Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



՛՛ ՄԻ ՎԱԽԵՆԱ, ՄԻԱՅՆ ՀԱՒԱՏԱ ՛՛ (Մր. 5։36)

՛՛ Մի վախենա, միայն հաւատա ՛՛ ինքնավստահ ու կենսաբոյր շեշտով Յիսուս խրախուսեց իրեն եկած ժողովրդապետ Յայրոսը, որի տնից իր ծանօթները նոյն միջոցին եկեր եւ նրան յայտներ էին, որ իր աղջիկը մեռեր է եւ հետեւաբար վարդապետը յոգնեցնելու կարիք չկար այլեւս։ Յիսուսի քաջալերական խօսքերը մի պահ զւարթացրին ու խաղաղացրին Յայրոսի ալեկոծւած հոգին, որովհետեւ լսած էր հրաշագործ վարդապետի հրաշալի գործերի մասին։

Յիսուս իր հետ առնելով Պետրոսը, Յակոբոսն ու նրա եղբայր Յովհաննէսը գնաց ժողովրդապետի տունը, ուր սգաւորների մի բազմութիւն էր հաւաքւած, Քրիստոս փոքրիկի հայրն ու մայրը իր հետ առած իրեն ընկերակից առաքեալների հետ ներս մտաւ, տեսնելով փոքրիկը Յիսուս ձեռքից բռնելով ասաց.-

-Տալի՛թա, կո՛ւմի.- որ նշանակում է՝ ՛՛Աղջիկ քե՛զ եմ ասում, վե՛ր կաց ՛՛.

Փոքրիկը անմիջապէս ոտքի կանգնեց եւ սկսեց քայլել, ներկաների հիացական նայւածքների ներքեւ։
Քրիստոս իր երկրաւոր կեանքի ընթացքին միշտ եւ անդադար շեշտեց հաւատքի կարեւորութիւնը, որովհետեւ հաւատքով մարդը կապւում է իր Արարչի հետ, կենսաւորում է իր կեանքը, հաւատքով լուսաւոր խաւարը փարատում է, նեղութիւնների, հալածանքների ու չարչարանքների դիմանալով յաղթական է դուրս գալիս։ Այդպէս էր գուշակած Եսայի յայտնատես մեծ մարգարէն։ (Ես.53։4-5)

Եբրայեցի ժողովուրդը խաւարամիտ իր ղեկավարութեան առաջնորդութեամբ Լոյս-Քրիստոսը մերժեց, մնալով խաւարի մէջ, իսկ բոլոր նրանք ովքեր ընդունեցին նրան Իր լոյսով, յարութեան հաւատքով նոր մարդ եղած շարունակեցին իրենց կեանքը։

Քրիստոնէութիւնը իբրեւ կրօնք իր հաւատացեալները զրահաւորած ու զրահաւորում է նրանց միշտ պատրաստ պահելու որքան ուրախութեան, խաղաղութեան նոյնքան էլ դժւարութեան, դժբախտութիւնների, նեղութիւնների եւ անսպասելի ու աներեւակայելի երեւոյթների։

Մարդկային կեանքի մաս են կազմում հաւասարապէս կեանքի դրական եւ բացասական, տխուր եւ ուրախ, յաջող ու ձախող, առողջ ու հիւանդ պահերն ու վիճակները։ Վիշտը կեանքի անբաժան մասը լինելով շատ յաճախ մեզ նոր փորձառութիւններով է օժտում եւ սպառազինում, ամեն տեսակ դժւարութիւններին յաղթահարելու հոգեւոր զէնքերով՝ հաւատքով, յոյսով ու սիրով։

Քրիստոս ինք տառապալից կեանքի միջից անցաւ, տառապանք որի գագաթնակէտը եղաւ Գողգոթան։ Պօղոս Առաքեալ եբրայեցիներին գրած իր նամակում գրում է « Եւ որովհետեւ ինքը չարչարւելով փորձւեց, կարող է օգնել փորձութեան մէջ եղողներին » (Եբ. 2։18)։

Քրիստոսի առաքեալները հետեւութեամբ իրենց Երկնաւոր Վարդապետի կեանքի օրինակին համարձակութեամբ, քաջութեամբ ու անվախ քարոզեցին ու վկայեցին Քրիստոսի յարութեան եւ այդ հաւատքով կրցան իրենց նահատակութեամբ նոր կեանքի հեռանկարով փրկութեան առաջնորդել մարդկութիւնը։ Նոր կեանք պատւանդանւած սիրոյ, հաւատքի եւ յոյսի առաքինութիւնների վրայ։

Քրիստոսի առաքեալներից՝ Ս. Թադէոս եւ Ս. Բարթողիմէոս եղան ջահակիրները աստւածային լոյսին մեր ժողովրդի կեանքում։ Զոյգ լուսաւորիչների հաւատքով զրահաւորւած մեր ժողովուրդը իր վերջին երկու հազար տարիների պատմութեան ընթացքին ոչ միայն նեղութիւնների եւ հալածանքների, վշտի ու տառապանքի ենթարկւեց այլ ողջ կեանքը եղաւ Գողգոթա ու խաչ, սակայն երբեք չյուսահատւեց, որովհետեւ հաւատաց Քրիստոսի պատգամին, որ ասում է. «Ես եմ յարութիւնը եւ կեանքը։ Ով որ հաւատում է ինձ թէպէտ եւ մեռնի, կ՛ապրի»։(Յհ. 11։25)

Հայ ժողովուրդը իր ողջ կեանքում եղաւ սէր ու կեանք եւ այն բաշխեց իր շրջապատին, եղաւ հաւատքի ճառագայթ ու Քրիստոսից ընկալած լոյս եւ դրանով իր եւ իր շրջապատի ճանապարհը լուսաւորեց։ Դժբախտաբար մեր ժողովուրդը իր քարոզած սիրոյ փոխարէն կրեց նեղութիւն ու տառապանք, ենթարկւեց հալածանքների, առեւանգումների, ցեղասպանութեան եւ ամենից սոսկալին հայրենազրկումի, այս բոլորով հանդերձ, նա միշտ յոյսով նայեց կեանքի, կարծես Արեւելեան հետեւեալ առածը իրեն համար էր ասւել. «Մարդը մի աշակերտ է, վիշտը՝ իր վարպետը, որեւէ մէկը չի կարող ինքն իրեն լաւագոյնս ճանաչել առանց տառապանքի»։ Վիշտի ու տառապանքի քուրայի միջից անցնելով հայը առաւել եւս ճանաչեց ինքն իրեն եւ ըստ այնմ շարունակեց իր առաքելութիւնը։

Այսօր աշխարհը իր պատմութեան ամենամեծ, անկանխատեսելի եւ վտանգաւոր մարտահրաւէրի առաջ է կանգնած։ Ողջ աշխարհը անորոշութեան եւ մեծ հարցականի դէմ յանդիման է եկած։ Պետութիւններ մեծ թէ պզտիկ, ուժեղ թէ տկար աշխատում են աշխարհակուլ քորոնաժահր կոչւած համաճարակը նւաճել։

Քրիստոնեայ աշխարհը այս տարի Ս. Յարութեան տօնը տօնում է անկանխատեսելի պայմանների մէջ։ Պետութեանց նախաձեռնած միջոցառումների եւ յորդորների ու տնօրինումների հետեւանքով բոլոր արարողութիւնները եկեղեցիներում կատարւեցին ու կատարւելու են դռնփակ առանց հաւատացեալների։ Երեւի քրիստոնէական եկեղեցու պատմութեան մէջ առաջին անգամն է, որ նման բան տեղի է ունենում։ Ահա մեծ մարտահրաւէրը։

Իրական ու յանձնառու քրիստոնեայի համար տառապանք է զրկւել եկեղեցական արարողութիւններից, չկարողանալ Ս. պատարագին ներկայ լինել եւ մանաւանդ ստանալ Ս. հաղորդութիւն։ Աւագ Շաբթւայ եւ Ս. Յարութեան տօնական օրերի արարողութիւնները իրենց քաղցրահնչիւն յուզականութեամբ, հոգեգրաւ երաժշտականութեամբ կազմում են ամենագեղեցիկ ու հոգին հանգստացնող շարականներն ու հոգեւոր տաղերն ու մեղեդիները։ Չկարենալ մասնակցելը նեղութիւն է ու ցաւ այլեւ հոգեկան տառապանք։ Քրիստոնէական հաւատքով ապրելն ու գործելը հեշտ չէ, սակայն հաւատացեալին համար այդ ապրում է ու վայելք։ Աշխարհում չարն ու բարին կողք-կողքի են ապրում եւ գործում։ Քրիստոսի յարութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ յաղթանակը բարու չարի վրայ, ճշմարտութեան՝ սուտի ու կեղծիքի վրայ, լոյսի խաւարի վրայ, սիրոյ ատելութեան վրայ. այլ խօսքով այն յաղթանակն է կեանքի մահւան վրայ։ Քրիստոս ինք իր մահով մահը նւաճեց եւ մեզ նոր կեանք պարգեւեց. Յարութիւն եւ կեանք եղող Տէրը միայն կարող է ասել. «Աշխարհում դուք նեղութիւն կունենաք, սակայն քաջալերւեցէք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին» (Յհ. 16։33)։

Աշխարհը այսօր փոքրիկ մի ժահրից տառապում է, տասնեակ հազարաւոր կեանքեր զոհ են գնացել ու գնում են, ընտանիքներ ահաւոր դժւարութեանց, նեղութեանց ու տնտեսական դժւարութեանց են մատնւել։ Կրթական հաստատութիւններ մանկապարտէզից մինչեւ համալսարան ու ակադեմական հաստատութիւններ փակւել են, մարդիկ իրենց տներում հեռուստացոյցի, համացանցերի առջեւ նստած փորձում են մտքի ու հոգու խաղաղութիւն գտնել ի խնդիր ստեղծագործ կեանքի։

Տագնապի ու անորոշութեան առաջ կանգնած քրիստոնեան եւ այս պարագային հայ քրիստոնեան կոչւած է մի անգամ եւս ականջ տալու աստւածային պատգամին. «Ես եմ յարութիւնը եւ կեանքը», «Ես իսկ եմ ճշմարտութիւնը եւ կեանքը»։ Աստւածային ճշմարտութեամբ զօրացած Քրիստոսի եկեղեցու անդամները հաստատապէս կարողանալու են համբերութեամբ յաղթել չարին, այս պարագային համաճարակ ժահրին եւ նոր կեանքով շարունակելու իրենց առաքելութիւնը։

Այս խոհերով ու աներկբայ հաւատքով Աւետում ձեզ Քրիստոսի հրաշափառ յարութիւնը եւ շնորհաւորում միանգամայն ձեզ բոլորդ սիրելի հաւատակից քոյրեր եւ եղբայրներ, բարեկամներ, գործակիցներ որտեղ որ կաք՝ Թեհրանի թեմի տարածքում թէ Ատրպատականի եւ Սպահանի թեմերում, Հայաստանում թէ Արցախում կամ սփիւռքում։ Աղօթում եմ որ Յարուցեալ Տէրը բոլորիս շնորհի նոր կեանք, պահի ու պահպանի բոլոր նրանց ովքեր հիւանդանոցներում, տներում գործում են յաղթելու համար չարին (ժահրին)։ Աղօթում եմ եւ դուք էլ աղօթեցէք սիրելիներ աշխարհի խաղաղութեան եւ մարդկութեան պայքարի յաղթանակով պսակւելու համար։ Աղօթում եմ մեր եկեղեցու անսասանութեան, հայրենիքի, Արցախի առաւել հզօրութեան, Իրանի եւս առաւել զօրութեան, նոր նւաճումների ձեռքբերման ի խնդիր։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի
Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս. Ամէն։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ


Ս. Զատիկ 2020
Թեհրան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ