ԱՍԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՌ ՑԱՆՑ ԺՈՂՈՎԸ

27-28 նոյեմբեր 2020-ին կայացաւ Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութեան առ ցանց ժողովը, որին ի պաշտօնէ մասնակցեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ժողովին բերելով իր գործօն մասնակցութիւնը։

Երկու օրերի վրայ տարածւած ժողովը իր յաջորդական նիստերի ընթացքին լսեց ու քննարկումների առարկայ դարձրեց ընդհանուր քարտուղար դկտ. Մաթիոս-ի բովանդակալից զեկոյցը, 2019 յուլիսից մինչեւ 2020 սեպտեմբեր, կատարւած աշխատանքների, կազմակերպւած համագումարների մասին։ Այնուհետեւ գանձապահը իր կարգին հանգամնալից զեկոյց ներկայացուց Խորհրդի նիւթական գործառնութեան եւ Խորհրդի տնտեսական կացութեան մասին։

Գործադիր Վարչութեան վերջին նիստին ժողովականները լսեցին ընդհանուր քարտուղարի զեկոյցը Ասիայի Եկեղեցիների Խորհրդի յառաջիկայ 15-րդ Ընդհանուր Համաժողովի գումարման հետ կապւած հարցերին։ Ժողովականները լսելուց յետոյ ընդհանուր քարտուղարի զեկոյցն ու առաջարկները այդ ուղղութեամբ Ընդհանուր Համաժողովի թւականը յետաձգեց մինչեւ 2022 մայիս-յունիս ամիսներին, իսկ վայրը առայժմ նկատի առնւեց Ինդոնեզիա։

Ժողովականները մեծապէս գնահատեցին ընդհանուր քարտուղարի ճիգերը Խորհրդի եւ անոր միաւորների գործունէութեան հետ կապւած առ ցանց կազմակերպւած ժողովներին, ուսուցողական դասընթացներին։ Յայտնենք որ անցեալ տարեշրջանին այդ ժողովական աշխատանքներին Իրանից մասնակցեցան Օրդ. Արինէ Մինասեանը Նոր Ջուղայից եւ Բարշ. Անի Քրիսթի սարկաւագուհի Մանւէլեանը, որոնք իրենց գործօն մասնակցութիւնը բերին ժողովական աշխատանքներին։

Ժողովը իր աշխատանքները աւարտեց, փառաբանական աղօթքով, շաբաթ 28 նոյեմբերի կէսօրին։ Յայտնենք, որ ժողովը իր աշխատանքները սկսած էր աղօթքով եւ Աստւածաշնչի մի հատւածի ընթերցումով ու մեկնաբանութեամբ։

ԹՂԹԱԿԻՑ

28 Նոյեմբեր 2020
Թեհրան