Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութեան, տարրական կրթութեան գծով տեղակալի հետ Հանդիպում

Շաբաթ, 2020 թւականի մայիսի 9-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, «Արաքս» դպրոցի տեսչուհի ու Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ՝ Անի Մանուկեանը և «Թունեան» տարրական դպրոցի փոխտեսչուհի՝ Շաքէ Աւետեանը հանդիպում ունեցան Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութեան, տարրական կրթութեան գծով տեղակալ՝ դոկտ. Ռոբուշէի հետ:

Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութիւնից հայկական տարրական օղակի դպրոցների տեսուչներից պահանջել էին նմուշներ՝ «Կրօն» առարկայի առցանաց դասաւանդման աշխատանքներից:

Կրթական խորհրդը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի հետ խորհրդակցաբար որոշեց հայկական դպրոցների կողմից պատրաստւի փաթեթ և ուղարկւի վարչութեանը:

Այս պատեհ առիթը օգտագործելով Կրթական խորհուրդը հանդիպեց դոկտ. Ռոբուշէին: Հանդիպման ընթացքում Կրթական խոէհրդի ատենապետ` Ալֆրէդ Կարապետեանը ներկայացրեց Ազգային կառոյցը և կրթական համակարգը: Անի Մանուկեանը անդրադարձաւ տարրական օղակում هدیه های آسمانی առարկայի փոխարէն «Կրօն»-ի դասաւանդմանը, իսկ Շաքէ Աւետեանը իր հերթին ներկայացրեց հայերէն առարկաների առցանց դասաւանդման ընթացքը՝ տեղեկութիւններ տալով դրա մանրամասնութիւնների և «Շադ» ծրագրի առանձնայատկութիւնների մասին:


Հանդիպումը արդիւնաւէտ և շատ կարևոր էր նաև այն առումով, որ պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց առաջիկայ շաբաթում հանդիպում կազմակերպել Իրանի Կրթադաստիարակչական նախարարի խորհրդական դոկտ. Էմադիի հետ` Ադիանի դասագրքերի և այլ կարևորագոյն հարցերի քննարկման նպատակով:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ