուսուցիչ շաբաթական առնւազն 24 ժամ դասաւանդի, որը համահաւասար է Աշխատանքի նախարարութեան սահմանած 44 ժամւայ հետ: Կրթական խորհրդի երկրորդ աշխատանքը շինարարական ոլորտում է, իրանական օրդիբեհեշթ ամսին դիմում ենք դպրոցների տեսուչներին ու փոխտեսուչներին, որպէսզի Կրթական խորհրդին ներկայացնեն դպրոցների շինարարական ցանկը, որից յետոյ աշխատանքների ցանկը յանձնում ենք Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, որի միջոցով էլ իրազեկւում է Շինարարական խորհուրդը: Սակայն օրերս Թեմական խորհրդի հետ ունեցած հանդիպման արդիւնքում որոշւել է, որ այսուհետեւ շինարարական աշխատանքներին աւելի թափ հաղորդելու համար, իւրաքանչիւր դպրոցի ծնողական խորհուրդը իրաւասու է դպրոցի գանձումներից իրականացնել եւ տնօրինել շինարարական աշխատանքները, սակայն եթէ որեւէ պարագային շինարարական աշխատանքը շատ բարդ լինելով մեծ գումարներ պահանջի, այդ դէպքում միայն Թեմական խորհուրդը, Շինարարական խորհրդին է դիմելու հարցերի կարգաւորման համար:
Անդրադառնալով մեր դպրոցների աշակերտների թւային պատկերին, որը դժբախտաբար նւազած է եւ դասարանների աշակերտների թիւը չի համապատասխանում մի դասարանի իրական թւային պատկերին, որի պատճառով հնարաւոր չի լինում օգտւել Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան ստեղծած հարթակները եւ արձանագրութեան համար հեշտութեամբ թոյլտւութիւն ստանալ, ուստի պարտաւոր ենք լինում դիմել Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան զանազան շրջանների գերատեսուչներին կամ ընդհուպ մինչեւ նախարար, որպէսզի հնարաւոր լինի արձանագրութեան համար հնարաւորութիւն ստեղծել: Ինչպէս օրինակ «Յ. Թովմասեան» դպրոցը, որը այս տարի օժտւել է համակարգիչ ճիւղով, թէեւ մինչ այժմ արձանագրւել են 9 աշակերտներ 10-րդ դասարանի համար, որը ըստ մեզ շատ լաւ է, սակայն քանի որ պետական չափանիշը նւազագոյնը 13 հոգի է, ուստի անհրաժեշտ է ուղղակի դիմենք պատկան մարմիններին, որպէսզի 9 հոգով դասարան կազմենք, նման դպրոցներից են՝ «Արաքս» աղջկանց եւ «Ն. Գիւլբենգեան» տարրական օղակի դպրոցները, որոնց առաջին տարրական դասարանները թւային առումով խնդիրներ ունեն եւ անհրաժեշտ է հարցերը կարգաւորենք, միջնակարգ Բ օղակում եւս «Մարիամեան» դպրոցը 10-րդի, «Մարի Մանուկեան» եւ «Թովմասեան» դպրոցները 10-րդի, իսկ «Մարիամ» հաստատութեան օրիորդացը 7-րդի առումով ունեն թւային խնդիր, որը սակայն ինչպէս անցեալ տարիներին այս տարի եւս կը լուծենք:
Անհրաժեշտ եմ համարում դիմել մեր սիրելի ծնողներին, որպէսզի իրենց սիրասուն զաւակներին արձանագրեն հայոց դպրոցներում, նրանց չզրկելով հայոց դպրոցի՝ նախ իրենց ընկերական շրջանակից եւ հայկական մթնոլորտից եւ յետոյ հնարաւոր լինի բանուկ պահել մեր դպրոցները, քանի որ թւի յաւելումով եւ մրցակցութեամբ է, որ կը բարձրանայ նաեւ որակը: Նշեմ, որ «Թովմասեան» դպրոցում մտադրութիւն կայ ունենալ միջնակարգի չորս ճիւղեր, որոնք բաւարար աշակերտներով կը կարողանան աշխուժացնել դպրոցը, նաեւ «Սողոմոնեան» տղայոց դպրոցը IT ճիւղում արձանագրել է 24 աշակերտներ եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ մտադիր ենք շահագործման յանձնել համակարգիչների լաբորատորիա, որը թէեւ հսկայ գումարի է նայում, սակայն ամենայն ուրախութեամբ այս ծախսը հոգալու ենք, որպէսզի մեր երիտասարդ տղաները կարողանան լաւագոյն ուսուցումը ստանան:
Հ.- Արդեօք եղել են դպրոցներ, որտեղ իրականացւել են շինարարական աշխատանքներ, կամ հնարաւոր է եղել շինարարական աշխատանքների համար ստանալ պետական ինչ որ նպաստ:
Պ.- Մենք փորձում ենք, որ շինարարական աշխատանքների համար օգտւել պետական նպաստներից, այս առումով հանդիպում ենք ունեցել մեր խորհրդարանի սիրելի պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ, եւ նախատեսւած է պատգամաւորի հանդիպումը՝դպրոցների վերակառուցման եւ սարքաւորումներով օժտող կազմակերպութեան (سازمان نوسازی و تجهیز مدارس) հետ երկու խնդրի կապակցութեամբ՝ թէ՛ շինարարական, եւ թէ՛ սարքաւորումների հարցով: Իսկ դպրոցների շինարարական աշխատանքների գծով թէ՛ Թեմական խորհուրդն է սուբսիդաւորում, թէ՛ մեր սիրելի բարերարներն են օգտակար հանդիսանում եւ գանձւած կրթաթոշակներն էլ մասամբ այս հարցով գալիս են նպաստելու եւ անհրաժեշտ է նաեւ ընդգծել դպրոցների ծնողական խորհուրդների դերը իրենց ձեռնարկած աշխատանքներով դպրոցների համար հասոյթ ապահովելու գործում:
Կարեւոր է անդրադառնամ «Արարատ» դպրոցին, որը թէեւ վերջին տարիներին տարբեր փուլերով ամրակայւել է, սակայն անհրաժեշտ է ապագայում հիմնովին վերակառուցել: Իհարկէ Թեհրանի հրշէջ կենտրոնից այցելել են մեր բոլոր դպրոցները եւ բոլորի համար գնահատականները ներկայացրել են մեզ եւ գիտենք բոլորի հարցերը:
Հ.- Արդեօք հայոց լեզւի կամ կրօնի դասագրքերը փոփոխութիւններ կրել են, թէ՞ ոչ:
Պ.- Այս տարւայ դասագրքերը որեւէ փոփոխութիւն չեն կրել, եւ դասաւանդւելու են նոյնութեամբ: Նշեմ, որ Կրթական խորհրդին կից Ուսումնադաստիարակչութեան յանձնախումբը, որի պատասխանատուն է վաստակաւոր կրթական գործիչ Այրինա Նորավեանը, կազմւել է վկայականների որակային արժեւորում եւ արդիւնքը ուղարկւել է դպրոցները, նաեւ վերակազմւել է շարադրութեան ու քերականութեան պրակները: Նոյն յանձնախումբը միւս տարեշրջանի համար զբաղւած է նախակրթարանների այբբենարանի եւ վարժութեան տետրերի, եւ առաջին տարրական դասարանի մայրենի դասագրքերի վերակազման հարցով:
Կրօնի դասագրքերի առումով անհրաժեշտ է ասել, որ անցեալ տարի շատ լաւ աշխատանք իրականացաւ, որը փայլուն արդիւնք ունեցաւ եւ մշակւած գրքերը ոչ միայն մեր համայնքում, այլեւ Սփիւռքի այլ գաղթօջախներում, ինչպէս ԱՄՆ-ում եւ Եւրոպայում նաեւ օգտագործւում են:
Հ.- Ելնելով մեր կրթօջախներում աշակերտների թւային պատկերից, արդեօք որեւէ նոր դասաւորութիւններ նկատի՞ առնւել են:
Պ.- Վերադասաւորման առումով պէտք է ասել, որ որեւէ փոփոխութիւն չի կրել: Անցեալ տարւայ եւ այս տարւայ աշակերտների թիւը շատ էլ փոփոխութիւն չի կրել: Իհարկէ որոշ դպրոցներ իրենց օղակների առաջին տարում ՝այսինքն՝ առաջինը, 7-րդը եւ 10-րդը թւային խնդիր ունեն եւ թիւը չի հասնում ճշտւած չափանիշերին, ուստի ամէն ինչ կանենք, որ դասարանը կազմւի եւ դպրոցները ըստ անցեալի շարունակեն իրենց աշխատանքը: Միայն «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի միատեղման հարցն էր, որը ՊԺ-ի կողմից փոխանցւել էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդին, սակայն այս հարցով Կրթական խորհուրդը իր ուսումնասիրութեան արդիւնքում, միատեղումը յարմար չնկատելով, այդ մասին իր ուսումնասիրութիւնը ներկայացրել է Թեմական խորհրդին: Այդ ուսումնասիրութեան գծով կարելի է նշել մի շարք հարցեր՝ շէնքի վաղեմիութիւնը, որի բերումով յարմար չէ շէնքը ծանրաբեռնել, դասարանների տարողութիւնը, նաեւ տարրական եւ միջնակարգ օղակները մի յարկի տակ մէկտեղելը եւս խնդիրներ է ստեղծելու, հնարաւոր է միատեղւած դպրոցի միջնակարգ Բ-ի օղակը եւ տարրականը անջատել պատով, սակայն այդ դէպքում միջնակարգ Բ-ի համար, բակը շատ փոքր է լինելու եւ գրեթէ անօգտագործելի տարածք է մնալու: Նման միատեղում հնարաւոր էր մի քանի տարի առաջ, երբ «Սողոմոնեան» տղայոց դպրոցի աշակերտների թիւը շատ էր նւազել, սակայն ներկայ դրութեամբ միջնակարգ Ա եւ Բ-ն ունի 77 աշակերտներ:
Առաջին սիւնեակով ներկայացնում ենք դպրոցների թւային պատկերները:
Հ.- Իսկ մեր հայոց միջնակարգ օղակի դպրոցները ի՞նչ ճիւղերով են օժտւած:
Պ.- Մենք մեր միջնակարգ Բ օղակի տղայոց եւ աղջ. դպրոցներում թէ՛ լաւ ճիւղեր եւ թէ՛ լաւ որակ ունենք, քանի որ հայոց դպրոցներից պետական համալսարաններ ընդունւած մեր աշակերտների պատկերը խօսում է հէնց գոյութիւն ունեցող որակի մասին:
Երկրորդ սիւնեակով ներկայացնում ենք դպրոցների ճիւղերի պատկերը:
Հ.- Արդեօք ոչ-հայկական դպրոց յաճախող աշակերտութեան թւային պատկերը առկա՞յ է, եւ որո՞նք են պատճառները ոչ-հայկական դպրոցներ յաճախելու: Արդեօք հնարաւոր է ախտաճանաչելով ոչ հայոց դպրոցներ յաճախող աշակերտների պատճառները, հայոց դպրոցների միջնակարգ օղակները յագեցնել այնպիսի ճիւղերով, որոնք մեծամասնաբար պահանջւած են աշակերտութեան կողմից եւ փոխարէն մի քանի միջնակարգներ ունենալու, հնարաւորութիւնները կենտրոնացնել մէկ աղջկանց եւ մէկ տղայոց միջնակարգի վրայ, լաւագոյն արդիւնքը ստանալու համար:
Պ.- Ոչ-հայկական դպրոցներ յաճախող աշակերտների մասին մենք մասնագիտական ուսումնասիրութիւն ենք կատարել եւ ժամանակին հարցարաններ ենք յանձնել թէ՛ աշակերտներին, եւ թէ՛ ծնողներին, արդիւնքում պարզւեց, որ բարեբախտաբար մեր դպրոցների որակը իրապէս չի զիջում ոչ-հայկական դպրոցներին եւ մեր հայոց դպրոցներից պետական համալսարան մուտք գործած աշակերտների տոկոսային պատկերը աւելի բարձր է :
Որպէս Կրթական խորհրդի ատենապետ կը ցանկանամ խօսքս ուղղել մեր սիրելի ծնողներին. «Սիրելի ծնողներ եթէ միջնակարգ դպրոցից մեր երեխաներին ուղարկում ենք ոչ-հայկական դպրոցներ, անկախ այն հանգամանքից, որ նրանք յաճախում են ուրբաթօրեայ թէ ոչ, սակայն կարեւորը՝ նրանք հեռանում են իրենց ընկերական ու հայկական միջավայրից, որը կարող է բացասաբար ազդել նրանց հոգեկանին»:
Սիրելի ծնողներ ըստ հնարաւորին մեր երեխաներին միջնակարգ Բ օղակում ուղղորդենք հայկական դպրոցներ: Ուղղորդենք մեր զաւակենրին, ըստ իրենց կարողութեան ու ցանկութեան, որպէսզի ճիշտ ճիւղ ընտրեն, եւ նրանց չպարտադրենք մեր ցանկացած ճիւղը, քանզի այդ դէպքում դժւար թէ նրանք յաջողեն բարձրագոյն ուսման փուլում:
Իհարկէ դժբախտաբար հնարաւոր չէ բոլոր ճիւղերով ապահովել մեր միջնակարգ Բ օղակի դպրոցները, եւ եթէ մեր սիրելի աշակերտները իրապէս մի ճիւղ են սիրում, որոնք բացակայում են մեր դպրոցներից բնական է, որ կը յաճախեն ոչ-հայկական դպրոց եւ յուսանք նրանք իրենց ճանապարհը գտնելով ՝յաջողեն: Իմ խօսքը նրանց մասին է, որ գնում են ոչ-հայկական դպրոց եւ սովորում այն ճիւղերում, որոնք առկայ են մեր հայոց տղայոց եւ աղջկանց միջնակարգ դպրոցներում:
Հ.- Արդեօք 4 մանկապարտէզ-նախակրթարան ունենալու համար բաւարար սաներ ունե՞նք թէ՝ հնարաւոր է ինչ որ օպտիմալացում, այս օղակներում:
Պ.- Մեր չորս նախակրթարաններ՝ «Էլպիս Ֆերահեան», «Ա. Ա. Ահարոնեան», «Սասուն» եւ «Մարիամ» հաստատութիւն ընդհանուր առմամբ ունեն 121 սաներ: Իսկ մանկապարտէզների ու նախակրթարանների օպտիմալացումը մեզ համար առանջահերթութիւն չէ, քանի որ այդ տարիքի երեխաներին իրենց քաղաքամասից այլ քաղաքամաս տանելը, Թեհրանի ժխորի մէջ իրապէս կը նեղացնի մեր փոքրիկներին եւ իրենց ծնողներին: Նշեմ, որ թէեւ կովիդի ժամանակաշրջանում թւային անկում ունեցաւ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզը, սակայն մանկապարտէզի լաւ տեսչուհի Մելինէ Բադալի յաջող աշխատանքների շնորհիւ մանկապարտէզը թւային աճ է արձանագրել :Թւային աճ են արձանագրել նաեւ մեր այլ մանկապարտէզները:
Թւային պատկերը ներկայացւած է առաջին սիւնեակում:
Հ.- Տարրական դպրոցների երկսեռ դարձնելու առումով, որը երկար ժամանակ է ինչ այդ մասին խօսւում է արդեօք ինչ որ քայլեր կիրառւե՞լ են:
Պ.- Ճիշտ էք, տարիներ է ինչ այս մասին խօսւում է: Իրանահայ համայնքում՝ Թաւրիզի, Ուրմիայի եւ Նոր Ջուղայի տարրական հայոց դպրոցները երկսեռ են, սակայն այս հարցը Թեհրանում տաբուի է վերածւել, միւս կողմից մտածւում է քանի դեռ մեր աշակերտների թիւը այդ աստիճանի չի նւազել, դեռ այդ քայլի չգնանք:
Ներկայումս մենք ունենք 9 տարրական դպրոցներ, 6 հատը ազգային, երկուսը «Մարիամ» հաստատութիւն եւ մէկը «Ն. Գիւլբենգեան» դպրոցներն են: Իհարկէ գիտենք, որ լաւագոյն դէպքում առաւելագոյնը 6 տարրականի կարիք ունենք, սակայն երկսեռ դառնալու պարագային կունենանք երեք տարրականներ,երեք քաղաքամասերում: Քանի որ դպրոցների երկսեռ դառնալը ունի նաեւ իր առաւելութիւնները, ուստի այս հարցով մենք ժամանակին խօսել ենքկրթադաստիարակչութեան տարբեր բաժինների պատասխանատուների ,գերատեսուչների եւ նոյնիսկ տարբեր ժամանակաշրջանների նախարարների հետ: Քանզի երկսեռ դարձնելը լաւ ձեռքբերումների է յանգեցնելու՝ դպրոց է փրկւելու եւ աշակերտների մրցակցութեան արդիւնքում որակ ենք շահելու:
Հ.- Արդեօք վերջում կայ առաւել բացատրութիւններ, համեցէք խնդրեմ:
Պ.- Կրթական խորհուրդը նկատի ունի իրականացնել մի շարք ուշագրաւ քայլեր, ինչպէս՝ «Արարատ» դպրոցի վերակառուցումը, «Շանթ» դպրոցը վերելակով օժտելը, «Ա. Սողոմոնեան» եւ «Յ. Թովմասեան» դպրոցները IT ճիւղերով օժտելը: Մանկապարտէզ, նախակրթարան եւ տարրական օղակների հայոց լեզւի ուսուցման որակաւորումը: Նաեւ 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների կրօնի դասագրքերի հիմնական վերամշակման հարցով, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել հանդիպում Կրթական հետազօտութիւնների եւ պլանաւորման կազմակերպութեան (سازمان پژوهش و برنامه ریزی آموزشی) ղեկավարների ու ներկայացուցիչների հետ եւ ընթացքի մէջ է աշխատանքները:
Նման քայլերի իրականացումը աշխուժացնելու է մեր կրթական համակարգը եւ յոյս է ներշնչելու մեր սիրելի ժողովրդին:
Իսկ ուրախալի է, որ աստիճանաբար մեր Ուրբաթօրեայ յաճախող աշակերտների թւային պատկերը վերջին տարիներում 550-ից իջել է 180-ի, այսինքը՝ ոչ-հայկական դպրոց յաճախող աշակերտների թիւը նւազել է, իսկ այս տարեշրջանում առայժմ ըստ Ուրբաթօրեայ դասընթացների պատասխանատու Հայրիկ Աղանեանի, 160 աշակերտ է արձանագրւել: Իհարկէ դժբախտաբար կան նաեւ ծնողներ, որ նոյնիսկ իրենց աշակերտներին Ուրբաթօրեայ դասընթացների չեն ուղարկում: Ես նմաններին պէտք է ասեմ, որ սիրելիներ մենք հայ ենք եւ նախ պէտք է սովորենք մեր մայրենին, պատմութիւնը, մեր մշակոյթը եւ մեր կրօնը, ուր էլ որ գնանք:
Վերջում անդրադառնանք բոլորին յուզող մի շատ կարեւոր խնդիր՝ թոշակներին: Գիտենք, որ տնտեսական պայմանները շատ բարդ են, բայց սիրելի ծնողներին պէտք է նշեմ, որ ինչպէս գիտէք աշխատավարձերը մէկ տարւայ ընթացքում շատ մեծ յաւելում են կրել, իհարկէ մեր դպրոցների ծախսերը միայն ուսուցիչների աշխատավարձերը չեն պարփակում, այլ կայ դպրոցների շինարարական եւ առօրեայ ծախսեր եւ եթէ ուզենք ամէն մի աշակերտի իրական թոշակը ներկայացնենք տարրականի եւ միջնակարգի երկու օղակներում, մօտաւորապէս 10 միլիոն թուման է լինելու, իսկ մանկապարտզէների առումով 22 միլիոն թուման, իհարկէ ինչպէս միշտ Թեմական խորհուրդը սուբսիդ է վճարում եւ այսքան չի գանձւում մեր ծնողներից:
Ես համոզւած եմ, որ մենք որպէս ազգային կառոյց, պէտք է իրականացնենք մեր լաւագոյնը»:
Հարցազրոյցը վարեց
Կ. ԴԱՒԹԵԱՆԸ
Լուրը՝ «Ալիք»-ից