Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ

Յունւարի 24 Ուրբաթ. Պահք


Բ ՏԻՄՈԹԷՈՍ 2.3-14: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 5:31-47

Բ ՏԻՄՈԹԷՈՍ

3 Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը: 4 Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի: 5 Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի: 6 Եւ չարաչար աշխատող հողագո՛րծը նախ պէտք է վայելի պտղից: 7 Իմացի՛ր՝ ինչ ասում եմ: Թող Տէրը քեզ իմաստութիւն տայ ամէն ինչում: 8 Յիշի՛ր մեռելներից յարութիւն առած Քրիստոս Յիսուսին՝ Դաւթի ցեղից, իմ քարոզած Աւետարանի համաձայն, 9 որի համար չարչարւում եմ եւ շղթայուած իսկ եմ, ինչպէս չարագործը. բայց Աստծու խօսքը շղթայուած չէ: 10 Դրա համար ամէն ինչի համբերում եմ ընտրեալների սիրուն, որպէսզի նրանք էլ հասնեն փրկութեան եւ երկնային փառքին, որ Քրիստոս Յիսուսի միջոցով է:
11 Ճիշտ է այս խօսքը, թէ՝
«Եթէ Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ պիտի ապրենք.
12 եթէ համբերենք, նրա հետ էլ պիտի թագաւորենք.
եւ եթէ ուրանանք, նա էլ մե՛զ պիտի ուրանայ.
13 եւ եթէ հաւատարիմ չմնանք, նա հաւատարիմ է մնում,
որովհետեւ ինքն իրեն ուրանալ չի կարող»:
14 Այս բաները յիշեցրո՛ւ նրանց՝ վկայութիւն տալով Աստծու առաջ, որ բանակռիւներ չմղեն, որոնք ոչ մի բանի օգտակար չեն, այլ կործանում են լսողներին:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

31 «Եթէ ես եմ վկայում իմ մասին, իմ վկայութիւնը հաւաստի չէ: 32 Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. եւ դուք գիտէք, որ հաւաստի է այն վկայութիւնը, որ նա վկայեց իմ մասին: 33 Յովհաննէսի մօտ դուք մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտութիւնը: 34 Բայց ես մարդկանցից չէ, որ վկայութիւն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկուէք: 35 Յովհաննէսն էր ճրագը, որ վառուած էր եւ լոյս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լոյսով: 36 Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունեմ, քան Յովհաննէսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տուեց, որ կատարեմ, այդ նոյն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թէ Հայրն է ուղարկել ինձ: 37 Եւ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն էք երբեւէ լսել եւ ո՛չ էլ նրա երեսն էք տեսել: 38 Եւ ո՛չ էլ նրա խօսքն ունէք ձեր մէջ բնակուած, որովհետեւ, ում նա ուղարկեց, դուք նրան չէք հաւատում: 39 Քննեցէ՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թէ նրանցով յաւիտենական կեանք կ՚ունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետեւ դուք կարծում էք, թէ յաւիտենական կեանք ունէք: 40 Եւ դուք չէք կամենում դէպի ինձ գալ, որպէսզի կեանք ունենաք: 41 Ես մարդկանցից փառք չեմ առնում: 42 Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու հանդէպ սէր չունէք ձեր մէջ: 43 Ես եկայ իմ Հօր անունով, եւ ինձ չէք ընդունում: Եթէ ուրիշ մէկը գայ իր անունով, նրան կ՚ընդունէք: 44 Դուք ինչպէ՞ս կարող էք հաւատալ, քանի որ իրարից էք փառք առնում եւ չէք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս: 45 Մի՛ կարծէք, որ ես Հօր մօտ ձեզ պիտի ամբաստանեմ. կայ մէկը, որ որպէս ամբաստանող կը կանգնի ձեր դէմ՝ Մովսէ՛սը, որի վրայ դուք յոյս էք դրել. 46 որովհետեւ, եթէ դուք հաւատայիք Մովսէսին, կը հաւատայիք այդ դէպքում ուրեմն եւ ինձ, քանի որ նա հէնց իմ մասին է գրել. 47 իսկ եթէ նրա գրածներին չէք հաւատում, իմ խօսքերին ինչպէ՞ս պիտի հաւատաք»: