Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 23-րդ նիստը

«ԱԼԻՔ» - Երեքշաբթի, մարտի 8-ին, 30 պատգամաւորների մասնակցութեամբ, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական՝ 23-րդ նիստը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ ատենապետութեամբ ճրտգ. Նորայր Արամեանի՝ նիստը մեկնարկւեց Տէրունական աղօթքով եւ «Զգործս ձեռաց մերոց...» յաջողութեան մաղթանքով:

Երկօրեայ ժողովի օրակարգը յագեցած է 8 կէտերով: Ներկաների թւային պատկերի ստուգումից յետոյ, որը ժողովի 2-րդ օրակարգն էր, ատենապետը նշեց, որ նախորդ Պ. Ժ.-ի նիստից 4 ամիս անց գումարւում է 23-րդ նիստը եւ կարեւորութեամբ անդրադարձաւ Իսլ. խորհրդարանական 10-րդ շրջանի ընտրութիւններին, համայնքի ակտիւ մասնակցութեանը, նշեց, որ բարեբախտաբար նախորդ 4 տարւայ ընտրութիւնների համեմատութեամբ քւէարկողների թւային պատկերը գրեթէ մնացել է անփոփոխ: Նա ժողովի անունից շնորհակալութիւն յայտնելով ժողովրդին եւ շնորհաւորելով նիստին ներկայ վերընտրւած պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին, հրաւիրեց նրան արտայայտւելու: Դոկտ. Խանլարեանը, ողջունելով առողջ ընտրութիւնների կայացումը, աննախադէպ համարեց Թեհրանի եւ հիւսիսային ընտրատարածքում 6 թեկնածուների առաջադրւելը, դա բնութագրելով համայնքի ակտիւութեան եւ երկրի ճակատագրի նկատմամբ իրանահայութեան դրսեւորած նախանձախնդրութեան խորհրդանիշ:

Օրակարգի 3-րդ գլխի տակ ժողովը ունկնդրեց Կրօնական խորհրդի մէկամեայ աշխատանքների մանրամասն զեկոյցը, որը առնչւում էր եկեղեցական-ազգային տօների եւ ամեակների ոգեկոչմանը, հրատարակչական աշխատանքներին եւ միջազգային ու երկրի մասշտաբում կայացած համագումարներին, թեմակալ առաջնորդի եւ Կրօնական խորհրդի ու յարակից բաժինների մասնակցութեանը:

Զեկոյցը ընթերցեց խորհրդի ատենադպիր Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, որից յետոյ պատգամաւորներին առիթ տրւեց հարցումների:

Օրակարգի 4-րդ գլխի տակ ժողովը ունկնդրեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի մէկամեայ աշխատանքային զեկոյցը՝ 25 փետրւար 2015-ից առ 6 մարտ 2016-ը: Մանրամասն զեկոյցը, որը ներկայացրեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանը, պարփակում էր հինգ հիմնական գլուխներ՝ կազմակերպական, ազգային մարմինների գործունէութիւն, յանձնախմբերի գործունէութիւն, Թ. Հ. թեմի յարակից շրջանների հարցեր եւ գործունէութիւն եւ այլ աշխատանքներ: Յիշեալ հինգ գլուխներից իւրաքանչիւրը բաժանւած էր ենթագլուխների:

Ազգային մարմինների գործունէութիւն գլխի տակ ամփոփւած էին՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, Շինարարական մարմնի, Կալւածային մարմնի, «Ա. Աւետիսեան» բուժարանի եւ խնամակալ մարմնի, Կարիքաւորներին օժանդակող մարմնի, Դատական խորհրդի, Յարաբերական մարմնի, «Արտակ Մանուկեան» թանգարանի, Ուսանողական ֆոնդի եւ գերեզմանատների վարչութեան ծաւալած աշխատանքները:

Յանձնախմբերի գլխի տակ ամփոփւած էր՝ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեակի յանձնախմբի, Հայաստանի 6-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի աշխատանքները:

Զեկոյցից յետոյ պատգամաւորներին առիթ տրւեց հարցումների, որոնք առնչւում էին ՀՀ դեսպանութեան շէնքը «Վաչէ Յովսէփեան» համալիր փոխադրելուն, ազգապատկան մի շարք կալւածների ու շինութիւնների կարգավիճակին: Հարցերին սպառիչ պատասխաններ տւեցին Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանն ու միւս անդամները: Ժողովին ներկայ էր նաեւ Հաշւեքննիչ մարմինը: