ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ

27 սեպտեմբեր 2020-ի առաւօտեան կանուխ ժամերից սկսեալ Արցախի խաղաղ բնակչութիւնը դաժան ու վայրագ յարձակման է ենթարկւում։ Ադրբեջանը հովանաւորւած հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Թուրքիոյ կողմից փորձում է հերոսական Արցախը գրաւել ու բնաջնջել Արցախահայութիւնը. թշնամին մոռացել էր սակայն որ հայը հաւատարիմ իր հայրենի հողին, հոգեւոր, ազգային, մշակութային արժէքներին ու կոթողներին միշտ իր կեանքի գնով պաշտպանած, պաշտպանում եւ պաշտպանելու է իր հայրենիքը։

Անցնող 13 օրերի հայոց քաջարի բանակի, մեր աննման զինւորների սխրանքների շնորհիւ մեր ժողովուրդը աշխարհով մէկ բռունցքւած ու միակամ եւ միասիրտ եղած լինել չլինելու գոյապայքարը հերոսաբար ու անպայմանօրէն յաղթելու վճռականութեամբ մղում է։ Հոկտեմբերի 8-ին թշնամին ծրագրւած, դիտաւորեալ թիրախաւորումով հարւածեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին այն մեծ վնասների ենթարկելով։ Առաջին անգամ չէ, որ թուրքը իր արբանեակներով հարւածում է հայոց հաւատքի ու մշակոյթի խորհրդանիշ եղող մեր եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները։ Հայը սակայն հաւատքով ու յոյսով զրահաւորւած վերականգնել է իր եկեղեցիները եւ վստահաբար վերականգնելու է նաեւ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։

Անօրէն թշնամին քրիստոնէական եկեղեցիներն ու կոթողները թիրախաւորումով, իր ատելութեան ու թշնամութեան մէջ մոռանում է, որ աշխարհի կրօնները եւ յատկապէս Միաստւածեան կրօնները կոչւած են խաղաղութեան, սիրոյ, եղբայրութեան եւ իսլամ-քրիստոնեայ համատեղ կեցութեան պատգամախօսները լինելու։ Այս իրողութիւնից մեկնելով կոչ ենք անում միջազգային, շրջանային եւ տեղական կրօնական եւ եկեղեցական կառոյցներին, որ կոչ ուղղեն Ադրբեջանին եւ Թուրքիային, որ վերջ դնեն իրենց սանձազերծած վայրագ յարձակումներին, որոնց երկու կողմերից զոհ են գնում հարիւրաւոր, հազարաւոր անմեղ զոհեր։

Հայ ժողովուրդը իր դարաւոր պատմութեան ընթացքին միշտ հետամուտ է եղել խաղաղութեան եւ ժողովուրդների համեղբայրութեան հաստատման։ Սակայն թուրքը ճիշդ հակառակը փորձած է բնաջնջել մեզ. սրա անուրանալի փաստը Հայոց Ցեղասպանութեան իրագործումն էր 1915-ին, որի շարունակութիւնը ուզում է ամբողջացնել իր, Ադրբեջանի եւ ահաբեկչական տարբեր խմբաւորումների հազարաւոր վարձկանների համատեղ գործակցութեամբ։

Կրկնում ենք խաղաղութեան մեր կոչն ու միաժամանակ դատապարտում թշնամուն խաղաղ բնակչութեան ռմբահարումն ու հրետակոծումը։

Աղօթում ենք մեր նահատակների հոգիների խաղաղութեան համար, նրանց ծնողների մխիթարութեան ի խնդիր, կրկնելով սաղմոսերգու Դաւիթ մարգարէի հետեւեալ աղօթքը.-
Ո՜վ, Տէր լսիր աղաղակս, նայիր հեծեծանքներիս, լսիր աղօթքս, ով իմ թագաւոր եւ Աստւած, աղաչում եմ քեզ. Ո՜վ Տէր, վաղ առաւօտից լսում ես կանչս, վաղ առաւօտից քեզ եմ բարձրացնում աղօթքս եւ սպասում եմ պատասխանիդ. Տէ՜ր, քո արդարութեամբ առաջնորդիր ինձ, քո ճամբան հարթիր իմ դիմաց, որպէսզի դարանամուտ թշնամիներս տեսնեն, որովհետեւ նրանց բերանը լի է ստութեամբ եւ նրանց սիրտը լեցուն չարութեամբ…

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախաւորումը խիստ կերպով դատապարտելի է եւ միաստւածեան երկու կրօնների՝ քրիստոնէսութեան եւ իսլամութեան համար ընդունելի չէ։
Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց Քրիստոս Աստւած մեր։ Պահեա եւ պահպանեա եւ զօրացրու մեր քաջարի բանակը եւ մեր ժողովուրդը, որպէսզի Աստուծոյ օրհնութեամբ շարունակեն իրենց կեանքը իրենց հայրենի հողի վրայ։ Ամէն։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

10 Հոկտեմբեր 2020