ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՑԱՒԱԿՑՈՒՄ Է

Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, Իսլամական Յեղափոխութեան Առաջնորդի գերագոյն խորհրդական եւ Իսլամական Յարանւանութիւնների մերձեցման համաշխարային խորհրդի նախագահ՝ այաթ. Մոհամմադ Ալի Թասխիրի մահւան առիթով, վշտակցութեան եւ ցաւակցութեան նամակ յղեց, ԻԻ Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ՝ այաթ. Ալի Խամէնէին եւ հանգուցեալի եղբօր, Կրօնների եւ մշակոյթների երկխօսութեան կենտրոնի նախագահ՝ հոջ. Մոհամմադ Մեհդի Թասխիրիին:

Ստորեւ ներկայացւում է Սրբազան Հօր յղած վշտակցութեան նամակի բովանդակութիւնը՝

Իսլամական Յեղափոխութեան Մեծարգոյ Առաջնորդ
Այաթօլլահ Խամէնէյի

Սրտի խոր կսկիծով տեղեկացանք այն մասին որ թւականիս օգոստոսի 18-ին վախճանւել է Իսլամական Յարանւանութիւնների մերձեցման համաշխարհային խորհրդի նախագահ և իսլամ աշխարհի հարցերով առաջնորդի խորհրդական, կրօնական հարցերի մեծ ու ականաւոր գիտակ Այաթօլլահ Մոհամմադ Ալի Թասխիրին:

Հանգուցեալն իր բեղմնաւոր կեանքի ընթացքում արժէքաւոր ծառայութիւններ մատուցեց Իրանում տարբեր կրօնների ու դաւանանքների միջեւ մերձեցմանն ու համախոհութեանը, այնպէս որ տարիներ շարունակ մասնակցելով Իրանում, Լիբանանում, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանում, Ժնևում ու Կատարում կազմակերպւած համաժողովներին գործնականում ապացուցեց իր խոր բարեկամութիւնն ու յարգանքը:

Վերջին 30 տարիների ընթացքում անձամբ բարեկամական խոր, անկեղծ ու մտերմիկ յարաբերութիւններ եմ ունեցել հանգուցեալի հետ:

Այս ցաւալի կորստի կապակցութեամբ իմ վշտակցութիւնն եմ յայտնում Ձեզ և հանգուցեալի հարազատներին: Աղօթում ենք առ Աստուած, որ իր արքայութեանն արժանի դարձնի հանգուցեալի հոգին եւ համբերութիւն ու մխիթարանք պարգեւի նրա հարազատներին:

Աղօթարար
Սեպուհ Արք. Սարգսեան
Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի