ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԻՐԱՆՈՒՄ ԿՐՕՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Շաբաթ թւականիս յունւարի 8-ին, Իրանի Իսլամական հանրապետութեան Արտաքին Գործոց նախարար դոկտ. Ամիր Աբդօլլահեանը Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնի առիթով Նախարարութիւնում հիւրընկալեց կրօնական համայնքների առաջնորդներին եւ Իսլ. խորհրդարանում պատգամաւորներին:

Այդ իսկ առիթով Թեմիս Բարեխնամ Առաջնորդն ընկերակցութեամբ Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսէսեանի իր մասնակցութիւնը բերեց այդ հանդիպման: Միջոցառմանը ներկայ էին նաեւ Ի.Ի. խորհրդարանում զոյգ պատգամաւորներ պարոնայք՝ Ռոբերտ Բէգլարեանը եւ Արա Շահվերդեանը, ով ներկայացել էր իր տիկնոջ Ալենուշ Շահնազարեանի հետ:

Միջոցառման սկզբում տեղի ունեաւ ծանօթութիւն, որի ընթացքում իւրաքանչիւրը նախարարի եւ արտաքին գործոց նախարարութեան հասցէին ու Իրանի համար բարեմաղթանքներ հնչեցրին:

ԱԳ Նախարարն եւս իր հերթին ջերմօրէն շնորհաւորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօները յայտնեց, որ փոքրամասնութիւնների առաջնորդների եւ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ յարաբերութիւնների զարգացումն ԱԳ նախարարութեան ծրագրերից է եւ այդ իսկ առումով նրանցից խնդրել է նրանց աջակցութիւնը՝ մեր երկրի ժողովրդի եւ ազգային շահերի պաշտպանութեան եւ դիւանագիտական ջանքերին նպաստելու ուղղութեամբ:

Ընդունելութեան ընթացքին արծարծւեց այն իրողութիւնը, որ Իրանում բոլոր կրօնների հետեւորդներն ու ժողովուրդները կողք կողքի ապրելով՝ խաղաղ համատեղ համակեցութեամբ պահպանում են իրենց ինքնութիւնը եւ Իրանը որպէս բազմամշակութային երկիր կրօնների եւ քաղաքակրթութիւնների երկխօսութեան ռահվիրա է ճանաչւում:

Հանդիսութեան ընթացքին պրն. Նախարարը անդրադարձաւ նաեւ Իրանում եւ արտասահմանում ապրող իրանահպատակ կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքներն եւ նրանց երթեւեկութեան ու շահերի պաշտպանութեան համար ստեղծւած դիւրութիւններին: Նաեւ յոյս յայտնեց, որ փոքրամասնութիւններում առկայ բարոյական եւ թէ նիւթական ներուժը կիրացւի բոլոր ոլորտներում: Նա իր խօսքի աւարտին Իրանում ապրող կրօնների ներկայացուցիչներին Իրանում առկայ ազատութեան ջադակովները համարեց:

կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները նաեւ իրենց հերթին ԱԳ նախարարին շնորհակալութիւն յայտնեցին հիւրընկալութեան եւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների համար գոյակցութեան անհրաժեշտ պայմաններ եւ իրաւունքներ ստեղծելու համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ