ՅԱՐԳԱՆՔԻ ԽՕՍՔ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆԻ

 


Հինգշաբթի, 27 օգոստոս 2020-ի կէսօրին իր մահկանացուն կնքեց գաղութիս ազգայիններից, ազգային-հասարակական գործիչ, բարերար եւ գործարար Լեւոն Ահարոնեանը։

Վերջին 60 տարիներին իրանահայ եւ յատկապէս թեհրանահայ կեանքի վրայ խոր դրոշմ ձգած անձնաւորութիւն է եղել Լեւոն Ահարոնեանը, որ իր ողջ կեանքը ապրեց ու գործեց իր ազգի եւ հայրենիքի կեանքում իր ներդրումը բերելու հեռանկարով։ Ոչ միայն հայ կեանքում այլեւ իրանեան առեւտրական, փոխադրական ու շինարարական աշխատանքներում իր մեծ դերակատարութիւնը ունեցաւ։ Սաթի միջազգային փոխադրական ընկերութիւնը Իրանի ողջ տարածքին իր անգնահատելի ծառայութիւնը մատուցել է։ Եղել է գլխաւոր հիմնադիրներից Իրան-Հայաստան առեւտրի պալատի։

Ազգային մեր եկեղեցական կեանքում եղել է գործունեայ ժողովական։ Եղել է Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի անդամ եւ Թեմական Խորհուրդի ատենապետ երկար տարիներ։ Իբրեւ այդպիսին մասնակցել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Պատգամաւորական Ժողովներին կաթողիկոս ընտրելու համար։

Լեւոն Ահարոնեանը եղած է մեծ բարերար եւ գրասէր ու գրքասէր ազգային։ Իր բարերարութեամբ կառուցւել է Թեհրանի Զէյթուն քաղաքամասի Ազգային Ա. Ա. Ահարոնեան մանկապարտէզը։ Հայ Դատի հերթական դրամահաւաքին մասնակից-նւիրատուներից էր։

Հայաստանի վերանկախացումից յետոյ նա առանցքային դերակատարութիւն է ունեցել Իրան-Հայաստան առեւտրական յարաբերութիւնների ձեւաւորման եւ զարգացման գործում։
Երեւանի Զէյթուն շրջանի թիւ 136 դպրոցը, որ հրդեհի պատճառով քանդւած վիճակի մէջ էր նա իր հանգուցեալ տիկնոջ հետ միատեղ որոշեց հիմնովին վերականգնել այդ դպրոցը, որի վերաբացումը կատարւեց մեծ շուքով։ Իր բարերարութեամբ վերանորոգւեց Երեւանի Բնապահպանութեան թանգարանը։

Իր երախտարժան աշխատանքներից է եղել «Հայ դպրոց» հիմնադրամի հաստատումը, որով Երեւանի եւ շրջանի դպրոցների նստարանների նորոգութիւնն էր կատարւում։

Որպէս գրասէր մտաւորական Լեւոն Ահարոնեան եղել է նաեւ «Յոյս» երկշաբաթաթերթի հիմնադիրն ու տնօրէնը։

Լեւոն Ահարոնեանը եղած է եկեղեցասէր ու բարեգործ հայորդի, որ իր նիւթական ու բարոյական ուղղակի եւ անուղղակի զօրակցութիւնն է բերել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսութեան։

Այս տխուր առիթով յանուն թեմիս Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների, Հաշւեքննիչ Մարմնի, ողջ ժողովականութեան եւ ժողովրդի, խորապէս ցաւակցում ու վշտակցում ենք հանգուցեալի որդւոյն՝ Վահէ Ահարոնեանին եւ իր ընտանիքին ու Ահարոնեան հարազատներին։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

29 Օգոստոս 2020