Կրթական խորհրդի Ամանորեայ միջոցառումը մէկ ակնթարթում

Թւականիս չորեքշաբթի՝ յունւարի 22-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Հ.Բ.Ը. միութեան յարկի ներքոյ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն: Անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպւում է արդէն աւանդոյթ դարձած միջոցառում, որով առիթ է ստեղծում մէկ անգամ ևս հնարաւորութիւն ընձեռնւի շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ և Սուրբ ծննդեան տօների առիթով:

Միջոցառմանը ներկայ էին Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ ու Կ.Խ.-ի հետ կապ՝ Արա Շահվերդեանը, տեսուչներ, ուսուցիչ-ուհիներ, Կ.Խ.-ի յանձնախմբերի անդամներ, հայ ուսուցիչների միութեան անդամներ, Հայրենագիտական երեկոյեան դասընթացների դասախօսներ և հիւրեր:

Միջոցառումը իր տեսակի մէջ հաճոյական և զւարճալի ծրագիր էր:

Բացման խօսքով Կ.Խ.-ի շնորհաւորանքի խօսքը փոխանցեց փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը. «Ծնւեց մարգարէն, ով մարդկութեանն աւետեց բարութիւն՝ երկիր մոլորակի վրայ օրհնութեան լոյս սփռելով: Աւելի քան 2020 տարի նոյն բարի լուրը շարունակում է հնչել աշխարհում՝ «Քրիստոս ծնւեց և յայտնւեց: Մեզ և Ձեզ մեծ աւետիս: Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:
Սիրելիներ, Ամանորը ամենաուրախ, ամենասպասւած եւ գեղեցիկ տօներից է, որն իր հետ բերում է ամենանւիրական երազանքների իրականցման նկատմամբ մեծագոյն հաւատ, փոխադարձ սրտաբուխ շնորհաւորանքներ եւ բազմաթիւ սպասելի եւ անակնկալ պահեր:
Այն նաեւ հաշւետւութեան պատեհ առիթ է, որ մարդ անհատը կատարում է ինքը իր անձի ու խղճի դիմաց և վստահաբար հաշւետու՝ իր շրջապատի նկատմամբ:
Երբ ասում ենք հաշւետու շրջապատի նկատմամաբ անպայման ուզում եմ անդրադառնալ Վեհափառ Արամ առաջինի կոնդակին՝ ուղերձին: Տարբեր հրամայականներիից ելնելով 2020 թւականը Վեհափառի կողմից հռչակւեց «ՅԱՏՈՒԿ ԽՆԱՄՔԻ ԿԱՐՕՏ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՏԱՐԻ»: Մենք բոլորս պարտաւոր ենք գործնական քայլերով սէր ու գուրգուրանք արտայայտել այդ անձանց նկատմամբ կարողանանք մեր աջակցութիւնն ու սրտցաւ վերաբերմունքը ցուցաբերել նրանց:
Ներկայիս կանգնած ենք տարբեր մարտահրաւէրների դիմաց որոնց յաղթահարելու համար առաւել քան երբեք անհրաժեշտ է հաւաքական մտածողութիւն:
Հաւաքական մտածողութիւն՝ մեր մայրենի լեզւի եւ քրիստոնեական հաւատքի ուսուցման եւ պահպանման նպատակով, հայոց կրթօջախներում:
Հաւաքական մտածողութիւն՝ հայ նոր սերունդը, որպէս հայ ի մի բերելու, կրթելու, դաստիրակելու եւ զարգացնելու նպատակով:
Հաւաքական մտածողութիւն՝ ազգային եւ համահայկական գերխնդիրների լուծման նկատմամբ և հաւաքական մտածողութիւն՝ Հայաստանն ու Արցախը մշտավառ ապրում դարձնելու մեր մէջ:
Իւրաքանչիւր ամանոր նոր մեկնարկ է ազդարաում:
Ցանկանում եւ լիայոյս ենք, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի յաջողակ եւ խօստումնալից, վերը նշւած մարտահրաւէրներին դիմակայելու համար:
Այս նոր տարում բոլորին թող ուղեկցի յաղթանակը, նորանոր անձնական եւ աշխատանքային յաջողութիւնները եւ թող լինի նոր ձեռքբերումների սկիզբ:
Թող որ Նոր տարին բերի խաղաղութիւն եւ համերաշխութիւն աշխարհին, ի մասնաւորի Հայաստանին եւ ի սփռիւս աշխարհի»:

Միջոցառման գեղարւեստական մասի պատասխանատւութիւնը յանձնարարւած էր «Գիւլբենգեան» դպրոցին: Այն գեղեցիկ ձևով վարեցին Լեռնիկ Նազարեանը և Ալենուշ Թորիկեանը: Միութեան ջերմ ու լուսաւոր յարկի տակ մի քանի ժամ շարունակ աշխուժութիւն էր, բարձր տրամադրութեան և ժպիտների պակաս նույնպէս չկար, անկաշկանդ, զւարճալի, ահա այսպէս կարելի է բնութագրել այդ օրւայ մթնոլորտը, որն ուրախ տարեմուտ էր ազդարարում բոլորին և խոստանում, էլ աւելի հետաքրքիր ակնթարթներով լի նոր տարի։

Ընթացքում տրւեցին հետաքրքրաշարժ հարցեր և առաջադրանքներ, անդրադարձ եղաւ տարբեր հայ մեծանուն գրողների ստեղծագործութիւններին: Ասմունքների և երգերի գեղեցիկ կատարումներով հանդէս եկան մեր սիրելի ուսուցիչները, որոնք էլ աւելի բարձրացրեցին ներկաների տրամադրութիւնը: Առաջադրանքներին և հարցերին ճիշտ պատասխանող խումբը հաւաքելով բարձր նիշեր պարգևներ ստացաւ Կ.Խ.-ի կողմից:

Առիթ ընձեռնւեց Հ.Բ.Ը. միութեան նախագահ՝ Նժդեհ Մութաֆեանին ևս շնորհաւորելու ներկաներին:

Միջոցառման վերջում Սրբազան Հայրը իր հայրական խօսքն ու օրհնանքը յղեց բոլորին:
Սրբազան Հայրը իր խօսքում նշեց հետևեալը. »Ես ուզում եմ սրտանց ու կրկին անգամ շնորհաւորել Նոր տարւայ և Սուրբ Ծննդեան և Աստւածայայտնութեան տօների առիթով: Յաճախ խօսւում է Նոր տարւայ և Ծննդեան տօների մասին, բայց հաւատացէք միջազգային գրականութեան մէջ էլ շատ յաճախ նշում են, որ Ծնունդի իրական տօնկատարութիւնը այն է, երբ մէկը կարողանայ ուրախացնել իր նմանին, Աստւած երկնքից երկիր իջաւ մեզ ուրախացնելու համար«: Նա իր խօսքով յորդորեց, որ իւրաքանչիւրը իրենից վանի անտարբերութիւն կոչւածը և փորձի մեծ ուշադրութիւն դարձնել շրջապատին: Սրբազան հայրը անդրադարձաւ նաև , որ այս տարի լրանում է Սևրի պայմանագրի 100 ամեակը, որը դեռ իրաւական ուժ ունի, և ամէն ինչ հնարաւոր է , որ մի օր Սևրի դաշնագիրը իրագործման ընթացքի մէջ դրւի և մեր ժողովուրդը կարողանայ այդ դաշնագրով նախատեսւած իր պատմական հայրենիքը վերադարձնել: «Անկարելի բան չկայ հաւատացողի համար» շեշտեց Սրբազանը, «Մենք էլ հաւատանք, որ մեր հաւատքը մեզ անպայմանօրէն կառաջնորդի դէպի նորանոր յաղթանակներ: Մենք ունենք ազատ անկախ Հայաստան, ազատ անկախ Արցախ և անպայմանօրէն կգայ այն օրը, երբ մենք կը կարողանանաք մեր ամբողջական իրաւունքների տէրը դառնալ»: Նա նաև իր գնահատանքի խօսքն յղեց Կրթական խորհրդին, ամէն տարի այս գեղեցիկ հաւաքոյթը կազմակերպելու համար:

Կրթական խորհուրդն իր յատուկ շնորհակալութիւնն է յայտնում հիւրընկալ՝ Հ.Բ.Ը. միութեան վարչութեանը, Գիւլբենգեան դպրոցի պաշտօնէութեանը, ներկաներին և բոլոր օժանդակող անձանց:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ