Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ

31 Յունւար, Ուրբաթ, պահք։

Բ ՏԻՄՈԹԷՈՍ 3։1-7,ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6։64-72
Բ ՏԻՄՈԹԷՈՍ
Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը։ Նաեւ խորշի՛ր նրանցից, քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, որոնք տարուած են պէսպէս ցանկութիւններով. կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք։ Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»։ Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. «Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ այդ իմ Հօրից տրուած չէ նրան»։ Դրա վրայ՝ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում։ Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթէ դո՞ւք էլ ուզում էք գնալ»։ Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք։ Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես։ Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եւ ձեզանից մէկը սատանայ է»։ Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու նրան. եւ Տասներկուսից մէկն էր։