Թեմական խորհրդի ներկայացուցիչների այցը՝ Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարան


Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհուրդը կարեւորելով տարբեր շրջանների Քաղաքապետարանների հետ երկկողմ յարաբերութիւնների ամրապնդումն ու առաւել ընդլայնումը, յաճախ կապ է հաստատում այն շրջանների պատասխանատունների հետ, որոնց սահմաներում են գտնւում՝ հայահոծ թաղամասերը, Թեմիս եկեղեցինները եւ թեմապատկան կալւածները:

Ըստ այդմ, կիրակի 26 յուլիս 2020 թ.-ին Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարան այցելեցին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, նոյն խորհրդի ատենադպիր՝ Վահէ Թարոյեանը, Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը եւ կտակա-կալւածային մարմնի անդամ՝ Ռենէ Փիազաքը:

Հիւրերին ընդունեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Ֆարհադին եւ նոյն շրջանի Մշակութային բաժնի պետ՝ պրն. Սոբհանին:

Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը նախ շնորհակալութեամբ արտայայտւեց ընդունելութեան եւ քաղաքապետարանի սերտ յարաբերութիւնների կապակցութեամբ: Այնուհետեւ ատենապետը համապարփակ բացատրութիւններ փոխանցեց կառոյցի հարցերի եւ խնդիրների վերաբերեալ:

Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Ֆարհադին տարբեր առիթներով այցելել է Ազգային առաջնորդարան եւ լաւատեղեակ է համայնքում կատարւող աշխատանքներից, նա տարիներ բնակւել է հայահոծ թաղամասերում եւ բարիացակամ մօտեցում ունի հայերի նկատմամբ:
Հանդիպման ընթացքում խօսւել է քաղաքապետարանին կապւող հարցերի շուրջ, ճրտգ. Նորայր Արամեանը առիթը պատեհ համարելով օժանդակութեան դիմում է ներկայացրել թեմապատկան Սանայի-Մոթահարի պողոտաում գտնւող «Գաբրիէլեան» անւամբ շէնքի նախագծի շինարարական արտօնութիւնը վաւերացնելու ինչպէս նաեւ քարտէզի եւ պլանի ձեւակերպման հաստատումը ստանալու կապակցութեամբ:

Քաղաքապետն իր հերթին խոստացել է՝ արտօնագրի հաստատման գործընթացն սահուն ընթանալու առընչութեամբ, պատկան մարմինների եւ պատասխանատունների հետ հարկ եղած համադրումները կատարել:

Հանդիպման աւարտին կողմերը յաջողութիւն մաղթելով միմեանց, յոյս յայտնեցին շարունական լինեն երկկողմ փոխհամագործակցութիւնները:

Ազգային Առաջնորդարանի հանրութեան հետ կապ