Յարգանք՝ Սրբադասւած Նահատակների անմեռ յիշատակին

Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը այս տարի նշւեց իւրայատուկ պայմաններում, սակայն ոչինչ չի կարող կասեցնել հայ ժողովրդի անկոտռուն կամքը՝ շարունակելու իր պահանջատիրական երթը:

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով՝ այս տարի Թեհրանի հայոց թեմում Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում տեղակայւած Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձանի մօտ սեղմ թւով ներկաների մասնակցութեամբ իրականացաւ արարողութիւն:

Երէկ՝ ուրբաթ, ապրիլի 24-ի առաւօտեան Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ տեղի ունեցաւ կրօնական արարողութիւն եւ բարեխօսական աղօթք:

Կրօնական արարողութեանը յաջորդեց ծաղիկների մատուցման եւ խնկարկման արարողութիւն, մասնակցութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդի, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան 10-րդ եւ 11-րդ նստաշրջանի պատգամաւորների, ՀՅԴ Բիւրոյի անդամի, Իրանում Հայ Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիների հոգեւոր առաջնորդների, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրթական խորհրդի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչների, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագրի, Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը ոգեկոչող Կենտրոնական յանձնախմբի անդամների եւ ներկայ հայրենակիցների:

Ապա՝ խօսքեր ուղղեցին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան գործող պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը եւ եզրափակիչ խօսքը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդը:

Վերջում յանձնախմբի անունից Էմիլ Սէթխանեանը ընթերցեց օրւայ բանաձեւը: Կ.Դ.

Լուրը «Ալիք»-ից

Լուսանկարիչներ՝ Ժուաննա և Ժենիա Աւետեաններ