Գրական Հանդիպում Մարտ 2016

Ինչպէս նախապէս ճշտւած էր «Վերնատուն» կոչւող գրական հանդիպման 56-րդ ծրագիրը, նախագահութեամբ Սրբազան Հօր, նւիրւած էր Արշալոյս Սարաջեան-Բերբերեանի՝ «Կեանքիս եզերքով» յուշամատեանի քննարկմանը, որը ներկայացրեց դուստրը՝ Լիդա Բերբերեանը։ 

 

Նա ընթերցեց հետեւեալը՝ « 1915 թիւն էր ապրիլ 2-ի առաւօտեան երբ Վանում սկսւեց հայ-թրքական մեծ ընդհարումը, կենաց եւ մահու կռիւ»։ 

Այնուհետեւ յուշամատեանում բերում են մանրամասեր ըստ որի յաղթում են հայերը եւ այդ կռիւը կոչւում է «Ապրիլեան հերոսամարտ»։ Դրան յաջորդում է Վանի թուրք բնակչութեան խուճապահար փախուստը։ Քաղաքը մնում է հայերին, որոնք անմիջապէս բարձրանում են մօտիկ բլրակի վրայ եւ հրդեհում այնտեղ գտնւող «Կշլան» անունով թրքական զօրանոցը, որից յետոյ «24 ժամ Վան քաղաքը ողողւում է լոյսերի ծովի մէջ»։ Բայց երբ ռուսական բանակը նահանջում է յուշամատեանում կարդում ենք՝ « Հայերը այլեւս ի՞նչով, ի՞նչ յուշերով եւ ի՞նչ ուժերով պիտի դիմադրէին թրքական ահռելի բանակի դէմ, որ Ջաւդաթ փաշայի առաջնորդութեամբ եւ մեծ պատրաստութեամբ, պիտի գար Վան եւ իր վրէժի ցասման կրակը հայ ժողովրդի կարմիր արիւնով պիտի հանգցնէր»։ 

Հետեւաբար հայկական կենտրոնից հրահանգ է տրւում 1915 թւի յուլիս 15-ի բռնագաղթին։ Արշալոյսի հայրը գտնւում է գիւղում իսկ գաղթող ընտանիքին չի միանում 70ամեայ քեռմամէն, ով չի հաւատում եղելութեանը. «Դուք գժւել էք ինչ է, ես էսա իմ տուն-տեղ չեմ թողնի անտէր, անտիրական։ Դուք գնում էք՝ գնասէք, երեւի գնում էք ուխտի Սուրբ Վարագ»։ 

-Իմ սիրտը այրւում ու մղկտում էր,- գրում է Արշալոյսը։ Ամբողջ տնից տեղից, առաւել քեռմամից բաժանւելը շատ դժւար էր, բոլորիս խնդրանքին, լացին ու թախանձանքին քեռմամէն մնաց իր որոշման մէջ հաստատ…»։ 

«Արեւն արդէն քիչ-քիչ թեքւում էր դէպի արեւմուտք, պէտք է շտապել, լացով ու մղկտալով վերջին անգամ եւս համբուրեցին քեռմամուն՝ երեսն ու ձեռքերը, մինչ իսկ շորերը ու դառնացած սրտով փողոցի դուռը բացեցինք եւ …»։ «Այստեղ հետաքրքրական է շորերի համբուրելու ակնարկը, իբրեւ անցեալում սիրոյ եւ յարգանքի խորին արտայայտութիւն»։ 

Գաղթը տեւում է 12 օր, որի ահասարսուռ տեսարանները յուշագրութեան մէջ նկարագրւում է մանրամասնութեամբ։ Ժողովրդին օգնում են հայ կամաւորները եւ նոյնիսկ այդտեղից անցնող արաբական կարաւանի ուխտապանները։ Արշալոյսը միւսների հետ Էջմիածին է հասնում երեսի կաշին պլոկւած, ոտքերը ուռած, հագուստները կտրտւած։ Իսկ համաճարակը խլում է կեանքեր։ Վշտից հիւանդանում է հայրը, որը կանխատեսում է իր մահը. տնեցիներից խնդրում է, որ քահանան գայ եւ իր վերջին հաղորդութիւնը տայ։ Այդպէս էլ լինում է։ Աւետարանը ձեռքին նա ընդմիշտ փակում է աչքերը։ Նրան հողին են յանձնում Էջմիածնի ընդհանրական մեծ գերեզմանոցում։ 

Նկատի ունենալով ժամի լրումը, որոշւեց նիւթը շարունակել երկուշաբթի ապրիլի 18-ին, երեկոյեան ժամը 7-ին։