Մարտ ամսւայ առաջին շաբաթը հետաքրքրականօրէն առնչւած է կանանց հետ, այսպէս Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը նւիրւած է կանանց միջազգային աղօթքի օրւան, երբ կանայք առանց դասակարգի խտրութեան իրենց հաստատութիւնների, եկեղեցիների մէջ հաւաքւում եւ աղօթում են ընտանիքի, ընկերութեան, եկեղեցու եւ աշխարհի խաղաղութեան համար։ Ինչպիսի ազնիւ եւ դաստիարակիչ երեւոյթ։
Երկրորդ Մարտ 8-ն նւիրւած է կանանց եւ որպէս կանանց միջազգային օր այդ օրը աշխարհում ուշադրութեան կենտրոնական առանցքը կազմում են կանայք։ Այդ օրը նրանք շնորհաւորութիւններ են ընդունում, ստանում նւէրներ, իսկ կրօնական կամ եկեղեցական կազմակերպութիւններն էլ յատուկ աղօթքի պահեր են ստեղծում եւ աղօթքով իրարմով զօրանում։
Հայ ժողովուրդը իր կարգին նախաքրիստոնէական եւ քրիստոնէական շրջաններում ունեցած է տիպար, օրինակելի կանայք ովքեր եղել են ընտանեկան բարոյականութեան, հայրենասիրութեան, բարեգործութեան, ողորմածութեան խորհրդանիշներ իրենց ժամանակին մէջ։ Հայ կինը իր ամուսնոյն կողքին է եղել տնում, դաշտում, պատերազմում եւ զաւակների դաստիարակութեան վեհ գործում։
Հայր Վարդան Հացունի «Հայուհին պատմութեան առջեւ» արժէքաւոր գործի մէջ խոր ուսումնասիրութեամբ հայ մատենագրութեան ակունքներից դուրս է բերել անունները այն կանանց ովքեր նշանաւոր են եղել ամուսնութեան, մայրութեան, եկեղեցում եւ բարեպաշտութեան, բարեգործութեան, արւեստի, քաջութեան, տառապանքի եւ այլ բնագաւառների մէջ։
Կանանց միջազգային օրւան առիթով (8 մարտ) սրտանց շնորհաւորում ենք բոլոր կանանց, ի մասնաւորի հայ կանանց՝ նրանց մաղթելով շնորհաբեր, արեւշատ ու օրհնաբոյր կեանք, որպէս հայ ընտանիքի ՛՛թագուհի՛՛ ազնւական իր պարտականութիւնն ու պարտաւորութիւնը լաւագոյնս կատարէ։ Այս առիթով ողջունում եմ Արցախեան ազատագրական պայքարում մեր անմահանուն նահատակների մայրերին, ովքեր իրենց զաւակները որպէս անուշահոտ զոհ ընծայաբերեցին մեր ժողովրդի ազատութեան բագինի վրայ։
Խաղաղութիւն մեր բիւրաւոր նահատակների հոգիներին եւ առաւել ուժ եւ մխիթարութիւն այլեւ կորով, հաւատքի ու պայքարի անսպառ ոգի հայ մայրերին։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ