ԿՈՉ ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՆ ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԵԱՆ

Խոր ցաւով ու դառն կսկիծով տեղական եւ միջազգային զանգւածային լրատւամիջոցներից լսեցինք գիտնական Մոհսէն Ֆախրիզադէի անարգ մահւան լուրը, ըստ երեւոյթի ահաբեկչական մի խմբակի կողմից, որի ետին կանգնած կը թւի լինել Իսրայէլը։ Մոհսէն Ֆախրիզադէն իրանեան գիտական աշխարհի, յատկապէս աթոմական ուժանիւթի ոլորտում բացառիկ այն դէմքերից էր, որ գործում էր երկրի եւ մարդկութեան գիտական մտքի զարգացման ոլորտում։
Մենք մի առիթով առիթ ենք ունեցել իր հետ հանդիպելու, հակառակ իր գիտական բարձր կրթութեան, համեստ ու խոնարհ իր նկարագրով մի անձնաւորութիւն էր հանգուցեալ նահատակը։

Այս տխուր առիթով յանուն իրանահայ մեր համայնքի, յատկապէս Թեհրանի Հայոց Թեմի մեր ժողովրդի ու ողջ ժողովականութեան ցաւակցում ենք երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենէի, Հանրապետութեան վսեմաշուք նախագահին եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան ողջ ժողովրդին եւ հանգուցեալի գործընկերներին եւ ընտանիքի բոլոր պարագաներին. միաժամանակ խստօրէն դատապարտում ենք անմարդկային այս ոճիրը, որի հիմնական նպատակը եղել է ապակայունացնել Իրանի Իսլամական Հանրապետութեան ժողովրդի խաղաղ կեանքը։
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը իր ժողովրդով եւ կառավարութեամբ ուժեղ է ու զօրաւոր եւ խաղաղութեան ու համատեղ կեցութեան վայր։
Կրկին անգամ վշտակցում ու զօրակցում ենք հոգեւոր առաջնորդին եւ հանգուցեալի ընտանեկան պարագաներին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
28 Նոյեմբեր 2020
Թեհրան