Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կատարած աշխատանքները

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը ազգային իշխանութեան այն կարեւորագոյն կառոյցներից է, որը իր անհերքելի դերն ունի համայնքիս հայոց դպրոցների հարցերին վերահասութիւն տալու, եւ մի խօսքով կրթօջախներին վերահսկելու եւ բոլոր խնդիրներին միջամուխ լինելու, նաեւ ազգային կառոյցի կրթական բոլոր ոլորտներին առնչւող հարցերը Ուսումնադաստիարակչութեան նախարարութիւնում եւ յարակից գերատեսչութիւններում հետամուտ լինելու առումով:

Ներկայիս գործող Կրթական խորհուրդը հետեւեալ անձնակազմով է իր աշխատանքը ծաւալում՝

1-Ալֆրէդ Կարապետեան՝ ատենապետ
2-Կարինէ Բալըքչեան՝ փոխատենապետ
3-Մելինդա Քեարիմ Մասիհի՝ ատենադպիր
4-Կարօ Պետրոսեան՝ նիւթականի պատասխանատու
5-Վանուշ Միրիջանեան՝ խորհրդատու
6-Անի Միրզախանեան՝ խորհրդատու
7-Սիլւա Իսաղուլեան՝ խորհրդատու
8-Խաչատուր Խաչատրեան՝ խորհրդատու

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի աշխատանքներին իրազեկ դառնալու նպատակով հարցազրոյց ենք ունեցել խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի հետ: Նա իր հետ զրոյցի ընթացքում, ընդգծել է, որ Կրթական խորհուրդը իր աշխատանքները հանրութեանը իրազեկելու նպատակով որոշել է հարցազրոյցներով ներկայացնել եւ ամփոփել իր իւրաքանչիւր շրջանի աշխատանքները:

Անդրադառնալով գործող Կրթական խորհրդին, նա այսպէս շարունակեց. «Կրթական խորհուրդը իր աշխատանքը սկսել է 2019 թ. նոյեմբերի 10-ից, 9-հոգանոց կազմով, բայց հետագայում անդամներից մէկը հրաժարւելով, այժմ աշխատանքները ընթանում են 8 հոգով եւ ցանկալի է ներգրաւել նոր անդամ, ով իրազեկ է համայնքի կրթական ասպարէզին: Այս շրջանի Կրթական խորհուրդը ընդհանրապէս համալրւած է նոր անդամներով»:

Ի պատասխան այն հարցին, թէ գործող Կրթական խորհուրդը իր կեանքի կոչւելու առաջին իսկ օրւանից ինչ աշխատանքներ է ծաւալել դպրոցներում, նշեց, որ Կրթական խորհուրդը առաջին օրւանից որոշեց դպրոցների խնդիրներին եւ տարւող աշխատանքներին աւելի լաւ հաղորդակից դառնալու նպատակով այցելել բոլոր դպրոցները, լսելով տեսուչներին, փոխտեսուչներին, ուսուցիչներին եւ ծնողական խորհուրդներին: Իրապէս նման հանդիպումները բաւականին օգտաշատ հանդիսացան իւրաքանչիւր դպրոցի խնդիրներին մօտկից վերահասութիւն տալու նպատակով:

Նա նշեց. «Թ.Հ.Թ. Թեմական խորհրդին ենք ներկայացրել Կրթական խորհրդի մէկամեայ բարոյական ծրագիրը, իսկ մեր այս տարւայ հիմնական քայլերից է եղել մշակել ընդհանուր նախահաշիւ ամփոփւած երեք գլուխների տակ՝ Կրթական խորհրդի, յանձնախմբերի եւ իւրաքանչիւր դպրոցի նախահաշիւ:

Անհրաժեշտ եմ համարում ընդգծել՝ արդէն մի քանի տարի է խորհրդիս կողմից թոշակները ճշտւում են երկու ձեւով՝ նւազագոյն եւ իրական։ Իրական թոշակը իր մէջ ներառում է դպրոցի տարեկան ծախսերը, որը վճարւում է ծնողների ցանկութեամբ (ի դէպ քիչ է ընդառաջւում), իսկ նւազագոյն թոշակի վճարումը պարտադիր է, որի ամբողջութեամբ վճարման դէպքում էլ նոյնիսկ փակում է դպրոցների ծախսերի միայն մի մասը եւ աշխատանքների սահուն ընթացքի համար ազգային իշխանութիւնը մէկ միլիարդ թումանի չափ սուբսիդ է յատկացնում դպրոցներին:

Փորձում ենք ազգային իշխանութեան յատկացւող սուբսիդը օգտագործել կրթական ոլորտի անձնակազմի ռոճիկները վճարելու նպատակով, իսկ եթէ թոշակների նւազագոյնը եւ թոշակների իրական վճարումները մօտեցւեն միմեանց, հնարաւոր կը լինի ազգային իշխանութեան սուբսիդով դպրոցներում այլ աշխատանքներ ծաւալել»:

Հարցազրոյցի ընթացքում, Կրթական խորհրդի ատենապետը անդրադառնալով հայոց դպրոցների թւային պատկերներին, ընդգծեց, որ ներկայում Թեհրանում գործում է 13 դպրոց եւ չորս մանկապարտէզ-նախակրթարան, ընդհանուր աշակերտների թւային պատկերը 1492, իսկ մանկապարտէզներում 330 է: Ուրբաթօրեայ յաճախող աշակերտների թւային պատկերը 296 հոգի է:

Ի պատասխան այն հարցին, թէ այս տարեշրջանում միջնակարգ օղակում գրանցւել է թւային աճ, անցեալ տարւայ համեմատութեամբ, Կրթական խորհրդի ատենապետը շեշտեց, որ անցեալ տարւայ համեմատութեամբ ոչ-հայկական դպրոցներ յաճախող 7-րդ դասարանցիների թիւը նւազել է, եւ նրանք մեծամասնաբար սկսել են յաճախել հայոց դպրոցներ, որն էլ գրանցել է թւային աճ: 12-րդ դասարանի 117 աշակերտներ յաճախում են ոչ-հայկական դպրոցներ, որի գլխաւոր պատճառը, հայկական դպրոցների միջնակարգ Բ օղակում համապատասխան ճիւղերի բացակայութիւնն է:

Իսկ այն մասին, թէ արդեօք հնարաւոր է հայոց դպրոցներում ըստ աշակերտների նախընտրած ճիւղերի, աւելացնել ճիւղեր, որպէսզի մեր բոլոր աշակերտները ուսանեն հայոց դպրոցներում, պրն. Կարապետեանը ընդգծեց. «Առայժմ ունենք միջնակարգ Բ օղակի հետեւեալ դպրոցները՝ «Թովմասեան», «Մարի Մանուկեան», «Մարիամ» հաստատութիւն, «Սողոմոնեան», «Գոհար» եւ «Մարիամեան»:

«Թովմասեան» եւ «Մարի Մանուկեան» աղջ. դպրոցներում ուսուցանւում են՝ ուսողական, փորձառական եւ հաշւապահութիւն, իսկ «Մարիամ» հաստատութիւնում՝ բացի վերոնշեալ ճիւղերը՝ գրաֆիկ:

Աղջկ. դպրոցների առումով «Արարատ», «Արաքս» եւ «Թունեան-Թովմասեան» դպրոցների միջնակարգ Ա-ից ուսումը շարունակում են, «Թովմասեան», «Մարի-Մանուկեան» եւ «Մարիամ» հաստատութեան միջնակարգի երկրորդ օղակներում, միջնակարգի տարբեր ճիւղերի հարցով մեր աշակերտուհիների ցանկութեան մօտաւորապէս 90 տոկոսը ապահովում են այս երեք դպրոցները:

Տղայոց դպրոցներ «Մարիամեան», «Գոհար» եւ «Մարիամ» հաստատութեան Բ օղակում միայն դասաւանդւում է ուսուղական ճիւղը, իսկ «Սողոմոնեան»-ի Բ օղակում՝ համակարգիչ եւ հաշւապահութիւն:

«Մարիամեան»-ի պարագայում ուսումնադաստիարակչութեան պատկան շրջանից յաջողել ենք ստանալ ուսողական ճիւղի արտօնութիւն, որը իրապէս յաջողութիւն է, այսինքն մեր աշակերտները մաթեմատիկա առարկան սովորելու համար պարտաւոր չեն յաճախել ոչ-հայկական դպրոց եւ այսպիսով «Մարիամեան» միջնակարգի Ա-ից աշակերտները փոխադրւելու հնարաւորութիւն ունեն կամ «Մարիամեան»-ի մաթեմատիկայի ճիւղը կամ «Սողոմոնեան»-ի համակարգչային ճիւղը: Մենք փորձում ենք նաեւ բարձրացնել «Սողոմոնեան» դպրոցի ուսումնական որակը: Յատկանշական է, որ «Նայիրի» տարրականի վեցերորդ դասարանից անցեալ տարի 99 տոկոսը 7-րդը շարունակել են «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցում»:

Անդրադառնալով Կրթական խորհորդի հիմնական նպատակին, նա նշեց, որ «Կրթական խորհրդի նպատակն է, որ մեր մատաղ սերունդը մեր հայահոծ քաղաքամասերում սկսի իր ուսումը մանկապարտէզից մինչեւ միջնակարգի առաջին օղակի աւարտը, քանի որ միջնակարգի երկրորդ օղակի պարագայում արդէն աշակերտը ըստ իր ճիւղի է որոշում դպրոցը: Մեզ համար առաջնահերթութիւն է, որ մեր դպրոցներում ճիւղերը վերադասաւորւեն այնպէս, որ հայ աշակերտը զանազան ճիւղերի ընտրութեան հնարաւորութիւնը ունենայ»:

Ի պատասխան այն հարցին, թէ ինչ կարգավիճակով է ընթանում իւրաքանչիւր ընտանիքի երրորդ երեխայի դպրոցի թոշակի վճարումը, ըստ որի որոշւած է երրորդ երեխան անվճար ուսում ստանայ, Կրթական խորհրդի ատենապետը ընդգծեց. «Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը այդ որոշման էր յանգել, որպէսզի խթանի բազմազաւակութիւնը մեր սիրելի ընտանիքներում: Նկատւում են պարագաներ, որ ընտանիքի արդէն մէկ կամ երկու զաւակը աւարտել է դպրոցը, սակայն նոյն ընտանիքը դիմում է որպէսզի իր երրորդ երեխան անվճար շարունակի ուսումը, նաեւ կան պարագաներ, երբ ընտանիքը իրապէս բարւոք վիճակում է, եւ կարող է չդիմել նման արտօնութեան: Մենք դիմում ենք յիշեալ ընտանիքներին, որպէսզի նման քայլի չգնան, որպէսզի կարելի լինի իրապէս նպաստել այն ընտանիքներին, որոնք կարիք են զգում օժանդակութեան:

Կրթական խորհրդի քաղաքականութիւնը հետեւեալն է՝ ոչ մի հայ աշակերտ նիւթականի հարցով չպիտի դուրս մնայ հայոց դպրոցներից: Մենք դիմում ենք մեր սիրելի ծնողներին, որպէսզի չթերանան իրենց երեխաների կրթաթոշակը վճարելուց, իհարկէ, կան բացառիկ պարագաներ, որոնց ծախսը հոգում է ազգային իշխանութիւնը: Անհրաժեշտ է շնորհակալական խօսք ուղղել այն ծնողներին, որոնք ոչ միայն իրենց աշակերտի կրթաթոշակի նւազագոյնն են վճարում ժամանակին, այլ կրթաթոշակի իրական գումարը վճարելով կատարում իրենց պարտքը»:

Անդրադառնալով կրթական ոլորտում աշխատող անձնակազմի թւային պատկերի մասին, Կրթական խորհրդի ատենապետը ընդգծեց. «Մեր կրթօջախներում եւ կրթական համակարգում պաշտօնեաների թւային պատկերը 95 է, որոնց մէջ ներառւում են մանկապարտէզների տեսուչները, դպրոցների փոխտեսուչները, կրօնի եւ հայոց լեզւի ուսուցիչները, հոգեբանները, գրասենեակի պաշտօնեաները, դպրոցների պահակները եւ այլ պաշտօնեաներ:

Եթէ նշւածս կազմին ազգային իշխանութեան կողմից տարեկան վճարումները նկատի առնւի, այն կազմում է աւելի քան 3 ու կէս միլիարդ թուման:

Այսինքը՝ իւրաքանչիւր 19 աշակերտի ծառայում է մէկ պաշտօնեայ, որը առաջին հայեացքով մեծ թիւ է, սակայն անխուսափելի է, օրինակ մեր մանկապարտէզներում «Բեհզիսթի» կենտրոնի որոշման համաձայն, պարտաւոր ենք նոյնիսկ քիչ թւով աշակերտներին յատկացնել թէ դաստիարակ, եւ թէ դաստիարակի օգնական, իսկ դպրոցների պարագայում թէեւ դասարանների աշակերտների թիւը պակաս է, բայց անհրաժեշտ է դասարանը ապահովել ուսուցչով: Անցեալ տարի ազգային իշխանութեան պաշտօնեաների թիւը դպրոցներում 103 էր, որոնք այս տարի ինչ-որ պատճառներով, պակասել են եւ կարելի է այս ընթացքը շարունակել»:

Անդրադառնալով Կրթական խորհրդի մէկամեայ ծրագրերի մասին, խորհրդի ատենապետը ընդգծեց. «Քանի որ Կրթական խորհրդի գործող բազուկները համարւում են իր յանձնախմբերը, ուստի Թեմական խորհրդին ներկայացրած մէկամեայ ծրագրի մէջ ներառւած են նաեւ մեր յանձնախմբերի աշխատանքները: Մենք ունենք հետեւեալ յանձնախմբերը՝

1- «Մշակութային» յանձնախումբ, որը նախաձեռնում է մշակութային փառատօնը, Ապրիլ 24-ի ոգեկոչման ծրագիրը՝ միջնակարգ օղակի համար, «Արարատ» մարզաւանում, «Նոր ձայներ» երգչախմբի աշխատանքները:

2- «Դպրոցական էջ»-ի յանձնախումբ, որը օգտւելով միջնակարգ օղակի աշակերտների ուղարկած նիւթերը «Ալիք»-ի յարկի տակ տպագրում է ամսաթերթ՝ «Դպրոցական էջ»-ը, որը «Ալիք»-ի բաժանորդներից բացի 350 օրինակով ցրւում է դպրոցներում, իհարկէ իւրաքանչիւր անգամ դերակատար դպրոցներին աւելիով է յատկացւում:

3- «Դաստիարակչական» յանձնախումբ, որը զանազան աշխատանքներ է ծրագրել, դրանցից մէկը Հայաստանում գործող «Այբ» կենտրոնի հետ համագործակցելու հեռանկարն է «Մեղու» մրցոյթի կապակցութեամբ, այս աշխատանքը պահանջում է մեր ուսուցիչների ուղղակի համագործակցութիւնը, յանձնախումբը կազմակերպում է արշաւներ, նպատակ ունենալով զարգացնել եւ ընդլայնել հայեցի դաստիարակութիւնը:

4- «Ուսման մակարդակը ուսումնասիրող» յանձնախումբ, որի նպատակն է՝ ուսուցիչների ուսման մակարդակի գնահատումը, ուսուցիչների վերաորակաւորումը, ուսուցիչների գործունէութեան չափանիշերի հաւաքագրումը եւ վերլուծութիւնը, խորհրդաժողովների կազմակերպումը:

5-«Աշակերտական խորհուրդը համակարգող» յանձնախումբ, որի նպատակը աշակերտութեան մօտ զարգացնել ստեղծագործական, ուսումնասիրական, մարդասիրական յատկանիշերը, աշխուժացնել աշակերտական խորհուրդները, աշակերտի մօտ դպրոցում ստեղծել ուրախ, աշխոյժ ու հաճելի մթնոլորտ, վերոնշեալ նպատակների իրագործման առումով, օրինակի կարգով այցելութիւն է կազմակերպել «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների կենտրոն, կազմակերպել է «Բաց չակերտ» նախագիծը, որտեղ կլոր սեղանի շուրջ արծարծւում են աշակերտներին յուզող հարցեր:

6- «Ուսումնադաստիարակչական» յանձնախումբ
Սոյն յանձնախումբը զբաղւում է հայերէն առարկաների դասընթացը ճշտելուն, գործող ուսուցիչներին հաղորդել դասաւանդման մեթոդներ, եւ վերահասու լինել կիսամեակի եւ յատկապէս տարեվերջի քննութիւնները լաւագոյնս անցկացնելու գործընթացին եւ պատրաստել տարեվերջի քննութեան հարցեր:

7- «Մարզական» յանձնախումբ, որը նկատի առնելով աշակերտների ֆիզիկական առողջապահութեան կարեւորութիւնը, մտադիր է դպրոցներում զարգացնել մարմնամարզութիւնը, աշակերտների ֆիզիկական վիճակը ստուգել համապատասխան մասնագիտական կենտրոնի միջոցով, եւ կազմակերպում է միջդպրոցական մրցութիւններ:

Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ, որ մինչեւ անցեալ տարի աշխատում էր Հոգեբանների յանձնախումբը, որը սակայն վերածւել է խորհրդի, եւ քանի որ դպրոցներում իրապէս հոգեբանների կարիք է զգացւում, ուստի նրանք համարւում են դպրոցների պաշտօնեաներ եւ իւրաքանչիւր շաբաթը երկու օր հոգեբանը այցելում է դպրոցներ: Խորհրդի ղեկավարն է Քրիստինէ Արզումանեանը: Հոգեբանները ունենում են դասախօսութիւններ ծնողների համար, եւ վերահասու լինում դպրոցներում երեխաների մօտ հոգեբանական խնդիրներին»:

Անդրադառնալով Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից Կրթական խորհրդին ներկայացրած ծրագրերին, Կրթական խորհրդի ատենապետը ընդգծեց, որ Թեմական խորհրդի կողմից ներկայացւած ծրագրերից էր 100․000․000 ռիալ օժանդակութեան յատկացում՝ դժւարութիւն ունեցող ընտանիքների աշակերտներին: «Նայիրի» տարրական դպրոցը ապահովել արհեստական մարգագետնով, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցների մէկտեղման հարցին հետամուտ լինել, ըստ՝ Պատգամաւորական ժողովի որոշման, «Ռոստոմ» դպրոցում առկայ արխիւների տեղափոխումը մէկ այլ կենտրոն:

Խօսելով Կրթական խորհրդի մի շարք հանդիպումների մասին, նա նշեց. «Կրթական խորհուրդը հանդիպումներ է ունեցել Հ.Բ.Ը.Մ. վարչութեան, «Մարիամ» հաստատութեան տնօրինութեան եւ ներկայացուցիչների հետ եւ հանդիպումները իրականացւել են Կրթական խորհրդի հրաւէրով: Ընթացքում խօսւել է մի շարք հարցերի, ներկայ պայմանների, հետագայ երկուստեք համագործակցութիւնների մասին: Պայմանաւորւել ենք մշակել աշխատանքներ, որոնք արդիւնաւէտ կը լինեն մեր ազգային դպրոցների զարգացման համար:

Նաեւ հանդիպում էր կազմակերպւել Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան ներկայացուցիչների հետ: Սոյն հանդիպման օրակարգը՝ Համադպրոցական խաղերն էր, եւ որոշում ընդունւեց, որ Կրթական խորհուրդը «Համադպրոցական»-ի յանձնախմբում ունենայ իր ներկայացուցիչը: Նման հանդիպումների նպատակն է աշխատանքները աւելի սահուն հունի մէջ դնել:

Այցելել ենք Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, կազմակերպել ենք Ամանորի հանդիպում Սրբազան Հօր եւ հայոց դպրոցների հայ ուսուցիչ-ուսուցչուհիների եւ Իրանահայ ուսուցիչների միութեան անդամների հետ, պարբերական հանդիպում ենք ունեցել Թեմական խորհրդի հետ, Ամանորի սեմին ուսումնադաստիարակչութեան նախարարը եւ նախարարութեան յարակից գերատեսչութիւնների ղեկավարներ այցելել են հայոց դպրոցները, իսկ նախարարը այցելել է «Արաքս» դպրոց եւ քննարկւել են մի շարք հարցեր: Մտադիր ենք թէ՛ միջնակարգի աւարտական օղակի, եւ թէ՛ կոնկուրսի «Ադիան»-ի հարցերի առումով հանդիպումներ կազմակերպել մեր մասնագէտների հետ:

Վերջում հարկ եմ համարում նշել, որ Կրթական խորհուրդը իր ակտիւ համագործակցութիւնն է ունենում միութիւնների, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի հետ, նաեւ իր ներկայացուցիչն ունի Ապրիլ 24-ի եւ Մայիս 28-ի Կենտրոնական յանձնախմբերում: Սրբազան Հօր կարգադրութեամբ, տարին երեք անգամ բոլոր դպրոցների աշակերտներին տրւում է հաղորդութիւն:

Ուրախութեամբ նշեմ նաեւ, որ «Թովմասեան» դպրոցի մեր պետական ուսուցչուհիներից Արսինէ Խաչատրեանը, ով դասաւանդում էր մաթեմատիկա, այժմ ստանձել է փոխտեսչի հանգամանքը:
Անցեալ տարի հետեւել ենք հայոց մանկապարտէզների պետական արտօնութեան հարցը եւ ուրախութեամբ պիտի նշեմ, որ յաջողել ենք «Բեհզիսթի»-ից ստանալ վերջնական արտօնութիւնը»:

Վերջում Կրթական խորհրդի գրասենեակի կողմից ներկայացւեց հետեւեալը, որ. Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի, պատկան յանձնախմբերի եւ հայոց դպրոցների տարած աշխատանքներից եւ զեկուցագրերից տեղեկանալու նպատակով կարող են միանալ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ պաշտօնական էջին Telegram-ի, հետեւեալ յղումով՝
https://t.me/joinchat/AAAAAEPbmD0raZ8gboMm6w

Հարցազրոյցը վարեց
ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Կրթական խորհրդի քաղաքականութիւնը հետեւեալն է՝ ոչ մի հայ աշակերտ նիւթականի հարցով չպիտի դուրս մնայ հայոց դպրոցներից: Մենք դիմում ենք մեր սիրելի ծնողներին, որպէսզի չթերանան իրենց երեխաների կրթաթոշակը վճարելուց, իհարկէ, կան բացառիկ պարագաներ, որոնց ծախսը հոգում է ազգային իշխանութիւնը: Անհրաժեշտ է շնորհակալական խօսք ուղղել այն ծնողներին, որոնք ոչ միայն իրենց աշակերտի կրթաթոշակի նւազագոյնն են վճարում ժամանակին, այլ կրթաթոշակի իրական գումարը վճարելով կատարում իրենց պարտքը:

Անդրադառնալով Կրթական խորհորդի հիմնական նպատակին, նա նշեց, որ «Կրթական խորհրդի նպատակն է, որ մեր մատաղ սերունդը մեր հայահոծ քաղաքամասերում սկսի իր ուսումը մանկապարտէզից մինչեւ միջնակարգի առաջին օղակի աւարտը, քանի որ միջնակարգի երկրորդ օղակի պարագայում արդէն աշակերտը ըստ իր ճիւղի է որոշում դպրոցը: Մեզ համար առաջնահերթութիւն է, որ մեր դպրոցներում ճիւղերը վերադասաւորւեն այնպէս, որ հայ աշակերտը զանազան ճիւղերի ընտրութեան հնարաւորութիւնը ունենայ»: