Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Ս. Աստւածածնի տուփի գիւտի տօնը նշում է Հոգեգալստեան հինգերորդ կիրակի օրը: Ս. Աստւածամօրը նւիրւած այս տօնը սահմանւել է հետեւեալ առիթով:

Աւանդութիւնն ասում է, որ Ս. Կոյսը իր գլխանոցը նւիրել էր իր հետ ապրող մի հրեուհու: Պատմւում է, թէ Կ. Պոլսեցի երկու ազնւազարմ յոյն եղբայրներ՝ Գալբիասը եւ Կանտիտասը, որոշում են ուխտի գնալ Երուսաղէմ՝ Պաղեստինի սրբավայրերը: Նրանք Նազարէթում, Աւետման եկեղեցու վայրում, նկատում են, որ տեղաբնակ հիւանդների ու կոյրերի մեծ բազմութիւն է հաւաքւել:

Հետաքրքրութիւնից մղւած՝ նրանք մօտենում են ամբոխին եւ տեղեկանում, որ այնտեղ, մի տուփի մէջ պահպանւում է Աստւածամօր զգեստը, որ նախնիներից ժառանգաբար հասել էր տանտիրուհուն եւ որի զօրութեամբ հիւանդներ էին բժշկւում:

Երուսաղէմ հասնելով՝ նրանք նմանօրինակ տուփ են պատւիրում եւ, վերադառնալով Նազարէթ, ծածուկ կերպով փոխանակում են հրեայ կնոջ տան տուփի հետ: Այսպէս, նրանք վերադառնում են Կ. Պոլիս՝ իրենց հետ բերելով այդ սրբութիւնը: Շուտով նրանց տանը սկսւում են հրաշքներ կատարւել, որի մասին տեղեկանում է Բիւզանդացի Լեւոն Մեծ կայսրը (457-474թթ.) Նրա հրահանգով քաղաքի եպիսկոպոսը յիշեալ սրբութիւնը հանդիսաւորապէս զետեղում է Ս. Աստւածամօր անունը կրող եկեղեցում: Այդ յիշարժան դէպքի առիթով սահմանւում է «Գիւտ տփոյ Ս. Աստւածածնի» տօնը, որը Հայ եկեղեցին սկսել է տօնել 18-րդ դարից: 1774թ-ին այս տօնը իր կազմած տօնացոյցում է ընդգրկել Սիմէոն Երեւանցի կաթողիկոսը: