2020 – ՅԱՏՈՒԿ ԽՆԱՄՔԻ ԿԱՐՕՏ ՀԱՅՈՐԴԻՆԵՐՈՒ ՏԱՐԻ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ՅԱՏՈՒԿ ԽՆԱՄՔԻ ԿԱՐՕՏ
ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՏԱ¬ՐԻ
2 0 2 0

Պ Ա Տ Գ Ա Մ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ


ԱՆԹԻԼԻԱՍ


ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ


Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան
Թեմակալ առաջնորդներին,
հոգեւոր դասին,
ազգային իշխանութեանց եւ
մեր ժողովրդի զաւակներին

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքից հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով ողջունում ենք ազգ. Ընդհանուր ժողովին, ազգ. Կենտրոնական վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներին, թեմակալ առաջնորդներին, հոգեւոր դասին, ազգ. իշխանութիւններին եւ մեր ժողովրդի սիրելի զաւակներին։
Խոր գոհունակութեամբ ցանկանում ենք հաստատել, որ իւրաքանչիւր տարի մեր ժողովրդի կեանքի հետ անմիջական կապ ունեցող մի արժէք կամ մի երեւոյթ լուսարձակի տակ բերելու Մեր հաստատած աւանդութիւնը շարունակում է լայն արձագանգ գտնել մեր կեանքում։ Ինչպէս գիտէք, 2019 թւականը հռչակել էինք «Հայ Մամուլի Տարի»։ Արդարեւ, ո՛չ միայն համասփիւռքեան մակարդակում, այլ նաեւ համահայկական մասշտաբով հայ մամուլը դարձաւ մեր ժողովրդի զաւակների ու յատկապէս մեր մամլոյ օրգանների, հոգեւոր դասի, լրագրողների, մտաւորականների, ինչպէս նաեւ ազգային, մշակութային ու կրթական կառոյցների քննարկումների ու մտահոգութիւնների կիզակէտը։ Այս ծիրում յատուկ կարեւորութիւն ստացաւ Անթիլիասի Մայրավանքում մեր Ս. Աթոռի նախաձեռնութեամբ կազմակերպւած Համահայկական համագումարը։

* * *
Սիրելի՛ ժողովուրդ հայոց,
Երբ մտածում էինք 2020 տարւայ համար, մեր հաւաքական մտածումի ու քննարկման կարեւոր ու այժմէական մի նիւթ լուսարձակի տակ բերելու մասին, մեր մտածման սլաքը ուղղւեց դէպի մեր ժողովրդի կեանքին մաս կազմող ու յատուկ խնամքի կարօտ հայորդիներին։ Մեզ հասած տեղեկութիւնների համաձայն, յատուկ կարիքներ ունեցող մեր զաւակների թիւը սկսել է զգալի աճ արձանագրել՝ մեր կեանքը դիմագրաւող տնտեսական, հասարակական, առողջապահական եւ այլ պատճառների ու ազդակների հետեւանքով։ Հետեւաբար, հրամայական ենք համարում 2020 թւականը հռչակել՝

ՅԱՏՈՒԿ ԽՆԱՄՔԻ ԿԱՐՕՏ
ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՏԱՐԻ
Արդարեւ, յատուկ խնամքի կարօտ անձեր են համարւում ծնունդով թերի, ֆիզիկական, մտային կամ հոգեկան թերութիւն, անկարողութիւն կամ սահմանափակ կարողութիւն ունեցող մարդիկ՝ ի ծնէ կամ հետագայում արկածների հետեւանքով հաշմանդամ դարձած։ Բժշկական տւեալների համաձայն, ներկայ ժամանակներում գոյութիւն ունեն աւելի քան 20 տեսակի անկարողութեան կամ թերաճութեան վիճակներ, երեւելի եւ ոչ-երեւելի, ծայրայեղ եւ ոչ-ծայրայեղ։ Նրանց թէ՛ բնոյթն է տարբեր, թէ՛ դրդապատճառը, եւ թէ՛ բուժման կերպերը։ Ոմանք բուժելի են, իսկ ուրիշներ անբուժելի։ Մօտ անցեալում, նման դժւարութիւն ունեցող անձինք բնորոշւում էին որպէս թերաճ կամ հաշմանդամ։ Այսօր, սակայն, անցեալի սահմանումներն ու անւանումները լայն չափով դադարել են եւ նրանց փոխարէն աւելի մեղմ ու յարգալից բնորոշումներ են սկսել գործածւել։ Օրինակ, մտային կամ ֆիզիկական անկարողութիւն ունեցող (disabled) բացատրութեան փոխարէն այսօր ընդհանրապէս գործածւում է «այլապէս կարող» (differently abled) բնորոշումը։
Փոխւել է նաեւ հասարակութեան մտածելակերպը ու մօտեցումը յատուկ խնամքի կարօտ անձանց նկատմամբ։ Միացեալ Ազգերի Կազմակերպութիւնից սկսած կրօններ, պետութիւններ ու կազմակերպութիւններ յատուկ մասնագիտական կենտրոններ են հիմնել, հիմնադրամներ հաստատել ու զանազան ծրագրեր մշակել, ինչպէս նաեւ յատուկ միջոցների են դիմել գործնապէս դիւրացնելու համար նրանց կենցաղակերպը։ Այսպէս, նրանց մօտենալու ու նրանց հետ զրուցելու յարգալից ձեւեր ու արտայայտութիւններ են որդեգրւել. փողոցներում, շէնքերում ու հանրային կենտրոններում յատուկ կարգադրութիւններ են եղել. օդանաւակայաններից սկսած մինչեւ այլ փոխադրամիջոցներ, յարմարաւէտ միջոցառումների են դիմել. հանրային հաւաքներում սկսել են առաջնահերթութիւն տալ. տեղական թէ միջազգային յանձնախմբերում, ձեռնարկներում, ծրագրերում ու աշխատանքներում են սկսել ներառւել։ Եւ այսպէս կարելի է երկար թւել այս ուղղութեամբ առնւած գործնական քայլերի շարքը։

Անհրաժեշտ է նաեւ աւելացնել, որ ներկայ հասարակութիւնը կարեւորութեամբ է շեշտում հաւասարութեան սկզբունքը։ Այլ խօսքով՝ յատուկ խնամքի կարօտ անձինք հարկ է, որ հաւասար իրաւունքներ ու պարտաւորութիւններ ունենան հասարակական կեանքի բոլոր մարզերում ու բոլոր մակարդակներում։ Նրանց քաղաքացիական իրաւունքների դոյզն անտեսումն իսկ համարւում է խտրականութիւն ու անարդարութիւն, եւ նո՛յնիսկ, մի շարք երկրներում՝ քրէական յանցանքի համազօր վերաբերում։ Միացեալ Ազգերի Կազմակերպութեան կողմից 1992 թւականի դեկտեմբերի 3-ը հռչակւել է «Հաշմանդամների օր»։ Միաժամանակ, յատուկ մի Հռչակագիր է որդեգրւել (Convention on the rights of persons with disabilities) նրանց իրաւունքները պաշտպանելու եւ հոգածու վերաբերում ցուցաբերելու անհրաժեշտութիւնը շեշտող։ Միացեալ Ազգերի Կազմակերպութիւնը նաեւ 1983-93 տասնամեակը հռչակել էր «Հաշմանդամների 10-ամեակ» (UN Decade of disabled persons)։ Արդարեւ, բազմազան են ու այլազան միջազգային համայնքի կողմից առնւած իրաւական ու գործնական քայլերը։

Բնականաբար, ֆիզիկական կամ հոգե-իմացական թերութիւններ ունեցող անձանց ներկայութիւնը հասարակական կեանքում նոր երեւոյթ չէ։ Հին Կտակարանում հանդիպում ենք ֆիզիկական թերութիւն ունեցող նոյնիսկ կարեւոր դէմքերի։ Այսպէս, Մովսէս մարգարէն կակազում էր, Սամսոնը կոյր էր։ Յարաբերաբար նոր ժամանակներում, կարելի է յիշել Միացեալ Նահանգների նախագահներից՝ Ֆրանքլին Ռուզւելտին, որի երկու ոտքերը անշարժութեան էին մատնւած, հանրածանօթ գրող Ագաթա Քրիսթիին, ով յիշելու տկարութիւն ունէր, աշխարհահռչակ երաժիշտ Բեթհովէնին, որ խուլ էր, հռչակաւոր գեղանկարիչ Վան Գոգին, որ մտային խանգարում ունէր, հանրածանօթ քիմիագէտ Ալբերտ Այնշտայնին, ով հոգեկան խանգարումներից էր տառապում։ Այս եւ նման ֆիզիկական, մտային կամ հոգեկան դժւարութիւններով աշխարհ եկած կամ յետոյ անկարող դարձած, բազմաթիւ անձինք մեծ ղեկավարներ են դարձել եւ տարբեր ոլորտներում եզակի իրագործումներ կատարել։ Այսօր եւս նման մարդիկ գործում են բոլոր ազգերի կեանքում։
Ներկայ ժամանակներում, յատկապէս ահաբեկչութեան, պատերազմների ու զանազան արկածների հետեւանքով յատուկ խնամքի կարօտ մարդկանց թիւը սկսել է բազմանալ։ Վիճակագրական վերջին տւեալների համաձայն, նրանց թիւը շուրջ 600 միլիոն է։ Եթէ անցեալում, ինչ-ինչ պատճառներով հասարակութիւնից հեռու էին պահւում կամ ենթակաները իրե՛նք իրենց ունեցած ֆիզիկական թերութիւնները թաքուն էին պահում, այսօր, փաստօրէն նման պատերը քանդւել են ու մտայնութիւնները փոխւել։ Ներկայ հասարակութիւնը նրանց իր անբաժան մասն է համարում՝ համահաւասար պարտաւորութիւններով ու իրաւունքներով։

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՒԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՅՍ ՄԱՍԻՆ

Բնականաբար, որպէս քրիստոնեաներ, մեր կեանքին առնչւող երեւոյթների ու մտահոգութիւնների գծով ճիշտ ուղղութիւն ստանալու համար հարկ է դառնանք աստւածային յայտնութեան աղբիւրը ու քրիստոնէական հաւատքի հիմքը եւ ուղեցոյցը համարւող Աստւածաշնչի։

Աստւածաշնչին մաս կազմող բոլոր գրքերը՝ Ծննդոցից սկսած մինչեւ Յայտնութիւն, լեցուն են այնպիսի արտայայտութիւններով ու բնորոշումներով, դէպքերով ու դէմքերով, որոնք զանազան ձեւերով ու շեշտաւորումներով վկայում են ոչ միայն հասարակութեան կեանքում ֆիզիկական կամ մտային թերութիւններից տառապող անձանց ներկայութեան մասին, այլ նաեւ նրանց նկատմամբ թէ՛ մարգարէներին՝ Հին Կտակարանում, եւ թէ՛ Աստծու Որդւոյն ու ապա Առաքեալներին՝ Նոր Կտակարանում, ցուցաբերած հոգածու մօտեցման մասին։ Արդարեւ, հպանցիկ մի ակնարկ Աստւածաշնչի էջերում նետւած, յստակօրէն պարզ է այս ուղղութեամբ քրիստոնէական կրօնի ուսուցումը։ Հետեւաբար, հարկ չենք համարում մանրամասն անդրադառնալու այս մասին։ Սակայն, ուզում ենք կարեւորութեամբ ընդգծել հետեւեալ կէտերը.-

ա- Աստւածաշունչը ֆիզիկական թերութիւնը աստւածային պատիժ չի համարում, այլ երկրաւոր կեանքին առնչւող մի երեւոյթ։ Նման կացութեան ենթարկւած անձանց Աստւած, որպէս Երկնաւոր Հայր, յատուկ գուրգուրանքով է մօտենում։ բ- Աստւածաշունչը շեշտում է, որ մարդը անկատար է, իր մէջ կրում է ադամական մեղքը. Աստծու Որդին մարդացաւ, որպէսզի մարդուն ազատագրի մեղքին ու չարին տիրապետութիւնից։ գ- Մարդու ունեցած թերութիւնները համարւում են առիթ ու մարտահրաւէր՝ մարդու հաւատքն ու յոյսը Աստծու նկատմամբ աւելի զօրացնելու։ դ- Քրիստոսի փրկագործական առաքելութեանը մաս էր կազմում նաեւ մարդու ունեցած ֆիզիկական թէ այլ թերութիւնների բժշկութիւնը։ Արդարեւ, բազմաթիւ են այն դրւագները, որտեղ հաւատքի մղումով Քրիստոսին մօտեցող անդամալոյծները, կոյրերը, հաշմանդամները, կաղերը, խուլերը եւ համրերը բժշկութիւն ստացան։

Նոյն մօտեցումն ունեցան Քրիստոսի առաքեալները։ Յատկանշական է Քրիստոսին հալածած ու իր տեսողութիւնը կորցրած Պօղոս Առաքեալի վկայութիւնը այս մասին։ Նոյն մօտեցումը ունեցաւ եկեղեցին դարերի ընթացքում։ Քրիստոնէական հաւատքը մեկնաբանելու եւ ուսուցանելու կոչւած աստւածաբանութիւնը եւ բարոյագիտութիւնը շեշտում են, որ ֆիզիկական, հոգեկան ու մտային տարածքները մարդու մէ՛կ ամբողջութիւնն են կազմում։ Այս շրջագծում հարկ է մեկնաբանել Պօղոս Առաքեալի կողմից նկարագրւած «փառաւորեալ մարմին»-ի (Ա.Կր. 15:35-58) գաղափարը։ Հետեւաբար, ֆիզիկական իմացական թէ հոգեկան թերութիւններ ունեցող անձանց օգնելը, քրիստոնէական հաւատքի էական ուսուցումներից մէկն է։ Այս գիտակցութեամբ դարեր շարունակ գրել ու պատգամել են եկեղեցու հայրերը։ Հայրաբանական գրականութիւնը լեցուն է բազմաթիւ նման տւեալներով։

Այսօր եւս, քրիստոնէական աշխարհը ընդհանրապէս ու եկեղեցին մասնաւորաբար, հետեւելով աստւածաշնչական ուսուցումներին եւ եկեղեցու հայրապետների վկայութիւններին ու յորդորներին, խնամքի կարօտ անձանց յատուկ ուշադրութիւն է դարձնում եւ զանազան ծրագրեր մշակում։ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին, ինչպէս նաեւ շրջանային Միջեկեղեցական խորհուրդների ու կազմակերպութիւնների աշխատանքներում ու նախաձեռնութիւններում կարեւոր տեղ է տրւել նրանց, ինչպէս նաեւ կանոնագրութիւններում յօդւածներ են ներառւել, որպէսզի նրանք գործնապէս մասնակից դառնան միջեկեղեցական շարժմանը։

ՅԱՏՈՒԿ ԽՆԱՄՔԻ ԿԱՐՕՏ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ԿԵԱՆՔՈՒՄ

Ինչպէս որեւէ ազգի կամ հասարակութեան պարագայում, բնականաբար հայ կեանքում եւս եղել են ու կան յատուկ խնամքի կարօտ անձինք։

Մեզ փոխանցւած տեղեկութիւնների համաձայն, Հայաստանում հաշմանդամ համարւող անձանց ընդհանուր թիւը հասնում է շուրջ 189,400-ի, բաժանւած տարբեր խմբաւորումների՝ ըստ իրենց ֆիզիկական, մտային կամ հոգեկան տկարութիւնների եւ տարիքի։ 2010-ին Հայաստանի պետութիւնը վաւերացրել է Միացեալ Ազգերի Կազմակերպութեան կողմից հաստատւած հաշմանդամների իրաւունքները պաշտպանող Հռչակագիրը։ Նրանց իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւում են Աշխատանքի եւ Հասարակական հարցերի նախարարութիւնը, Տեղական ինքնակառավարման մարմինները, Ազգային ժողովում՝ յատուկ յանձնախումբը, ինչպէս նաեւ Մարդու իրաւունքների պաշտպանութեան լծւած հասարակական մի շարք կազմակերպութիւններ։

Լիբանանահայ համայնքում Ցեղասպանութիւնից անմիջապէս յետոյ ունեցել ենք համրերի, կոյրերի, խուլերի եւ տարբեր տեսակի հաշմանդամութիւն ունեցող անձանց յատուկ կենտրոններ, որոնք հաստատւել են շւէյցարացի հայասէրների միութեան կողմից։ Յիշեալ կենտրոնները շուրջ երեք տասնամեակներ առաջ դադարել են գործելուց, որովհետեւ մէկ կողմից՝ նման անձանց թիւը նւազել է, միւս կողմից՝ մասնագիտական կենտրոններ պահելու հնարաւորութիւնները դարձել են շատ դժւար։ Այդուհանդերձ, 33 տարիներից ի վեր Բուրջ Համուդում գործում է «Զւարթնոց» կենտրոնը՝ հայ համայնքի հասարակական ծառայողների միութեան հովանաւորութեան ներքոյ։ Կենտրոնում ներկայիս զանազան դժւարութիւններ ունեցող շուրջ 35 փոքրիկներ ու պատանիներ հետեւում են մասնաւոր դասընթացների ու վարժութիւնների։

Նման մի կենտրոն գործում է նաեւ Թեհրանի մեր թեմում, հովանաւորութեամբ ազգային առաջնորդարանի:

Սփիւռքի այլ գաղութներում, Մեր ունեցած տեղեկութիւնների համաձայն, նման կենտրոններ չունենք։ Սակայն, ինչպէս ասացինք, հայ կեանքում ամէն տեղ, բոլոր տարիքի ու տեսակի յատուկ խնամքի կարօտ հայորդիներ ունենք։ Արդ, ուզում ենք հետեւեալ յիշեցումներն ու թելադրութիւնները կատարել.-

ա- Մեր պատգամի սկզբում յիշեցինք, որ մասնաւոր հոգածութեան ու խնամքի կարօտ անձանց չպէտք է մօտենալ խտրական ոգով կամ անտեսելով նրանց, այլ՝ որպէս համահաւասար իրաւունքներ եւ պարտաւորութիւններ ունեցող անձեր։ Նրանք պէտք է զգան, ինչպէս նաեւ մենք պէտք է գիտակցենք, որ այդ դժւար պայմանները պատճառ չեն կարող հանդիսանալ, որ իրենք անտեսւեն եւ հեռու մնան մեր հաւաքական կեանքից։
բ- Նման պարագաների համար առանձին կենտրոններ հաստատելը եւ հասարակութիւնից հեռու պահելը այսօր հիմնովին շրջւած է բոլոր հասարակութիւնների մօտ։ Նրանք ապրում են իրենց ընտանիքների հետ՝ անհրաժեշտութեան պարագայում բժշկական խնամք ստանալով։ Մենք եւս նոյն մօտեցումը պիտի ունենանք։
գ- Հետեւողական աշխատանք պիտի տանենք ու անհրաժեշտ միջոցներ ստեղծենք, որ նրանք մեր հաւաքական կեանքում մնայուն ու գործօն ներկայութիւն դառնան։ Հարկ է, որ մեր վերաբերմունքով վստահութիւն ներշնչենք նրանց, որ իրենք մեր կեանքի լուսանցքին չեն պատկանում, այլ՝ մայր էջին, եւ ամբողջական կերպով մասնակից են մեր համայնական կեանքին։
դ- Ինչպէս մատնանշեցինք, ներկայ հասարակութիւնը հաշմանդամութիւն ունեցող անձանց կեանքն ու աշխատանքը դիւրացնող զանազան գործնական միջոցների է դիմել։ Նոյն մօտեցումը պիտի ունենանք նաեւ մենք, մեր կեանքի տարբեր բնագաւառներում ու յատկապէս մեր հանրային ու հաւաքական կեանքին առնչւող կենտրոնների ու կառոյցների գծով՝ առաւելագոյն չափով դիւրացնելով նրանց առօրեան։
ե- Այսօր գիտութիւնը փաստօրէն լայն դիւրութիւններ է ընծայում նման դժւար վիճակներում գտնւող անձանց։ Հետեւաբար, մեր գերագոյն ճիգը պիտի ի գործ դնենք մասնագիտական խնամքի կամ բուժման հնարաւորութիւններ ստեղծելու այն պարագաների համար, որոնք կարիք ունեն մնայուն կամ ժամանակաւոր խնամքի։
զ- Մեր կազմակերպութիւններում, կառոյցներում ու յանձնախմբերում հարկ է որ ներառենք նրանց, յարգանք ու վստահութիւն ցուցաբերելով նրանց նկատմամբ եւ ի հարկին պատասխանատւութիւն յանձնելով։ Տարբեր երկրներում նրանք կոչւած են բարձրագոյն պաշտօնների։ Էականը հոգե-իմացական արժանիքն է ու կարողութիւնը եւ ազգին ծառայելու յանձնառութիւնը։
է- Ի ծնէ թերի եւ բուժւելու հնարաւորութիւն ունեցող, յատկապէս մանուկների ու պատանիների նկատմամբ, մասնագիտական ու նիւթական հնարաւորութիւններ հարկ է, որ ստեղծենք՝ նրանց ամբողջական բուժման համար։
ը- Այն անձինք, ովքեր գտնւում են այնպիսի վիճակներում, որ չեն կարող որեւէ աշխատանք կատարել եւ, հետեւաբար՝ եկամուտ ապահովել, մեր ազգը, իր եկեղեցիով, պետականութեամբ ու կազմակերպութիւններով պարտաւորութիւն պէտք է ունենայ նիւթապէս օգտակար դառնալու նրանց։
թ- Վերջապէս, մեր ազգի արժանապատւութեան դէմ է մնալ անտարբեր՝ ի տես մի երեխայի, ով դժւարութիւն ունի լսելու, խօսելու, սովորելու կամ քայլելու եւ կամ նմանօրինակ այլ դժւարութիւնների ենթակայ է։ Մեր ազգի արժանապատւութեան դէմ է փողոցներում լքւած ֆիզիկական թերութիւններ ունեցող անտէր ու անօգնական անձանց, Աւետարանի առակի նման, տեսնել ու անտարբեր գտնւել։ Պիտի ամէն գնով օգտակար լինել նման իրավիճակներում տառապող մեր ազգի բոլոր զաւակներին։ Սա նւիրական պարտաւորութիւնն է իւրաքանչիւր հայի ու ողջ հայութեան։

Արդ, ի՞նչ է դերը մեր եկեղեցու։ Ֆիզիկական, հասարակական, հոգեկան դժւարութիւնից տառապող անձանց նկատմամբ Քրիստոսի մօտեցումը պէտք է մեր եկեղեցու համար դառնայ իր ծառայութեան ուղեցոյցը։ 4-րդ դարի մեր հայրապետներից Ներսէս Մեծը մեր եկեղեցու կեանքում կը մնայ խորհրդանիշ՝ կարիքաւորների նկատմամբ իր ունեցած նախանձախնդրութեամբ ու հոգածութեամբ։ Այսօր եւս, մեր եկեղեցին, իր մշակների միջոցով եւ հասարակական ու մարդասիրական ծրագրերի մշակմամբ, կոչւած է մտնել մեր ընտանիքներ եւ համայնքներ եւ իր շրջապատին ու պայմաններին համապատասխան կերպով օգտակար հանդիսանայ խնամքի կարօտ հայորդիներին։

Ի՞նչ է դերը Հայաստանի պետութեան։ Նման հայորդիների իրաւունքները պաշտպանելը էական է, անկասկած։ Սակայն, հարկ է, որ պետութիւնը նախ մասնագիտական բոլոր միջոցներով օգտակար դառնայ նրանց եւ հասարակական թէ նիւթական անհրաժեշտ հնարաւորութիւններ ընծայի, միաժամանակ նրանց ներառելով պետական կառոյցներում՝ բնականաբար միշտ մեկնելով մասնագիտական ու փորձառական առաւելութիւնների հիման վրայ։

Ի՞նչ է դերը մեր կազմակերպութիւնների։ Մեր կեանքում գործող կառոյցները ինքնաբաւ չեն. նրանց հնարաւորութիւնները սահմանափակ են։ Սակայն, Մեր սպասումն է, որ իրենք իրենց առաւելագոյն ճիգը ի գործ դնեն օգտակար հանդիսանալու նման կացութեան մատնւած մեր զաւակներին։

Վերջապէս, ի՞նչ է դերը հայ կեանքում գործող մարդասիրական, հասարակական ու առողջապահական աշխատանքների լծւած, աւելի ճիշտ է ասել՝ ծառայութեան նւիրւած կառոյցների։ Նրանք յատուկ խնամքի կարօտ անձանց բարձրագոյն աստիճանի նւիրւածութեամբ են ծառայում։ Պատի՛ւ իրենց։ «Զւարթնոց» կենտրոնը կենդանի վկայութիւնն է այս ուղղութեամբ։ Վստահ ենք, որ վերանորոգ հաւատքով ու նւիրումով կը շարունակեն իրենց ծառայութիւնը։

Ներկայ տարին Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի հռչակելով, հայրապետական սիրով ու օրհնութեամբ կոչ ենք ուղղում.-
1- Մեր ժողովրդին, մեր աղօթքներում, մտածումներում ու աշխատանքներում, յիշելու ու մի՛շտ յիշելու նման դժւար կացութեան մէջ գործող մեր ազգի բոլոր զաւակներին՝ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփիւռս աշխարհի ու առաւել խորացնելու նրանց նկատմամբ մեր սէրն ու գուրգուրանքը, հոգածութիւնն ու նախանձախնդրութիւնը՝ գործնապէս ցոյց տալով, թէ նրանք մեր ազգի կեանքի անբաժան ու անբաժանելի մասն են կազմում։
2- Մեր հոգեւոր, պետական, ազգային, բարեսիրական կազմակերպութիւններին, թէ՝ հաւաքական պատասխանատւութիւն ունենք այս հայորդիների նկատմամբ եւ հետեւաբար, իւրաքանչիւր կառոյց կոչւած է առաւելագոյն չափով օգտակար հանդիսանալ՝ մասնագիտական, հասարակական կամ տնտեսական իմաստով։
3- Մեր թեմերի Առաջնորդ Սրբազաններին ու ազգ. իշխանութեանց, Մեր պատգամից եկող թելադրութիւնների լոյսի տակ իրենց հնարաւորինը կատարելու, որպէսզի գործնապէս օգտակար հանդիսանան յատուկ հոգածութեան կարօտ մեր զաւակներին։
4- Մեր ունեւոր ազգայիններին, որ իրենց ունեցած նիւթական հնարաւորութիւնից մէկ բաժին յատկացնեն դժւարութեան մատնւած մեր ազգի այս զաւակներին՝ յատուկ հիմնադրամներ հաստատելով կամ պետական, եկեղեցական ու ազգային կառոյցների միջոցով նիւթապէս օգտակար հանդիսանալով։
Սիրելի՛ ժողովուրդ հայոց,

Յիշենք Քրիստոսի պատմած առակը Բարի Սամարացիի մասին (Ղկ. 10:25-37)։ Անտարբեր չմնանք ֆիզիկական անկարողութեան դատապարտւած մեր ազգակիցների նկատմամբ, այլ դառնանք Բարի Սամարացի։ Վստահ եղէք, որ մեր ազգը աւելի՛ կը հզօրանայ, մեր եկեղեցին աւելի՛ կը պայծառանայ, մեր հայրենիքը աւելի՛ կը ծաղկի՝ երբ մեր ազգի կեանքում աւելանայ Բարի Սամարացիների թիւը։ Երանի՜ այն ազգայիններին, որոնց անունը մեր եկեղեցու ու ազգի պատմութեան մէջ արձանագրւում է որպէս Բարի Սամարացի։

Հայրապետական Մեր պատգամը ցանկանում ենք փակել Հայ Եկեղեցու պարզ, բայց խորիմաստ աղօթքով.-
Քո ժողովրդից փարատի՛ր ցաւերը եւ բժշկի՛ր հիւանդութիւնները, ո՜վ Տէր, մեր Աստւածը եւ կատարեալ առողջութիւն շնորհիր բոլորին՝ քո ամենայաղթ խաչի նշանով, որով մարդկանց տկարութիւնները քեզ վրայ առար եւ դատապարտեցիր կեանքի եւ փրկութեան թշնամուն:

Դու ես մեր կեանքն ու փրկութիւնը, բարերար եւ բազումողորմ Աստւած. միայն դու ես կարող մեր մեղքերը ներել եւ ցաւերն ու հիւանդութիւնները վանել մեզանից, որովհետեւ քեզ ծանօթ են մեր կարիքները: Ո՜վ բարիքների պարգեւիչ, իւրաքանչիւրի կարիքների համաձայն՝ քո առատ ողորմութիւնը պարգեւիր արարածներիդ, որոնք միշտ փառաւորում ու օրհնաբանում են քեզ, ամենասուրբ Երրորդութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
Հայրական ջերմ սիրով,

Աղօթարար՝
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

1 յունւարի, 2020
Անթիլիաս, Լիբանան
(Արեւելահայերէնի վերածւած)