Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՔՈՐՈՆԱԺԱՀՐ ՀԱՄԱՃԱՐԱԿԻՑ ՅԵՏՈՅ

 

Քորոնաժահր համաճարակի յայտնութիւնից յետոյ, մարդկութիւնը անակնկալօրէն եւ անսպասելի կերպով կեանք ու մահ կոչւած իրականութեան դէմ յանդիման գտաւ ինքն իրեն։ Աստւածապարգեւ կեանքը գիտակից մարդ արարածի համար մեկնակէտ է, որ նա իր աստւածահաճ ընթացքով կարողանայ յաղթել մահւան։

Ասիայի Եկեղեցիների Խորհուրդի Ընդհանուր Քարտուղարութեան կազմակերպութեամբ առ ցանց հարցազրոյցներ կազմակերպւեցին գլխաւորաբար քորոնաժահր համաճարակի ունեցած ազդեցութեան մարդու, ընկերութեան, հաստատութեան, քաղաքական ուժերի, պետութեան, տնտեսութեան, գիտութեան այլ խօսքով բոլոր այն երեւոյթների վրայ, որոնք առնչւած են մարդ արարածի կեանքի եւ շրջապատի հետ։

Հարցազրոյցին մասնակցողները Ասիայի զանազան երկրներից եկեղեցական պատասխանատու մարդիկ էին։ Թայլանտ, Հարաւային Քորէա, Ինդոնեզիա, Հնդկաստան, Փաքիստան, Ճաբոն, Հոնկ Քոնգ, Իրան եւ այլ երկրների ժողովուրդների վրայ ունեցած ազդեցութիւնը, բոլոր ոլորտների մէջ, առանցքը եղաւ աւելի քան երկու ժամ տեւող հարցազրոյցին։

Մեզի ուղղւած երկու հարցումներից՝ առաջին ինչպէ՞ս էք դիմագրաւում քորոնաժահր համաճարակը եւ երկրորդ՝ որպէս քրիստոնեայ ի՞նչ էք անում այն յաղթահարելու։

Քրիստոնեայ մարդը ապրում եւ առաջնորդւում է հաւատքով, յոյսով եւ սիրով։ Երեք այս առաքինութիւնները հոգեւոր զէնքերն են, որոնցով հայ եկեղեցու յանձնառու հաւատացեալը գործում է։ Գեղեցիկ է Պօղոս առաքեալի հաւատքի սահմանումը, «Հաւատ, ասում է առաքեալը, նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդէպ յոյս ունենք, եւ համոզւած լինել այն բաներին, որոնք չեն երեւում» (Եբ. 11։1)։

Դժւարութիւնները կեանքի անբաժան մասն են. քրիստոնեայ լինել նշանակում է միշտ պատրաստ լինել երեւակայելի եւ աներեւակայելի նեղութիւններին, դժւարութիւններին եւ հալածանքներին. էականը յոյսով կառչած մնալն է կեանքին, քանի որ յոյսը մարդս ամօթով չի թողնում, շեշտում է Առաքեալը։

Հոգեւոր զէնքերով եւ քրիստոնէական հաւատքով սպառազինւած քրիստոնեան կը կարողանայ յաղթահարել իր առաջին պատնեշւող դժւարութիւնները։ Միւս մասնակիցները եւս կարեւորութեամբ շեշտեցին այս համաճարակի մեծ վտանգ լինելը եւ ասացին «Պէտք է համատեղ կերպով աշխատենք, որ չնւաճւենք այս համաճարակից, թոյլ չտանք, որ այն մուտք գործի մեր կեանքում, մեր մտքում, թէեւ յայտարարւած սահմանափակումները, ցնցեցին մեզ» ըսին հարցազրոյցի մասնակցողներն ու մեթրոպոլիտ Դկտ. Եաքոբ Մար Իրենայոսը։ Այս երեւոյթը ստիպողաբար մղեց եկեղեցին, եկեղեցիները ինքնաքննութեան, վերատեսութեան ենթարկելու իր գործելակերպն ու աշխատելաձեւը։

Ոչ միայն Ասիայի Եկեղեցիների Խորհուրդը, այլեւ Համաշխարհային Եկեղեցիների Խորհուրդը եւ շրջանային խորհուրդները իրենց կարգին գործի լծւեցին բոլոր բնագաւառների եւ ոլորտների մէջ։ Եկեղեցիների կողքին պետութիւնները, կազմակերպութիւններն ու միութիւնները, գիտահետազօտական կենտրոններն ու գիտական աշխատանոցները համագործակցաբար եւ առանձնակի մեղւանման աշխատանքի են լծւել համաճարակի յայտնաբերումից ի վեր։

Եկեղեցին պիտի ծառայի որպէս յոյսի եւ համբերութեան աղբիւր. յոյսով ու համբերութեամբ գործողը Աստծու օրհնութեան է արժանանում ի վերջոյ այդ օրհնութիւնը վերածւում է աղօթքի եւ բժշկութեան, մի բան որին բոլորս խիստ կարիքը ունենք։

Քորոնաժահր համաճարակը անկոչ հիւրի պէս եկաւ, մտաւ մեր կեանքում եւ այդ կեանքը հիմնովին տակն ու վրայ արեց։ Երկիրների աշխարհական եւ հոգեւոր ղեկավարները, որոնք համաճարակի յայտնաբերման առաջին օրերին որոշ անտարբերութեամբ մօտեցան հարցին, սակայն շուտով առաջին պահերի իրենց անտարբերութիւնից ու երազանքից սթափած գործի լծւեցին. հարիւր հազարաւոր միլիոններ ի գործ դրին եւ դրւում են այս անկոչ հիւրին սիրտը շահելու եւ նրան հեշտութեամբ տնից դուրս բերելու…։

Դժբախտաբար երկրների ղեկավարները իրենց սթափումից յետոյ այս անգամ այլ գայթակղեցուցիչ քայլերի դիմեցին։ Առանց խոր ուսումնասիրութեան, կամ լոկ մակերեսային ու զգացական տպաւորութեան ներքոյ մարդկային կեանքի հետ առնչւած բոլոր աշխատանքները, հաստատութիւնների, դպրոցների ու ընկերութիւնների գործունէութիւնը դադարեցնել տւին, ժողովուրդն ու երկրները տնտեսական ահաւոր եւ անկանխատեսելի վիճակի մատնելով։

Ամէն տեսակ հնարաւոր եւ անհնար միջոցներին դիմում է աշխարհը։ Աղօթք, ծոմապահութիւն, խորհրդածութեան պահեր, հաւաքական ու համագործ աշխատանք այլեւս մարդու կեանքի անբաժան մասն է, որովհետեւ այս համաճարակը կեանքի մեծ եւ անսպասելի մարտահրաւէրներ առաջ դրեց։

Եկեղեցու երկհազարամեայ կեանքում առաջին անգամ լինելով հոգեւոր պետերն ու հոգեւոր հովիւները եկեղեցիների դռները փակեցին իրենց հաւատացեալների առաջ, թելադրելով, որ տունը մնան եւ տնում կատարեն իրենց աղօթքը եւ սոցցանցերով հետեւեն եկեղեցիներում, եկեղեցականների կողմից կատարած արարողութիւններին։

Եկեղեցին հաւատացեալների համախմբումն է ըստ էութեան եւ ոչ անպայման քարեղէն կառոյց, Քրիստոս ասաց երբ երկու, երեք հոգի հաւաքւեն իմ անունով, ես իրենց մէջ եմ, հետեւաբար հաւատացեալները կարող են նաեւ տնում աղօթել, ինչպէս անում էր առաջին եկեղեցին առաջին երեք դարերին։

Աշխարհով մէկ, եկեղեցին, իր պատմութեան մէջ առաջին անգամ լինելով, զրկեց իր հաւատացեալներին Երուսաղէմի Ս. Յարութեան Տաճարում եւ ողջ Աւագ Շաբթւայ ընթացքին կենդանի հաղորդակցութեամբ ներկայ լինել եւ մասնակցել հոգեպարար արարողութիւններին։

Եկեղեցին իր հոգեւոր կարիքների կողքին պարտականութիւն ունի նաեւ նիւթական, տնտեսական եւ ընկերային, բարոյական կարիքներին հասնելու։ Եկեղեցու բոլոր անդամները առանց դաւանանքի, գոյնի եւ ազգութեան խտրականութեան իբրեւ մէկ ընտանիքի անդամներ միմեանց նկատմամբ պարտաւորութիւններ ունեն։ Գործք Առաքելոց գրքում կարդում ենք թէ ինչպէս առաջին դարու քրիստոնեաները համայնական կեանք ունէին։ «Հաւատացեալների ամբողջ բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր։ Որեւէ մէկն իր ինչքերի համար չէր ասում, թէ իրենն են, այլ ամէն ինչ ընդհանուր էր նրանց միջեւ։ … Նրանց մէջ ոչ մէկը մի բանի կարօտ չէր, որովհետեւ արտ կամ տուն ունեցողները վաճառում էին դրանք եւ ծախւածի դրամը յանձնում էին առաքեալներին, որոնք բաշխումը կատարում էին նայած թէ ով ինչ բանի կարիք ունէր։ Այդպիսիներից մէկն էր, օրինակ, այն Յովսէփը որ առաքեալների կողմից կոչւեց Բառնաբաս, որ նշանակում է քաջալերող մարդ։ Սա Կիպրոսում ծնւած մի ղեւտացի էր, որ իր ունեցած արտը վաճառեց եւ դրամը բերեց յանձնեց առաքեալներին»(Գրծ. 4։32, 34-36)։

Եկեղեցու բարոյական պարտաւորութիւններից է իր հաւատացեալներին քաջալերելու որ աղօթեն, շարունակ աղօթեն, առանձնաբար, հաւաքաբար, առցանց, որովհետեւ աղօթքը կերպարանափոխում է հաւատացեալին, նրան դուրս է բերում իր կղզիացումից։

Աղօթքի կողքին կայ նաեւ անհրաժեշտութիւնը Աստւածաշունչի եւ հոգեւոր գրքերի ընթերցման, յատկապէս այն ընտանիքների պարագային, որտեղ մանուկներ եւ պարմանուհիներ ու պատանիներ կան։

Քորոնաժահր համաճարակը փոխեց կրօնի, հաւատի արտայայտչական կերպերն ու ձեւերը։ Այո, այս համաճարակը փոխեց եւ շարունակում է փոխել ամէն ինչ։ Մարդկային կեանքի հետ կապւած բոլոր երեւոյթները ենթակայ են փոփոխութեան։ Թէ այս փոփոխութիւնները ինչ հետեւանքներ ունենալու են, դժւար է կռահել։

Երկիրների ղեկավարները կարեւորութեամբ շեշտում են դիմակի գործածութեան անհրաժեշտութիւնը, յարատեւ լւացւումն ու ախտահանումը, որպէս միջոցներ աստիճանաբար առաջքը առնելու այս համաճարակի։

Համաշխարհային լրատւական միջոցները առայժմ լաւատեսութիւն չեն խոստանում. միակ բանը որ կարելի է հաստատել այն է, որ յետ քորոնաժահր համաճարակի յաղթահարման աշխարհը իր քաղաքական, կրօնական, տնտեսական, ընկերային, դիւանագիտական ոլորտներում լինելու է տարբեր եւ այլափոխւած։

Այս դառն իրականութեան գիտակցութեամբ համայնքները եւ յատկապէս հայկական համայնքները իրենց ներքին բոլոր քաղաքական, կրօնական եւ ընկերային կառոյցներով գործում են ամէն ձեւերով, միջոցներով օգտագործելով տեղական, շրջանային եւ միջազգային հնարաւորութիւնները ի խնդիր իրենց կարօտեալ հայրենակիցներին։

Ուրախութեան եւ յուզումի կրկնակ ապրումներով վկաները լինում ենք գաղութների իրար օգնութեան հասնելու ազնիւ եւ գիտակից մարդասիրական ոգու արտայայտութեան։ Լիբանանահայը, որ վաղուց թողած էր Լիբանանը, յաջողութիւն ունեցած իր գործի մէջ չի մոռացել լիբանանցի իր հայրենակիցներին եւ նեղութեան ատեն օգնութիւն է հասցնում Լիբանանում եղող իր հաւատակից քոյրերին եւ եղբայրներին ու ոչ միայն այդ, լիբանանցիք իրենք եւս իրենց կարգին ՛՛Այրի կնոջ՛՛ իրենց լումայով զօրավիգ են կանգնում գաղութին։

Այսօր պետութիւններ օգնութեան կոչեր են անում ի խնդիր իրերօգնութեան։ Սփիւռքահայ փոքրաթիւ թէ բազմամարդ հայկական գաղութները քրիստոնէական սիրով ու ՛՛Բարի Սամարացու՛՛ օրինակով աշխատում են մեղմել իրենց հայրենակիցների ցաւերն ու նեղութիւնները վասն խաղաղ ու բարօր կեանքի։

Մենք էլ մեր ազգային իշխանութեան հետ կարելին անում ենք, սակայն աւելի ու աւելի անելու անհրաժեշտութեան առաջ ենք կանգնած։

Հայոց Յովհան Մանդակունի հայրապետ (Ե դար) խօսելով ողորմութեան, բարեգործութեան առաքինութեան մասին շեշտում է տրւածի կամովին լինելու, սիրով տալու մասին։ Պօղոս Առաքեալը յիշեցնում է գաղատացիներին առաքեալներից ստացած պատւէրը. «Միայն խնդրեցին, որ չմոռանանք օգնել Երուսաղէմի աղքատներին, մի բան, որի համար ես սրտանց աշխատեցի» (Գղ. 2։10)։ Առակաց գրքում կարդում ենք.«Ով ողորմում է աղքատին փոխ է տալիս Աստծուն» (Առ. 19։17)։

Քորոնաժահրով վիրաւոր աշխարհը, մարդկութիւնը ամէն ժամ եւ ամէն տեղ, այս օրերի, երկիւղած աղօթքով դիմում է Աստծուն, որովհետեւ եկեղեցու առաքելութիւնը տագնապի այս օրերին որոնել է, նոր ձեւեր, որոնց միջոցաւ հնարաւոր լինի Աստծու Խօսքը փոխանցել հաւատացեալներին, մեղմել նրանց տառապանքը խորհուրդների կատարումով։

Քորոնաժահր համաճարակի յայտնաբերումը պատճառ եղաւ որ աշխարհի ղեկավարները դիմեն ամենախիստ սահմանափակումների, առաջքը առնելու այս համաճարակին։ Ամենահեշտ միջոցն էր այս, որ սակայն լուծում չբերաւ հարցին։ Այսօր աւելի քան 5,800,000 վարակւածներ կան եւ աւելի քան երեք հարիւր հազար մահեր եւ դժբախտաբար ամէն օր վերոյիշեալ թւերը բարձրանում են, իսկ երկիրներ, որոնք հեշտութեամբ սահմանափակումների դիմեր էին, այժմ փորձում են մեղմել կամ կամաց կամաց չեղարկել սահմանափակումները, սակայն այլատեսակ դժւարութիւնների ու անակնկալ երեւոյթների առաջ են գտնում իրենք իրենց։

Վերոյիշեալ հաստատումներն ու եզրակացութիւնները ակամա մղում են մտածելու մեր կեանքի ընթացքի մասին եւ ըստ այնմ կողմնորոշւելու այս ուղղութեամբ պատմութիւնը լաւագոյն դաստիարակն է։

Պատմութեան վկայութեամբ աշխարհը ցնցող իւրաքանչիւր շարժում, արտակարգ երեւոյթի յաջորդած է կեանքի նոր ապրելաձեւ ինչպէս նաեւ նոր գաղափարախօսութիւն։ Կրօնական պաշտամունքային աւանդական ձեւերը փոփոխութեան ենթարկւեցին։ Աշխատանքային նոր վայրեր եւ ձեւեր յայտնաբերւեցին։ Տնից գործելու, դպրոցները ՛՛փոխադրել՛՛ տուները, մի երեւոյթ որ երկարատեւ վիճակով կարող է մարդը ոչ միայն կղզիացնել այլ իր ընկերային էակ լինելու նկարագիրը վտանգել։

Արդարեւ մարդ էակը, մարդկային ընկերութիւնը կոչւած են համընդհանուր համագործակցութեամբ գործել եւ փորձել յաղթահարել այս ճգնաժամը։ Հարկ է համատեղ աղօթել եւ մաղթել որ Աստւած ինք մեզ զօրացնի մեր հաւատքի, յոյսի եւ սիրոյ մէջ։ Յոյսը մեր աչքերը կը յառէ ապագային. Պօղոս առաքեալը ասում է.«Ընդհակառակը, եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերութեամբ սպասում ենք դրան» (Հռ. 8։25)։ Այո, յոյսով ճեղքում ենք աշխարհի ալեկոծ ծովը, խաղաղ նաւահանգիստ հասնելու վճռակամութեամբ։ Սերմնացանը յոյսով ցորենի հատիկներ է սերմանում, իր ցանածի փոխարէն բարիք, նոր հատիկներ հնձելու յոյսով. անոր համար անմահանուն բանաստեղծ՝ Դանիէլ Վարուժան գրում է.-

Մըշա՛կ, ցանէ՜. յանուն տանըդ սեղանին
Թեւիդ շարժումն անպարագի՛ծ թող ըլլայ.
Վաղ՝ նետած ցորեններդ այդ կը թափին
Օրհնութեան պէս թոռնիկներուդ գլխուն վրայ։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

26 Մայիս 2020
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com