Իրանի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները մամլոյ ասուլիսի ընթացքում՝ դատապարտեցին կրօնական սրբութիւնների նկատմամբ անարգալից վերաբերմունքը

Ուրբաթ, հոկտեմբերի 30-ին, երեկոյեան Արեւելեան Ասորի եկեղեցու յատուկ հրաւէրով Ս. Գէորգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս Կրօնական սրբութիւնների նկատմամբ անարգալից վերաբերմունքը դատապարտելու նպատակով:
Այս ասուլիսին ներկայ էին՝ ասորի, քաղդէական կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ՝ Հայր Վանիա Սարգիսը, Ասորի Աւետարանական հոգեւոր հովիւ՝ Նինուս Մողադասնիան, հրեայ համայնքի հոգեւոր հովիւ՝ Հախամ Համամի Լալեզարը եւ Իսլամական մշակոյթի ու քարոզչութեան փոքրամասնութիւնների պատասխանատու՝ Ալիփուրը եւ հիւրընկալ Մար-Ներսէյ Բենիամին արքեպիսկոպոսը: Հանդիպմանը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կողմից ներկայ էր Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը։

Հանդիպումը մեկնարկեց Յովհաննէսի Աւետարանի ընթերցմամբ եւ Իրանի պետական հիմնով, ապա Արեւելեան ասորի եկեղեցու առաջնորդ արք. Մար-Ներսէյ Բենիամինը Աւետարանական մէջբերումներով քննադատեց մարդկային ազատութիւնը կանխող արարքները: Հախամ Համամի Լալեզարը Հին Կտակարանեան մէջբերումներով կարեւորեց հարեւանին եւ նրա հաւատալիքները յարգելու պարտաւորութիւնը:

Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը իր հերթին անդրադարձաւ, թէ Աստւած մարդուն իր նմանութեամբ ստեղծեց եւ իր հոգին նրան պարգեւելով, իր գերագոյն ստորոգելիներից՝ արդարութիւնն եւ ազատութիւնը զետեղեց նրա մէջ։ Քահանայ հայրը յաւելեց՝ արդարութեան արտայայտիչ ազդակներից մէկը մարդասիրութիւնն է եւ միմեանց նկատմամբ հաւատքն ու կրօնական աւանդոյթների յարգելը եւ եթէ այդպէս ընթանանք աշխարհում կը տիրի համատարած խաղաղութիւնը։ Ապա անդրադառնալով ազատութեանը, ակնարկեց, որ մարդը Աստծու ընծայած ազատութեան դիմաց հաշւետու է, եւ իր ազատութիւնով չպիտի ոտնակոխի իր հարեւանի ազատութիւնը։
Նա իր ելոյթում մէջբերում կատարելով Պօղոս Առաքեալի խօսքերը, շարունակեց. «Ես որպէս քրիստոնեայ, այնպէս պիտի ապրեմ, որ Քրիստոսին ներկայացնեմ։ Իւրաքանչիւր Քրիստոնեայ պիտի լինի Քրիստոսը ներկայացնող կենդանի նամակ, կենդանի նամակ, որ արտայայտում է Քրիստոսի սէրը։ Նա, որ սէր ունի երբեւէ, չի ոտնակոխի ուրիշ կրօնների եւ ազգերի իրաւունքները»։ Նա նաեւ դատապարտեց պատերազմների ընթացքում հիւանդանոցների եւ ծննդատների ռմբակոծումը։

Քահանայ հայրը անդրադառնալով Իսլ. յեղ. հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիին նշեց. «Երբ ֆրանսիայում մի խումբ հայեր նրան դիմելով, հարցրել էին, թէ յեղափախութիւնից յետոյ իրանահայ համայնքի իրավիճակը ի՞նչ է լինելու, նա պատասխանել էր, ոչ ոք իրաւունք չի ունենայ ոտնակոխել նրանց իրաւունքը, քանի որ նրանք մեր քոյրերն ու եղբայրներն են։ «Իրանը Թուրքիա չէ, որ ցեղասպանութիւն կազմակերպի»։
Քահանայ հայրը ընդգծեց. «Յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Խամենէին եւս Ղորանի հրկիզման դէպքում, յայտարարել էր, թէ Իրանի քրիստոնեաների հաշիւը ջոկ է անարգողներից։

Իր ելոյթում Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը մատնանշեց այն իրողութեան, որ Իրանի ղեկավարները ոչ թէ միայն հոգ են տանում իրենց երկրի խաղաղութեան համար, այլ տարածաշրջանում եւս պայքարում են խաղաղութեան եւ արդարութեան համար։ Նա ընդգծեց, որ նահատակ զօրավար հաջ. Ղասեմ Սոլէյմանին այս իրողութեան կենդանի օրինակն էր, անձնաւորութիւն, որ Իրաքում եւ Սիրիայում պաշտպանեց նաեւ քրիստոնեաներին եւ հայերին։

Քահանայ հայրը իր խօսքի աւարտին, եզրակացրեց. «Մենք պիտի ապրենք այնպէս, որ լինենք Աստծու պատկերի արտացոլանքը, քանզի Աստւած խաղաղութեան Աստւած է եւ ոչ խռովութեան։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ